Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը, 2-րդ մասը, 3-րդ մասը, 4-րդ մասը, 5-րդ մասը եւ 6-րդ մասը
1990-ին կոմունիստական բլոկի և Խորհրդային Միության քայքայումով ոչ միայն ավարտվում է Սառը պատերազմը, գաղափարական պայքարը Արևմուտքի և Արևելքի միջև, այլ կարծես ավարտին է հասնում միաբևեռ աշխարհի ձևավորումը։ ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական հզորությունը հասնում է իր գագաթնակետին, վերազգային Եվրամիության ձևավորումը մոտենում է իր ավարտին, աշխարհի յուրաքանչյուր կետ հայտարարվում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի կենսական շահերի գոտի։ Աշխարհը թևակոխում է զարգացման գլոբալիզացիայի դարաշրջան, որի գաղափարախոսությունը դառնում է «ժողովրդավարության և մարդու իրավունքների» հաստատման համար անհաշտ պայքարը։ Այս «գաղափարախոսությունը» դառնում է Արևմուտքի և նրան առաջնորդող ԱՄՆ-ի համար գործիք իր կամքին, աշխարհաքաղաքական շահերին հակադրվող երկրներում իրեն հավատարիմ ռեժիմներ իշխանության բերելու համար, ընդ որում տարբեր երկրներում դա արվում է տարբեր ձևերով՝ սկսած մտացածին պատճառներով ռազմական ագրեսիա կազմակերպելուց (Իրաք, Հարավսլավիա), մինչև տարբեր երկրներում նոր աշխարհակարգն ու դրա գաղափարախոսությունն ընդունած քաղաքական խմբավորումներ իշխանության բերելով։ Այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են փորձում են պահպանել ազգային շահերով և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական համակարգեր, կիրառվում են տնտեսական ծանր պատժամիջոցներ։ Մինչդեռ այն երկրներում, որոնք արդեն իսկ ներառվում են Արևմուտքի քաղաքական ազդեցության ուղեծիրի մեջ, այս վերազգային «գաղափարախոսության» սկզբունքների կիրառումը ոչ միայն բացարձակապես պարտադիր չէր, այլ այդ ազդեցության հաղթահարման, ազգային ուժերի վերադարձի յուրաքանչյուր փորձ կարելի էր կանխել «ժողովրդավարության ու մարդու իրավունքների» ամենաբացահայտ խախտումներով։
1994-ին Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո, ազգային ուժերը՝ առաջին հերթին Դաշնակցությունը, ձեռք էին բերել աննախադեպ հեղինակություն։ Դրան հակառակ՝ պատերազմի ընթացքում Հայաստանում խորհրդային շրջանից կուտակված հարստության՝ «սեփականաշնորհման» անվան տակ իրականացված աննախադեպ թալանի, արտերկրից ներգրավված միջոցների՝ ազգական-բարեկամ-համախոհներին բաշխելու միջոցով տնտեսական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացման, սպանությունների ու բռնությունների պատճառով երկրում հաստատված անպատժելիության մթնոլորտի պատճառով ծայր աստիճան հեղինակազրկվել էր իրեն նոր, «համաշխարհային գաղափարախոսության» կրող հռչակած Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը։ Այս պայմաններում «ժողովրդավար» առաջին նախագահը, վստահ լինելով Արևմուտքի կողմից իր նկատմամբ գործնական քայլերի կիրառման վտանգի բացակայության մեջ, որոշում կայացրեց, 1920-ականների ապազգային գաղափարախոսության կրող հայ բոլշևիկների օրինակով, Դաշնակցության գործունեության կասեցման, քաղաքական հետապնդումների, դատավարությունների, մամուլի ու գրասենյակների ջախջախումով կործանիչ հարված հասցնել կուսակցությանը։
Ազգային բևեռի վերացումը, սակայն ուներ նաև հեռուն գնացող, արցախյան պատերազմում ձեռք բերված մեր հաղթանակի արդյունքների չեզոքացման, այս տարածաշրջանում Արևմուտքի շահերի ապահովման գնով սեփական իշխանության ամրապնդման, Հայաստանի՝ նոր աշխարհակարգին մաս կազմելով Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու նպատակներ։ Դրանց հասնելու համար Տեր-Պետրոսյանը գնաց հաջորդ քայլին, փորձելով պառակտում մտցնել ՀՅԴ շարքերում, գտնել Դաշնակցության մեջ շերտեր, որոնք ավելի հանդուրժողական տրամադրված կլինեին իր նկատմամբ։ Դրան հակառակ՝ ՀՅԴ նախաձեռնությամբ ընդդիմությունը 1996 թվի նախագահական ընտրությունների ընթացքում կարողացավ ոչ միայն կարողացավ համախմբվել, այլև նրա միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը անվիճելի հաղթանակ տարավ։ Միայն անթաքույց կեղծիքների, բռնությունների, զորքի և ոստիկանության միջամտության շնորհիվ «ժողովրդավարության կղզյակում» Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ պահել իշխանությունը։ Սակայն այս հարվածը կործանիչ եղավ երկրում ու նաև, իր թիմի ներսում, իր հեղինակության համար։
Կարդացեք նաև
Հասարակության մեջ իշխանության հեղինակությունը բարձրացնելու նպատակով՝ նա հաջորդ կառավարությունը ձևավորեց իրենց անունը ազգային-ազատագրական պայքարի հետ անքակտելիորեն կապած, Արցախյան պատերազմում և Հաղթանակում կարևոր դեր խաղացած գործիչների շուրջ, Վազգեն Սարգսյանի առաջարկով կառավարությունը գլխավորելու համար Հայաստան հրավիրելով Ռոբերտ Քոչարյանին, և ՆԳ նախարարի պաշտոնից հեռացնելով իր շրջապատի առավել վարկաբեկված դեմքերից Վանո Սիրադեղյանին։ Փաստորեն, այս քայլով Տեր-Պետրոսյանը փորձում էր մեղմացնել ազգային բևեռի ծանրագույն ճնշումը իշխանության վրա, հենց իշխանություն ներսում ձևավորելով, ինչպես իրեն էր թվում, իր ազդեցության տակ գտնվող ազգային մտածողության թիմ։
1996-ից միայն մեկ տարի անց առաջին նախագահը կարողացավ ուշքի գալ պարտությունից։ Նրան թվաց իրեն հաջողվել է հասնել քաղաքական դաշտում ազգային բևեռի չեզոքացմանը, որից հետո նա փորձեց ձեռնամուխ լինել արևմտյան սցենարով Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Սակայն 1997-ին իշխանության ներսում նրա սկսած քննարկումը ոչ միայն չտվեց նրա սպասած արդյունքը, այլև պատճառ դարձավ իշխանության մեջ իր իսկ կողմից համախմբված՝ ազգային գաղափարների հետևորդների կոշտ հակազդեցությանը։ 1997թվի նոյեմբերին նրա կողմից գրված ծրագրային «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» բացահայտ պարտվողական հոդվածն արագացրեց իշխանության ներսում արդեն ակնհայտ դարձած գաղափարական հակասությունների հանգուցալուծմանը։ 1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որով արձանագրվեց վերազգային գաղափարախոսության պարտությունը Հայաստանում։ Նրա ձևակերպմամբ՝ իշխանության էր գալիս «պատերազմի կուսակցությունը»
Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտում, ազգային բևեռում ՀՅԴ ջանքերով ընդդիմադիր դաշտի համախմբումը ոչ միայն խորտակիչ հարված եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի և «աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության» հաղթանակին ծառայող գաղափարական ուղղության համար, այլև նպաստեց հենց իշխանության ներսում ազգային շահերի գերակայության կարևորությամբ առաջնորդվող ուժերի համախմբմանը, որը հեռացրեց ազգային, առաջին հարթին արցախյան հարցում անդառնալի կորուստների վտանգը։
Ցավոք, ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը, ժամանակավոր։
(շարունակելի)
Բագրատ ԵՍԱՅԱՆ
ՀՅԴ անդամ