Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումբերի ձայնին փոխարինելու է եկել համաճարակը. Հալեպի հայ համայնքը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել պսակաձև ժահրի պատճառով. Արաքս Փաշայան

Օգոստոս 12,2020 12:34

Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ, որ պսակաձև ժահրից մահացած Հալեպի մեր հայրենակիցները Հայաստանում կամ Հալեպից դուրս գտնվելու պարագայում կհաղթահարեին ծառացած խնդիրները։

Հալեպի հայ համայնքը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել պսակաձև ժահրի պատճառով։

Վերջին օրերին, մասնավորապես, Հալեպի հայ համայնքում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել․ պսակաձև ժահրի վարակից բազմաթիվ հայ մարդիկ են մահացել բժշկական օգնության բացակայության կամ առողջապահական ոչ պատշաճ ծառայությունների հետևանքով։ Կա դեղորայքի սուր պակաս, ամենապարզ դեղերն անգամ անհասանելի են։ Հալեպում շնչառական սուր խնդիրներով օրական երեք հարյուր մարդ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, դիմում է ստացիոնար բուժում ստանալու, սակայն Սիրիայում առողջապահական համակարգի փլուզման պատճառվ նրանց օգնություն գրեթե չի ցուցաբերվում։ Մասնավորապես, հայ համայնքի ներկայացուցիչների մահվան գույժերը վերջին օրերին ազդարարում են հալեպահայ մեդիա հարթակները։ Եթե դրան գումարենք Սիրիայում սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրները, պատերազմական իրավիճակն ու Արևմուտքի պատժամիջոցները, ապա պարզ կդառնա, թե ինչ բարդ ու անհաղթահարելի խնդիրների առաջ է կանգնած հայ համայնքն այս օրերին։ Հընթացս, Հալեպում գործող ՀՀ մարդասիրական առաքելությունների խմբի բժիշկներն իրենց ամենօրյա աջակցությունն են ցուցաբերում Հալեպի բուժհաստատություններին, իսկ Հալեպում գործող ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր ուշադրության մեջ պահել հայ համայնքի խնդիրները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրիահայ համայնքը գտնվում է նման ճգնաժամային իրավիճակում, խիստ անհրաժեշտ է Հայաստանի օգնությունը՝ Հալեպ հասցնելու անհրաժեշտ բժշկական սարքեր և առաջին օգնության պարագաներ։ Բեյրութին ցուցաբերվող աջակցության ֆոնին հալեպահայ համայնքի առաջ ծառացած սուր հիմնահարցերը, բնականաբար, չպետք է անտեսեն սիրիահայ համայնքի կենսական նշանակություն ունեցող խնդիրների կարևորությունը։ Արևմտահայերենով տպվող «Եռագույն» կայքը իր «Սիրիահայությունն էլ անհապաղ աջակցության կարիք ունի․մարդկային ձայներ պետք է հնչեն» նյութի մեջ մասնավորապես նշում է․ «Պատերազմական վիճակը պայմանականօրէն յաղթահարած սուրիահայութիւնը կը գտնուի անելանելի վիճակի մէջ։ Ռումբերու ձայնին եկած է փոխարինելու երկրի եւ հայկական համայնքի մէջ տարածուած համաճարակը, որ ամէն օր ռումբին համազօր մահուան գոյժ մը կը յայտարարէ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31