Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան քսանամյա ավտորիտարիզմի ճգնաժամից հետո Բելառուսը հասել է մի հանգրվանի, որում որոշողը դարձել է ու դառնալու է երկրի քաղաքացին, ժողովուրդը. «Հանուն Հանրապետության»

Օգոստոս 12,2020 14:37

Այն, ինչ արդեն երրորդ օրը տեղի է ունենում Բելառուսում, քաջ հայտնի ու ծանոթ է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, մենք անցել ենք այդ ճանապարհով 2008-2018 թվականներին՝ կերտելով այն ազատ ու ժողովրդավարական երկիրը, որն ունենք այսօր։

Այսօր Բելառուսում կատարվողը քննարկվում ու վերլուծության է ենթարկվում ամենատարբեր տեսանկյուններից, տարբեր պետություններ ու միջազգային կազմակերպություններ իրարից տարբերվող գնահատականներ են հնչեցնում, ոմանք դատապարտում են Լուկաշենկոյին, մյուսները՝ աջակցում կամ շնորհավորում։ Բայց բոլոր այդ գործողությունները՝ ինչպես դատապարտումները, այնպես էլ շնորհավորանքները, լայն իմաստով երկրորդական են, և դրանք չէ, որ որոշելու են բելառուսական ճգնաժամի հանգուցալուծումը։

Բելառուսում ստեղծված իրավիճակի ելքը որոշելու է այդ երկրի ժողովուրդը, Բելառուսի քաղաքացիները, որոնց ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը այս օրերին քննություն են հանձնում բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Հետևաբար` ամեն ինչ կախված է ու առաջիկայում կախված է լինելու ժողովրդից, նրա կամքից ու վճռականությունից՝ տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին և որոշելու սեփական երկրի ճակատագիրը։

Ավելի քան քսանամյա ավտորիտարիզմի ճգնաժամից հետո Բելառուսը հասել է մի հանգրվանի, որում որոշողը դարձել է ու դառնալու է երկրի քաղաքացին, ժողովուրդը։ Եվ ուրեմն, հաջողություն ցանկանանք Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ իրենց պետության համար կարևորագույն, բեկումնային այս փուլում՝ մաղթելով հավաքական իմաստնություն ու վճռականություն։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում բելառուս ժողովրդին երկրի համար ճակատագրական այս օրերին և ցանկանում ենք, որ իրավիճակը հանգուցալուծվի հնարավորինս հանդարտ ու անցնցում։

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31