Տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին: Համավարակն իսկապես համաշխարհային մասշտաբներ ունի: Տնտեսական ակտիվության հունիսյան ցուցանիշը նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 92.5 տոկոս: Բայց մեր արդյունաբերությունը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ 1.5 տոկոս աճ է արձանագրել: Հետաքրքիր է դիտարկել, թե ինչի հաշվին է դա տեղի ունեցել:
Արդյունաբերության ամենամեծ հատվածը մշակող արդյունաբերությունն է: Այն նախորդ տարի մեր արդյունաբերության կառուցվածքում 67.2 տոկոս էր կազմում: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ մոտ 605.1 մլրդ դրամ էր: Այս տարվա ցուցանիշը պակասել է՝ մոտ 587.3 մլրդ դրամ: Հետևաբար` նվազել է նաև մշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ընդհանուրից ծավալում՝ կազմելով 64.5 տոկոս: Կես տոկոսով կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ու բաշխման ոլորտը: Արտադրանքի ծավալը նախորդ տարվա առաջին կիսամյակի 126 մլրդ դրամի փոխարեն այս տարի 123.4 մլրդ դրամ է: Այս ոլորտի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 13.7 տոկոս էր: Իսկ այս տարի՝ 14.1: Ջրամատակարարման, թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտի արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12.8 մլրդ դրամի փոխարեն այս տարի մոտ 10 մլրդ դրամ է: Ուստի տեսակարար կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ 1.4 տոկոսից նվազել է՝ դառնալով 1.1 տոկոս: Ակնհայտ է դառնում, որ արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ձևավորվել է հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Այստեղ իսկապես աննախադեպ աճ է՝ 24.3 տոկոս նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Գծապատկերը նկատելի ի ցույց է դնում, թե մենք տարեց տարի ինչ ջանասիրությամբ ենք «զարգացնում» հանքարդյունաբերության ոլորտը: Նախորդ տարիների 7-9 տոկոսի փոխարեն այս տարվա ցուցանիշը 24.3 է: Արդյունքում կարելի է արձանագրել, որ արդյունաբերության կառուցվածքում 2019թ․ հանքահումքային արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործման ոլորտը 17.7 տոկոս տեսակարար կշիռ ուներ: Այս տարի այն դարձել է 20.3 տոկոս:
Հիմա կոնկրետ նշենք, թե ինչի հաշվին: Այս տարի պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով: Ցինկի խտանյութի արտադրության աճն ավելի «կատաղի» է՝ 28.2 տոկոս: Իսկ մոլիբդենի խտանյութի աճի թվի համար ածական կարելի է գտնել միայն ոսկեղենիկ գրաբարում: Համաձայնեք, որ 80 տոկոսանոց աճը բացի «զգլխիչ»-ից, այլ ածականով չես բնութագրի: Միայն պաշտոնական թվեր՝ 2015թ․ մեր երկրից մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը կազմել է մոտ 5.7 մլն դոլար: 2016-ին՝ մոտ 9.4 մլն դոլար, 2017-ին՝ մոտ 8.7 մլն դոլար, 2018-ին մոտ 7.7 մլն դոլար: Անցած տարի թռիչքաձև աճ է արձանագրվել՝ արտահանվել է մոտ 18 մլն դոլարի մոլիբդենի խտանյութ (բոլոր թվերը տարեկան ցուցանիշներ են և կլորացված են ոչ թե թվաբանական կանոնի համաձայն, այլ՝ մեծացվել են: Մեծացվել են, որ այս տարվա կիսամյակի տվյալի համեմատությունն ավելի «նուրբ» կամ «նրբագեղ» լինի): Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 44 մլն 953 հազար 520 դոլար արժեքի մոլիբդենի խտանյութի: Անցած տարվա արդյունահանած և արտադրված մոլիբդենի խտանյութին գումարել ենք այս տարվա առաջին կիսամյակի 80 տոկոսանոց աճը, որ նման արդյունք ունենանք: Ահա այսպիսին է մեր արդյունաբերության առաջին կիսամյակը:
Արա ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Տնտեսական մեկնաբան