Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր, որի մասնակիցները կառավարությունից պահանջում էին միջոցներ ձեռնարկել, որ կարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Բանն այն է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, երկար տարիներ բնակվում եւ աշխատում են Ռուսաստանում, մարտին եկել են Հայաստան, ու կորոնավիրուսի համավարակի ու սահմանները փակելու պատճառով չեն կարողացել վերադառնալ: Ցույցի մասնակիցներն ասում էին, որ ՌԴ-ում ունեն աշխատանքային պայմանագիր, եւ հիմա հնարավորություն չունեն գնալ ու աշխատել, իսկ Հայաստանում աշխատելը, ըստ նրանց, ձեռնտու չէ, ՌԴ-ում մի քանի անգամ ավելին են վաստակում: Ցույցի որոշ մասնակիցներ էլ ասում էին, որ ՌԴ-ում թողել են իրենց երեխաներին, ամուսիններին, ու ընտանիքից «բաժանված են» ապրում:
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներն էլ ասում էին, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերից չեն օգտվել, իրենց ոչինչ չէր հասնում, այստեղ էլ աշխատանք չունեն, բայց ՌԴ-ում աշխատելով իրենց ընտանիքներն էին պահում:
«Երեխաս Ռուսաստանում է, վեց ամիս է՝ չեմ տեսել, հիմա հիվանդ է, չեմ կարում գնամ երեխայիս մոտ: Ամսի 30-ին մի ավտոբուս գնաց, Վրաստանը միջանցք էր բացել, մարդիկ բժշկի թղթով են գնում, որ ստեղ էդ բուժումը չկա: Հիմա ես, որ «օնկոլոգիա» չունեմ, բարդ բժշկական վիրահատության կարիք չունեմ, չգնա՞մ: Ինչ է, հիվանդանամ, մեռած վիճակո՞վ գնամ, որ երեխայիս հասնեմ: Մենք խնդրում ենք՝ մեր միջոցներով, թողեք գնանք մեր տուն»,-ասում էր ցույցի մասնակից մի կին:
Կառավարության նիստից հետո արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ցույցի մասնակիցների հետ. Նրանք նախարարին ներկայացրեցին խնդիրը, սակայն նախարարն ասաց՝ խնդիրը ՌԴ-ին է վերաբերում, եւ ցանկացած բացառություն էլ այդ երկիրն է որոշում, Հայաստանը չի կարող ՌԴ-ի լիազորությունների խնդիրը լուծել:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները պնդում էին՝ դիվանագիտական միջոցներով լուծել հարցը: Նախարարն ասաց՝ տվյալ երկիրն է որոշում ինչ անել, մենք չենք կարող ասել՝ բացեք, թողեք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ