Այս տարվա սեպտեմբերի 5-ին նշվելու է Գյումրու տոնը, սակայն այս անգամ չեն լինի բացօթյա համերգներ, ցուցահանդեսներ, նշանավոր հյուրեր, հրավառություն։ Տոնը կնշվի առցանց՝ պայմանավորված համավարակով։ Այս մասին պարզ դարձավ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի այսօրվա տարածած հաղորդագրությունից։
«Գյումրու օր-2020»-ը՝ առցանց․․․» վերնագիրը կրող հաղորդագրությունում նշված է․ «Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը, պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով եւ մեր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, կանցկացվի առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով․․․
Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, բայց, համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով, մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը․․․
Քաղաքի մարդիկ, քաղաքի նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները՝ առցանց՝ հնարավոր բոլոր հարթակներում․․․»։
Կարդացեք նաև
Նշենք, սակայն, որ երկու ամիս առաջ ավագանու նիստի ժամանակ քննարկման էր դրվել Գյումրու տոնի համար 6-7 միլիոն դրամ ծախսելու հարցը։
Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ավագանու անդամներին պարզաբանել էր, որ գումարը կծախսվի այն ժամանակ, երբ կարանտինային վիճակ չլինի ու կարողանանք տոնը շուքով նշել։ Ըստ Ջիլավյանի, եթե հնարավորություն չլինի, այդ գումարը կմնա՝ որպես տնտեսում, բյուջեում։
«Հնարավոր է՝ էս վիրուսը երկրից վերանա, մի շքեղ քեֆ անենք»,-հույս էր հայտնել Լենա Ջիլավյանը, ինչը, սակայն, այդպես էլ իրականություն չի դառնա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ