Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը նախնական ահազանգ է

Օգոստոս 12,2020 10:00

1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրողներից մեկը՝ Ստանիսլավ Լեմը իր առաջին `«Տիեզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվականին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակայանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին: Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա իմացածի տեսանկյունից: Նախորդ դարի ամենափայլուն մտավորականներից մեկն ավելի սկզբունքային հարցերում էր ճիշտ. մենք՝ 21-րդ հարյուրամյակի մարդիկ, կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջեւ, եւ ոչ մի լուրջ խնդիր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, չի կարող լուծել ազգային մակարդակով:

Խնդիրներից մեկն արդեն իսկ հայտնի էր 70 տարի առաջ. ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկությանը սպառնում է ատոմային աղետը: Ավելին՝ դեռեւս կան ռեժիմներ, որոնց ներկայացուցիչների ագրեսիվությունը «բարձրանում է» ինֆանտիլիզմի մակարդակի, եւ նրանք սպառնում են ատոմակայան պայթեցնել:

Բայց դրան ավելացել են նոր վտանգներ, եւ, վախենամ, կորոնավիրուսը դրանցից ամենալուրջը չէ: Համավարակը պարզապես նախնական ահազանգ է, որը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն. մենք` 8 միլիարդ հոգով շնչում ենք միեւնույն օդը եւ չենք կարող չշփվել իրար հետ ու ներփակվել մեկ քաղաքի կամ մեկ երկրի սահմաններում՝ դա աղետալի կլինի գլոբալ տնտեսության համար: Եվ, հետեւաբար, եթե, ենթադրենք, որ մեկ (պայմանականորեն ասած, «հարուստ») երկրում բոլորին պատվաստեն, իսկ «աղքատ» երկրում ոչ մեկին չպատվաստեն, ապա վաղ թե ուշ «հարուստների» մոտ վարակը կրկին կտարածվի: Պարզ է, չէ՞, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր՝ ժողովրդավար կամ ավտորիտար, իրար հանդեպ բարեկամություն կամ թշնամություն անող երկրների ջանքերը:

Բայց մյուս գլոբալ մարտահրավերների պարագայում էլ մոտեցումը պետք է նույնը լինի: Հայաստանում, ինչպես հայտնի է, կան որոշակի շրջանակներ, որոնք «շատ են սիրում» «Մայքրոսֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին՝ միացնում են համակարգիչը, բացում են Գեյթսի ստեղծած «պատուհանները» եւ սկսում են մեղադրել ամերիկացի գործարարին զանազան երեւակայական մեղքերի մեջ: Բայց այդ մարդն, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է վերլուծում իրավիճակը, եւ հիմա ասում է, որ մարդկությանը սպասում է գլոբալ տաքացման աղետը, որը շատ ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը: Այս վտանգին աշխարհի կառավարությունները, կարծում եմ, մատների արանքով են նայում՝ Դոնալդ Թրամփը նրանց թվում:

…Լեմի մեկ այլ՝ «Մագելանի ամպը» վեպի հերոսը ծնվել էր Գրենլանդիայում՝ կղզու այն մասում, որտեղ մերձարեւադարձային կլիման իր տեղն է զիջում չափավորին, եւ արմավենիներին փոխարինելու են գալիս սաղարթավոր ծառերը: Ոչինչ բացառված չէ…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սուրբ տեղը դատարկ չի մնում, ցանկացած մարդատյաց երեւույթի պատճառը միշտ էլ մարդասիրության պակասն է, մարդատյացության դեմ միակ զենքը՝ մարդասիրություն դաստիարակելն է որպես ազգային գաղափարախոսություն եւ մարդասիրության պաշտպանությունն է ազգի յուրաքանչյուր զինվոր քաղաքացու մասնագիտական ծառայությամբ: Այսօրվա մեր թշնամիների մարտահրավերները նախկին զենքով չես հաղթահարի, եթե թշնամին բաժանում է պետություններն ու ազգերը, բաժանում ընտանիքի անդամներին իրարից եւ ստրուկի իրավունք տարածում ողջ աշխարհում, բացի ստրկատերերի ու նրանց կամակատարների ներքնախավից, այս մարդատյացությանը պետք է դիմագրավել հայելային հակամիջոցներով՝ ազգային արժեքներով ամրացնել ընտանիքի հիմքը, զարգացնել ազգային քաղաքացիական հասարակական կառույցները, հզորացնել ազգային պետության ինքնիշխանությունը եւ անցնել նոր զենքի ստեղծմանը՝ ազգային պետություններից ու նրանց քաղաքացիական հասարակական կառույցներից ձեւաւորված վերպետական արքայության ինքնիշխանության ստեղծմանն ու պաշտպանությանը: Միայն ինքնիշխան վերպետական կառույցով է հնարավոր դիմագրավել ամեն տեսակ համավարակների ու նման այլ մարդատյաց երեւույթներին ու դրանք տարածող մանկլավիկներին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31