ԱԺ հատուկ նիստում այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ով է պատասխանատու Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ վերջին օրերին տեղի ունեցած բախումների համար: Ավինյանը նախ նշեց. «Վստահ չեմ, որ քայլ առ քայլ կարողացել եմ հետեւել բոլոր զարգացումներին, որովհետեւ այդ օրերին, ցավոք, այլ աշխատանքով եմ զբաղված եղել: Կարող եմ հավելել միայն այն, որ կառավարության այսօրվա որոշմամբ՝ հանվել է հավաքների անցկացման սահմանափակումը, եւ եթե որոշ անձինք բողոք ունեն, կանոնները պահպանելով՝ կարող են կարծիք արտահայտել»:
Սամսոնյանն արձագանքեց. «Եթե ժամանակ չունեիք հետեւելու, լավ կլիներ, որ կառավարությունը տեղում ունենար մեկ ներկայացուցիչ: Նման իրավիճակում մարդկանց մենակ թողնելը ճիշտ չէ: Ամուլսարի պահապանները հարցեր են բարձրաձայնել գործադիրի առաջ, որ պահնորդական ծառայություն իրականացնողները պետք է հեռանան տարածքից: Պահանջում են նաեւ չեղարկել ՇՄԱԳ-ը: Ի՞նչ կարող եք ասել այն մարդկանց, որոնք հիշեցնում են ձեր խոստումները, բայց որոնց, սակայն, դուք չեք արձագանքում»:
Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Եթե որեւէ խոստում ենք տվել եւ չենք իրականացրել, շատ ավելի կոնկրետ ու հասցեական ասեք: Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված խոստում, որը տվել ենք եւ չենք իրականացրել: Ամուլսարի խնդիրը բազմաշերտ է, եւ մեր նախկին հայտարարություններն ուժի մեջ են: Պահնորդական ծառայության եւ ՇՄԱԳ-ի հետ կապված հարցերը երբ կքննարկվեն, կիրականացվեն ըստ կառավարության որոշումների: Եթե, օրինակ, ՇՄԱԳ-ը չի համապատասխանել, պետք է չեղարկվի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ