Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքը նաեւ ռազմավարական նշանակություն ունի, սարը տաշելով գնալու են՝ վտանգի տակ դնեն Ջերմուկն ու ջրամբարը. Նազելի Վարդանյան

Օգոստոս 12,2020 17:29

Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ցույց անող բնապահպան-քաղաքացիների նկատմամբ, որոնք օգոստոսի 10-ին Ազգային ժողովի դիմացից բերման ենթարկվեցին, ոստիկանությունը տարբերակված մոտեցում ցուցաբերեց:

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը՝ հիշեցնելով «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցների բողոքի ցույցը, որը նրանք կազմակերպել էին կառավարության առաջ՝ պահանջելով լուծել խնդիրը եւ թույլ տալ աշխատել: Նազելի Վարդանյանի խոսքով, երբ «Լիդիանի» աշխատակիցներն էին ցույց անում, ելույթներ ունենում ոստիկանությունը որեւէ կերպ չխոչընդոտեց եւ չհիշեց, որ երկրում արտակարգ դրություն է, վիրուսի վտանգ կա. «Իսկ, երբ որ Ամուլսարի աջակիցներն իրարից բավականին հեռու եւ առանձին իրենց բողոքի խոսքն էին ասում կամ ցուցապաստառ էին բռնել, հավաքեցին՝ տարան ոստիկանություն, ինչն անթույլատրելի է»:

Անդրադառնալով «Լիդիան Արմենիայի» այն հայտարարությանը, որ թարմացնում է աշխատողների բազան, եւ ցանկացողները կարող են դիմել աշխատանքի համար, տիկին Վարդանյանն ասաց, որ դա  անթույլատրելի է, քանի որ նպատակը համայնքներում պառակտում մտցնելն է. «Մարդիկ պանդեմիայի պայմաններում տնտեսապես ծանր վիճակում են, ու ընկերությունը բնակիչներին ոչ թե խոստանում է, որ աշխատանք է տալու, այլ նշում է, թե թարմացնում է բազան՝ քաղաքացիներին հուսադրելով, թե նրանք աշխատանք են ունենալու. սա նպատակ ունի պառակտում մտցնելու»:

Aravot.am-ի հարցին՝ չնայած Ամուլսարի շուրջ տեղի ունեցող բուռն իրադարձություններին, կառավարությունը չի արձագանքում, տարօրինակորեն լռում է, ի պատասխան, Նազելի Վարդանյանն ասաց, որ կառավարության լռությունն իսկապես տարօրինակ է. «Ի սկզբանե այս հարցն օրենսդրորեն լուծելու բոլոր հնարավորությունները կային եւ ես հիմքերը բարձրաձայնել եմ»:

Նրա խոսքով՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ փորձաքննական եզրակացություն տալուց հետո, եթե մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը չի սկսում գործունեությունը, այն ուժը կորցնում է. «Քանի որ շրջակա միջավայրի նախկին նախարարը եւ կառավարության այլ պաշտոնյաներ շահագրգռվածություն ունեին, որ այս հարցը չլուծվի եւ խոչընդոտում էին, վերցնում են այդ օրենքը, գլխիվայր դնում ու ասում՝ շինարարությունն էլ գործունեության տեսակ է»:

Բայց, ըստ Նազելի Վարդանյանի, թույլտվությունը ոչ թե շինարարության, այլ՝ ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համար է տրված, ինչն այս ընթացքում տեղի չի ունեցել:

Տիկին Վարդանյանի կարծիքով՝ Ամուլսարի շահագործումը ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ ռազմավարական խնդիր է, քանի որ Նախիջեւանից ուղիղ գծով 20-25 կիլոմետր հեռավորությամբ է, եւ այդ լեռն է պահում ե՛ւ ջրամբարը ե՛ւ Ջերմուկ քաղաքը վտանգից. «Որովհետեւ սարը տաշելով գնալու են, նոր վտանգի աղբյուրներ ենք ստեղծում՝ թե՛ բնապահպանական, թե՛ ռազմավարական»:
Այդուհանդերձ, Նազելի Վարդանյանը կարծում է, որ «կառավարությունը խոհեմ կգտնվի եւ ճիշտ որոշումներ կկայացնի»:

Տիկին Վարդանյանը հավելեց, որ ջերմուկցիների բողոքը «Լիդիան» ընկերության դեմ չէ, այլ՝ այդտեղ կատարվող հանքարդյունահանման. «Մարդիկ պայքարում են հանուն իրենց առողջ միջավայրի, բնության ու ապրելավայրը պահպանելու համար»: Ըստ նրա, ջերմուկցիների պայքարը նաեւ քաղաքական չէ. «Այն անձինք, որոնք ուզում են այս պայքարից քաղաքական դիվիդենտներ ստանալ, սխալվում են եւ կարող են այլ բանով զբաղվել: Անբարոյական է մարդկանց ազնիվ մղումների պայքարն օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակներով: Դուք տեսաք վերջին օրերի պայքարի ժամանակ, ովքեր էին քաղաքական նպատակով եկել այնտեղ, նրանց այնտեղից ճանապարհ էին դնում դեպի Երեւան եւ չէին թողնում, որ քաղաքական հայտարարություններ արվեն, ինչը վկայում է, որ սա արդար պայքար է»:

Այսօր «Լիդիան Արմենիա» ընկերությունը «Խաղ ու պար` երկրի ապագայի, հազարավոր մարդկանց բարեկեցության, պետության հեղինակության հաշվին: Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը» մակագրությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ ընկերությունը ներկայացնում է արված ու կատարվելիք ներդրումները, բացված աշխատատեղերի ու առաջացած խնդիրների պատճառով չբացված աշխատատեղերի թիվը, եւ թե հանքի չշահագործման հետեւանքով պետբյուջեն որքան հարկեր է կորցնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31