«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին, «Ազատության» լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, որովհետեւ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին, իր անցած ուղու շնորհիվ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցին:
«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել, որ քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն։ Համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է, պետք է մնար օրենքի շրջանակներում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի եւ նախկին ոստիկանապետի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Վլադիմիր Գասպարյանը, ըստ ռադիոկայանի տեղեկատվության, խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությունը: Մասնավորապես, Սեւանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել եւ սատկացնել»։
Իր հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ իր ոստիկանապետ եղած շրջանում ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է եղել, իսկ 2018-ից հետո վերածվել է քաղաքականացված կառույցի: Ալեն Սիմոնյանը համամիտ չէ նախկին ոստիկանապետի հետ. «Այն բոլոր դեպքերը՝ սկսած տոնածառի պատմությունից, վերջացրած «Սասնա ծռերով», էլեկտրիկ Երեւանի շուրջ տեղի ունեցածի հետ կապված… Իրեն էլ եմ հաճախ դրա մասին ասել, որ ինքը հաճախ վերեւ նայելով Աստծո մասին խոսելիս պետք է նաեւ հասկանա, որ պատասխան է տալու եւ ոչ՝ իշխանությունների առջեւ»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ