Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Հնարավորություն ունենք աշնանը լինել համավարակը հաղթահարած վիճակում. անկախ նրանից՝ աշխարհում ինչ կկատարվի»

Օգոստոս 12,2020 12:40

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք՝ 1710 հետազոտությունից. կառավարության արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտարարեց՝ գրանցվող դեպքերի թիվը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ 50-100 դեպքով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրը արձանագրած դեպքերը:

Նախարարն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդանոցներում վիճակն ավելի թեթեւ է, ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը մոտ 300 է, այս դեպքերն ավելի ցածր միտումով են նվազում, քանի որ ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդները երկար են պառկում՝ 10,20, մինչեւ 50,60 օր:

«Հաղթահարման փուլը շարունակվում է, կանոնների սահմանումն արդյունքներ է տալիս, բայց չեմ կարծում, որ պետք է նպատակ դնենք զրո թվին մոտենալ: Հավանաբար 50-100-ի շրջանակում պահելը պետք է ընդունելի լինի,այն իմաստով, որ դժվար է լինելու հասնել զրոյի նման կանոնները պահելով»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ամենախիստ սահմանափակումների շրջանում երկրում սոցիալական եւ տնտեսական խնդիրները խորացան, 50 հազար աշխատեղ կրճատվեց: Վարչապետը նաեւ ասաց, որ նոր դեպքերը, երբ արձանագրում էին, պարզվում էր, որ դրանք կոնկրետ հասցեներում կուտակումների հետեւանքն էին, շենքերում, թաղամասերում, բակերում կանոնները չէին պահում:

Այն գումարները, որոնք ուղղվել են կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդանոցների հզորացմանը, ըստ վարչապետի, արդյունավետ են ծախսվել:

Վարչապետն ասաց՝ հիմա հնարավորություն կա խնդիրն արմատապես լուծել: Նա նաեւ վստահեցրեց՝ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թիվն էապես ավելացել է. «Սա նշանակում է, որ կորոնավիրուսով հիվանդացության թվերի նվազումը քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Եթե հիմա այս իրավիճակը ճիշտ չգնահատենք՝ հետ կգլորվենք հուլիսի իրավիճակին»:

Շատ երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են համավարակը, ստիպված են հիմա վերադառնալ խիստ սահմանափակումների, քանի որ, ինչպես պարոն Փաշինյանը նշեց, երկրորդ ալիք է սկսվել:

Մենք ունենալով 800 մահ՝ բուն կորոնավիրուսի պատճառով եւ 234՝ այլ պատճառով, բայց կորոնավիրուսով հիվանդ, վարչապետի խոսքերով ասած՝ հնարավորություն ունենք աշնանը լինել հաղթահարած վիճակում՝ անկախ նրանից աշխարհում ինչ կկատարվի. «Դա կլինի, եթե մեր ռազմավարությունը ճիշտ իրականացնենք, սովորենք ապրել կորոնավիրուսի հետ՝ դիմակի կրման բացառիկ կարգապահությամբ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կան դժգոհություններ, որ տուգանվում են դիմակ չկրելու համար. «Կրիր դիմակ եւ մի տուգանվիր: Հույս ունեմ, մահերը կզրոյանան եւ կասենք՝ կրի՛ր դիմակ եւ մի տուգանվիր ու սրանով հարցը փակենք՝ մինչեւ պատվաստանյութի հետ խնդիրը լուծենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31