Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կնոջ գեղեցկությունն իր ներքին ազատությունն է»․ Սոնա Ազարյան (տեսանյութ)

Օգոստոս 12,2020 21:00

Aravot.am-ի «Ֆեմինի․ ամեն ինչ կանանց մասին և կանանց համար» նախագծի շրջանակներում հյուրընկալել ենք «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի նախագահ, երաժիշտ, Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հիմնադիր Սոնա Ազարյանին։

Ջութակահարուհի, երկու հրաշալի որդիների մայր ու պարզապես գեղեցիկ կին Սոնա Ազարյանը մեզ հետ հանդիպմանը ներկայանում է ինքնատիպ զարդերով, ամառային թարմ կերպարով ու անկաշկանդ, ջերմ ժպիտով, որը հուշում է՝ տիկին Ազարյանի հետ կարելի է զրուցել կնոջ համար ամենանուրբ թեմաներից մեկի՝ գեղեցկության մասին։

-Տիկին Ազարյան, խոսե՞նք գեղեցկության մասին․ թերևս ավելի անցողիկ, հարափոփոխ բան չկա, քան գեղեցկությունն է, մանավանդ կնոջ գեղեցկությունը, որն անընդհատ ենթարկվում է ժամանակի, նորաձևության թելադրանքին ու ստանդարտներին և այն, ինչը գեղեցիկ էր համարվում երեկ, այսօր կարող է ոչ այնքան ակնահաճո թվալ․ փորձենք սահմանել, ի՞նչ ասել է կնոջ գեղեցկություն․ որտե՞ղ է այն սկսվում և ավարտվում։

-Ես համարում եմ, որ դա նախ և առաջ հարմոնիա ասվածն է, համահունչ լինելը քո մտքերի հետ, ինչպես նաև քո պահվածքը, դե երևի տեսքն էլ, մանավանդ իմ տարիքում արդեն սկսում ես դրա մասին մտածել, երբ նայում ես հայելուն… Երևի նաև անկաշկանդ ու անկեղծ լինելը և իհարկե, ինձ թվում է, սիրված լինելն ու սիրելը՝ քո երեխաներին, քո կեսին․ դա միշտ է արտահայտվում կնոջ արտաքինում։

Լուսանկարը՝ Նատա Բրետտելի

-Կանայք, թվում է, թե պետի որ գեղեցկանային տղամարդկանց համար, բայց ավելի ու ավելի հաճախ են հնչում կարծիքներ, որ կանայք իրականում հագնվում ու գեղեցկանում են՝ մյուս կանանց մոտ տպավորություն ստեղծելու համար․ չէ՞ որ կանայք շատ ավելի ուշադիր են նորաձևության միտումներին ու նորություններին։ Ի վերջո, ո՞ւմ համար են գեղեցկանում կանայք, ըստ ձեզ։

– Ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում ու վերջերս եմ վերադարձել Հայաստան ու ինձ թվում է, որ Հայաստանում շատ ավելի շատ է կանանց համար կնոջ գեղեցիկ հագնվելը, որն ինձ մի փոքր «մազալու» է հաճախ թվում։ Ինչ վերաբերում է ինձ, ես միշտ կոմֆորտին եմ նայել ու երբևէ ինչ-որ բրենդային հատուկ բան չեմ ընտրել, բացի բեմից․ բեմը ինձ համար մի առանձին թեմա է։ Առօրյա կյանքում ես վերջերս սկսեցի հասկանալ, որ իմ սիրած պատառոտված ջինսերով դուրս գալը միշտ չէ, որ ճիշտ է, և հիմա փորձում եմ մի քիչ հետևել, թե ինչպիսի տեսք ու հագուկապ ունեմ և դա անում եմ տղամարդկանց՝ իմ երկու որդիների համար, նրանք շատ են գնահատում, երբ որ մաման զուգվում-զարդարվում է և իմ սիրած տղամարդու համար։

Լուսանկարը՝ Մարաշլյան ֆոտոստուդիայի

-Իսկ բեմո՞ւմ, նշեցիք, որ բեմն առանձին թեմա է, ձեր հանդիսատեսը կարող է հաստատել, որ բեմում հանդես եք գալիս շատ ինքնատիպ ու կանացի կերպարներով, դե ջութակն էլ ինքնին «պարտադրում է» այդպիսի կերպար։ Կարո՞ղ եք հիշել, թե ձեր որ կերպարն է եղել ամենատպավորիչը՝ հենց ձեզ համար։

– Մեծ հաճույքով։ Սկսեմ իմ առաջին հիշողությունից․ ես հիմա 39 տարեկան եմ ու 4,5 տարեկանից նվագում եմ ջութակ։ Երբ որ 5 տարեկան էի ու արդեն սովորում էի Սայաթ-Նովայի անվան դպրոցում՝ երկու տարի այդտեղ եմ սովորել, որովհետև Չայկովսկու անվան դպրոցը չէր ընդունում այդքան փոքրիկ բալիկների, իմ առաջին համերգն էր, եւ ես իմ ⅛ չափի ջութակով մոտ տասը րոպե պիտի մասնակցեի։ Քանի որ սովետական ժամանակներն էին, պետք էր ելույթ ունենալ դպրոցական համազգեստով, և իմ չափսի համազգեստ ուղղակի չկար, և միայն ինձ էին թույլ տվել ինչ-որ շորիկով ելույթ ունենալ։

Հիշում եմ, սպիտակ զգեստ էր՝ կարմիր գծիկներով։ Իսկ հիմա ես ունեմ սիրված հայ դիզայներներ՝ Ֆաինա Հարությունյանը, ի դեպ, միջազգային տուրերի ժամանակ իմ գրեթե բոլոր զգեստները Ֆաինա Հարությունյանի ստեղծածն են, ինչպես նաև նա ինձ նվիրել է իմ ամենասիրած զգեստը, որով էլ 2015 թ․-ին մենք Միրզոյան քառյակով մեր տուրնեն արեցինք։ Ես ուղղակի խենթանում եմ Տարազ ապրանքանիշի՝ տիկին Սվետլանա Հակոբյանի զգեստների համար։ Դրանք չքնաղ բաներ են․ ինքը համադրություն է ստեղծում բեմային՝ «սուարե» կոչվածի ու հայկական աուտենտիկ տարազների էլեմենտների, որոնք բոլորը ձեռագործ են։

Լուսանկարը՝ Մարգարիտա Ազարյանի, զգեստը՝ Տարազ

Զգեստը՝ Տարազ

Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակ

Լուսանկարում՝ Սոնա Ազարյան, Էլ Դի Մեոլա

-Տիկին Ազարյան, տարիքի ու գեղեցկության կապի մասին զրույցները շատ հետաքրքիր են նորաձևության և կոսմետոլոգիայի վերջին միտումների համատեքստում։ Հայտնի դերասանուհի ու գեղեցկուհի Մոնիկա Բելլուչչիի վերջին լուսանկարներից մեկը, որտեղ երևում էին դերասանուհու՝ տարիքի հետ կապված արտաքին փոփոխությունները, լայն քննարկումների տեղիք տվեց սոցցանցերում։ Օգտատերերից մեկի արձագանքն այսպիսին էր՝ օյ, կներեք, Մոնիկան վերցրեց ու ծերացավ՝ առանց ձեզ հարցնելու ու հաշվի առնելու, որ այսօր կոսմետոլոգիան ու պլաստիկ վիրաբուժությունը թույլ է տալիս հնարավորինս երկարաձգել երիտասարդության շրջանը, ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

-Ակնհայտ է, որ այդ լուսանկարը, որը մենք տեսանք սոցցանցերում, ուղղակի անհաջող կադր էր, որից Մոնիկան, հաստատ ավելի երջանիկ չեղավ։ Ես, օրինակ, ժամանակին, երբ այնքան երիտասարդ էի, որ չէի մտածում արտաքինիս մասին, ֆեյսբուքում այդպիսի հավաքածու ունեի՝ անհաջող լուսանկարների, որոշ էպատաժային կադրեր պարբերաբար հրապարակում էի, թեև հիմա հաստատ չեմ անի։ Եվ Մոնիկան, անկախ նրանից, թե կնճիռներ ունի, կամ ինչ-որ այլ բան, միևնույն է, իր գեղեցկությունն աստվածային է։ Բայց ես չեմ համարում, որ պլաստիկ վիրաբուժության հետ առնչվելն ամոթ է, ֆիլլերներին շատ լավ եմ վերաբերվում։

Ինչ վերաբերում է ինձ՝ ինչո՞ւ ոչ, բայց հույս ունեմ, որ դեռ ժամանակ ունեմ, եւ այո, գեղեցկությունն առաջին հերթին կոմֆորտն է, համահունչ լինելը, և եթե կինն ուզում է ուրախանալ իրեն տեսնելուց, ուրեմն պետք է ինչ-որ բան անի։ Ի դեպ, 25 տարեկանից ինձ Հայաստանում, ինչը ոչ մի անգամ չի եղել Ռուսաստանում, բժիշկ, պլաստիկ վիրաբույժ ընկերներս ինձ պարբերաբար համոզում են ինչ-որ բան փոխել արտաքինիս մեջ՝ «բոտեքս» անել, կամ քիթս վիրահատել, թեև կամաց-կամաց հասկանում են, որ իմ հետ դա գոնե հիմա չի անցնի։

Միակ բանն այն է, որ ես տխրում եմ, երբ որ մեկ-մեկ չեմ ճանաչում այն աղջիկներին, որոնց հետ ինձ հաճելի է շփվել ասենք խանութում կամ որևէ այլ տեղ։ Ես կարող եմ շփոթել նրանց, որովհետև լրիվ նույն ստանդարտի մեջ են, նույն շրթունքները, քիթը, և եթե մի քիչ ավելի իրենց բնական տեսքը պահպանեն, շատ լավ կլինի։

Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի

Լուսանկարը՝ Նատա Բրետտելի

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ կուզենայիք ապրել 1930-ական թվականների ժամանակաշրջանում, եթե ունենայիք այդպիսի հնարավորություն։ Ձեր ընտրությունը պայմանավորվա՞ծ է նաև այդ ժամանակի նորաձևության առանձնահատկություններո՞վ։

-Այո, ես հասկացա, որ ինձ շատ է դուր գալիս ռետրո ոճը, փեշի երկարությունը, կոշիկների ձևը։

Լուսանկարը՝ Մարգարիտա Ազարյանի

-Իսկ եթե լիներ այդպիսի հնարավորություն, ո՞ր գեղանկարչի բնորդուհին կուզեիք լինել։

-Ամեդեո Մոդիլիանիի, հաստատ Պիկասոյի չէ, հայերից՝ Մինասը, Կալենցը․․․

Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի, զգեստը՝ Ֆաինա Հարությունյանի

-Անդրադառնանք գեղեցկության փոքրիկ «գաղտնիքներին»․ ունեք արդյո՞ք խնամքի այնպիսի միջոցներ, որոնք անպայման պետք է լինեն դիմահարդարման ձեր պայուսակում՝ անգամ եթե աշխարհի վերջը գա։

– Կա մի միջոց, որն արդեն երկրորդ տարին է՝ իմ պանացեան է, այն երբ որ ավարտին է մոտենում, ես սկսում եմ նյարդայնանալ։ Հայկական բրենդերից մեկը դեմքի մի հատուկ յուղ ունի՝ մասուրի յուղը, որը օրվա բոլոր ժամերին ու հատկապես ամռանը՝ ուղղակի փրկում է, մանավանդ որ ես շատ եմ սիրում արևայրուք։

-Ապրանքանիշի ընտրությունը պայմանավորված է հայկակա՞ն լինելով։

-Այստեղ անգամ հայկական լինելը կապ չունի, ժամանակին ես տարբեր ֆիրմաների շիճուկներ եմ փորձել, բայց սիրահարվեցի այդ բրենդին, գաղափարին, և անցյալ տարի իմ աչքով տեսա, ես ու քույրս՝ Մարգարիտա Ազարյանը, մասնակցեցինք ծաղկաքաղի՝ վարդաքաղի գործընթացին, եղա նրանց լաբորատորիայում, լսեցի պատմությունը ու հասկացա, որ դա հզոր պատմություն է Հայաստանում։

-Տիկին Ազարյան, արտաքինի մասին հոգ տանելն աղջիկը ե՞րբ պետք է սկսի։

-Հիմա շատ փոխվել են ժամանակները, 21-րդ դար ու ամեն ինչ ահավոր արագ է փոխվում, և ինձ թվում է, որ հիմա կապիտալ ամեն ինչ տարբեր է այն ժամանակներից, երբ որ ես էի մեծանում։ Ես հիշում եմ, որ մոտավորապես 15-16 տարեկանից սկսեցի ինձ թույլ տալ շատ թեթև գույների մեջ շրթներկ, բնականաբար դա բեմից սկսվեց, թեև այդ հարցում ես երբևիցե խնդիր չեմ ունեցել իմ մայրիկի՝ Անուշ Տեր-Մինասյանի հետ։ 18 տարեկանում Գերմանիայում սկսեցի փորձարկումներ անել մազերիս հետ, նույնիսկ հիշում եմ, որ քիմիական գանգրացում արեցի ու շատ դժգոհ մնացի․ դրանից հետո աշխատում եմ նման փորձարկումներ չանել, մեկ-մեկ ուղղակի բուժման պրոցեդուրաներ եմ անում մազերիս հետ, ասենք կերատինով բուժում և այլն, զուտ առողջացնելու, մազերի որակը պահպանելու համար։ Մի բարբառային լավ բառ կա՝ իրականում այդպիսի հարցերում ես շատ «անկյալ» եմ։

Զգեստը՝ Ֆաինա Հարությունյանի

-Քանի որ շատ եք ճանապարհորդել, խնդրում եմ կիսվել ձեր տպավորությամբ՝ ո՞ր երկրում են կանայք շատ հմայիչ թվացել ձեզ․ ասենք փողոցով պարզապես քայլելիս նրանք աչքի են ընկել իրենց արտաքին բնատուր գեղեցկությամբ, խնամվածությամբ․․․

-Ֆրանսիայում՝ ֆրանսուհիները, իտալուհիները՝ նույնպես, թեև նրանք երբեք ինձ շատ գեղեցիկ չեն թվացել, բայց եղել են տպավորիչ, չգիտեմ՝ ինչքանո՞վ է դա պայմանավորված խնամքի հետ, բայց ինձ թվում է՝ դա ներքին ազատությունն է։

-Բույրերի մասին խոսենք, բույրը գեղեցկության անբաժան մի մասնիկն է, որը չես տեսնում, սակայն զգում ես․․․ ինչպե՞ս եք բույր ընտրում։

-Վերջին տարիներին իմ բույրն ընտրում է իմ սիրած տղամարդը, բայց հետաքրքիրն այն է, որ չեմ հիշում մի դեպք, որ սխալվեր։ Հիմա սիրահարվել եմ Acqua di Parma-ի պիոնի (քաջվարդ՝ խմբ․) բույրին։ Ի դեպ, բույրերի հետ կապված թույլ տվեք հիշել մի պատմություն․ երբ որ Մոսկվայում էի ապրում, նախկին ռուս ամուսինս նույնպես երկար տարիներ ինձ նույն պարֆյումն էր նվիրում, և մի անգամ ինձ նվիրել էին մի օծանելիք, որը նրան կտրականապես դուր չեկավ ու ինձ խնդրեց, որ էլ չկրեմ այդ բույրը, քանի որ այն գլխացավ է առաջացնում իր մոտ։

Ես լսել էի, որ այդ բույրը շատ էր հավանել ամուսնուս գործընկերուհին՝ մի աղջիկ այլ նվագախմբից,  և ես ամուսնուս չհավանած օծանելիքը նվիրեցի այդ աղջկան։ Մյուս օրն աշխատանքից ամուսինս վերադարձավ անչափ բարկացած ու ասաց՝ ավելի լավ է տանը մնար էդ օծանելիքը․․․ բանն այն է, որ այդ աղջիկը ողջ օրն իր կողքն է նստում, ու նախկին ամուսինս, բնականաբար, նրան չէր կարող արգելել այլևս չօգտվել այդ օծանելիքից։

Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի, զգեստը՝ Ֆաինա Հարությունյանի

-Ի՞նչ է պետք կնոջն ավելի գեղեցիկ ու երջանիկ լինելու համար։

-Ինձ թվում է՝ չմտածել՝ ով ինչ կմտածի կամ կասի՝ քեզ տեսնելիս․ «բանի տեղ չդնել»՝ լավ իմաստով, մանավանդ եթե ոչ ոքի չես խանգարում անել այն, ինչ դու ճիշտ ես համարում։ Պարզվում է՝ երջանիկ լինելը շատ մեծ աշխատանք է պահանջում, կարգուկանոն, դու պետք է քեզ այդ շրջանակներում պահես ու «ստիպես» լինել երջանիկ՝ առանց նայելու՝ շուրջդ ինչ է կատավում, մանավանդ պանդեմիայի այս օրերին․․․

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31