Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան․ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը այդ հանցագործությունները չեն կատարել

Օգոստոս 12,2020 17:12

«Միանգամայն սխալ է և մակերեսային այն մոտեցումը, թե այս գործին պետք է վերաբերվել ընդամենը քրեադատավարական չափման մեջ»,- «Սասնա ծռերի» գործով մեղադրանքի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ «Սասնա ծռերը» այս պահին ակտիվ գործողություններ չի նախատեսում․ «Իր խոսքը ասելու է և կասի, անպայման, մեր ժողովուրդը։ Դրա համար, իհարկե՛, որոշակի ժամանակ է պետք։ Մեկ օրում նման գործընթացներ չեն հասունանում և չեն իրականացվում»։

Անդրադառնալով մեղադրանքի կողմի միջնորդությանը՝ Արմեն Բիլյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 21 տարի ազատազրկում և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ՝ ցմահ ազատազրկում՝ Վարուժան Ավետիսյանը ասաց, որ այդ հանցագործությունները նրանք չեն կատարել, այլ՝ «ռեժիմը»․ «Այսօրվա կիսաբարեփոխված ռեժիմը, փաստորեն, շարունակում է նախորդի գործը, կրկնում է, ուղղակի թավշյա փաթեթավորմամբ, որովհետև ուղղակի արդեն չի հասկացվի, առանց այն էլ գրեթե ամեն ինչ փլուզվել է, բոլոր ստերը քարուքանդ են եղել։ Ինչևէ, կյանքը պայքար է, պայքարը շարունակվում է։ Ազգային-ազատագրական պայքարը կանգ չի առնի՝ անկախ մեր նկատմամբ կիրառվող բռնությունների և հալածանքների դրսևորումից։ Ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է մինչև Հայաստանի Հանրապետության լիակատար ազատագրում մոսկվայակենտրոն, կիսագաղութային կախյալությունից, և Առաջին հանրապետության իրավահաջորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության վերակերտումը տեղի է ունենալու»։

Նա հայտարարեց, որ անհրաժեշտ չի համարում պատասխանել «դատավարական մանրուքների» վերաբերյալ հարցերին, քանի որ ըստ նրա, դա քաղաքական հետապնդում է։

Հարցին, եթե հեղափոխություն չլիներ, ապա նույն մեղադրանքը կհնչե՞ր, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց․ «Բնականաբար, ո՛չ․ որոշակի ավելի խիստ կլիներ։ Բայց նկատի ունենանք մի հանգամանք, որ պայթելու էր երկիրը, այնուամենայնիվ, լինելու էր լուրջ, իրական ապստամբություն և իրական հեղափոխություն, ոչ թե թավշյա խեղկատակություն։ Եվ այնուամենայնիվ, հանգուցալուծում էր լինելու, և «Սասնա ծռերը», ի վերջո, քրեական պատասխանատվության չէին ենթարկվելու։ Սա այլ հարց է։ Բայց նկատի ունենանք, որ հիմար չէր նաև նախկին ռեժիմը, նրանք շատ լավ հասկանում էին, և բնականաբար, այսպիսի մի բան պետք է անեին, որպեսզի հնարավորինս մեղմ լիներ և ժողովրդի զայրույթը ինչ-որ չափով կարողանային կանխել։ Ես բացառում եմ, որ նախորդ ռեժիմի օրոք մեզ ծանրագույն պատիժներ կտային։ Որոշակի վերլուծություններ ցույց են տալիս, որ հնարավոր էին նաև տարբերակներ, որ ընդհանրապես պատիժ չէր լինի, և միայն մահվան ելքով դեպքերի առումով կլինեին, ի վերջո, ի կատար ածվող մեղադրական վճիռներ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31