«Դուք կամ վարչապետը բանակցե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք բանակցել Վրաստանի ղեկավարության հետ՝ Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիների հարցով, որպեսզի նրանք Վրաստանի ցամաքային սահմանով անձնական մեքենաներով կարողանան ՀՀ վերադառնալ: Նրանք մնացել են Ռուսաստանում, չեն կարողացել օդային սահմանով գալ»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պարետը պատասխանեց, որ Վրաստանի հետ սահմանը վերաբացելու բանակցային գործընթաց այս պահին չկա, որովհետեւ համաճարակային իրավիճակը դեռեւս թույլ չի տալիս. «Նույնը եւ Իրանի պարագայում է: Երբ համաճարակային իրավիճակը բարելավվի, կարծում եմ՝ կքննարկվեն այդ հարցերը»:
Ինչ վերաբերում է անհատական ավտոմեքենաներով վերադառնալուն, Ավինյանը նշեց, որ նախկինում հայաստանյան հյուպատոսությունները կազմակերպել են ավտոբուսներով վերադարձ: Պատգամավորն առաջարկեց, որ մեքենա ունեցող հայերին ոստիկանությունը շարասյունով ուղեկցի, որպեսզի շփումները բացառվեն: Ավինյանը պատասխանեց, որ քննարկելի առաջարկ է, եթե կան կոնկրետ քանակի մարդիկ:
Էդմոն Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց՝ բանակցե՞լ են Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի այդ երկրում աշխատատեղ ունեցող հայերը կարողանան վերադառնալ Ռուսաստան եւ աշխատել:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը հայտնեց. «Ռուսաստանը նման պատրաստակամություն հայտնել է՝ սահմանը երկկողմանի բացելու եւ հետագա կարգավորումների հետ կապված, եւ անհատական բանակցություններ են արդեն ընթանում, ԱԳՆ-ն աշխատում է»:
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ