ԱԺ հատուկ նիստում այսօր «Լուսավոր Հայաստանի պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քաղաքացիները տուգանվում են բաց տարածքում մի քանի վայրկյանով դիմակը մաքուր օդ շնչելու նպատակով իջեցնելու համար:
Տիգրան Ավինյանը նախ շեշտեց, որ տուգանելը ոստիկանության պարտականությունն է, իսկ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետեւելը՝ հիմնական գործառույթը. «Գոհ եմ ոստիկանության աշխատանքից: Վերջին մեկ օրվա տվյալով՝ մեկ օրում 3800 տուգանք է եղել: Լավ չի, սա նշանակում է, որ կանոնները պատշաճ չենք պահպանում: Նաեւ ոստիկանության աշխատանքի շնորհիվ է, որ հակահամաճարակային վիճակի վրա ազդեցություն կա»:
Ավինյանը հավելեց. «Որեւէ մեկը չի ուզում դիմակով անվերջ ապրել: Հասկանում եմ, հաճելի չի բացօթյա տարածքում, բայց այս կանոնի նպատակն այն է, որ սա դառնա վարքագիծ, որպեսզի վարակի տարածումը կանխվի: Դժվար է, բայց սովորենք»:
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ