Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիբանանից հայրենադարձության իրականացման հարցն այսօր հրատապ է»

Օգոստոս 12,2020 12:30

Ըստ «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի՝ Թուրքիայի գործոնը հիմնական այն ապակայունացնող տարրն է, որը կարող է ստեղծված իրավիճակից օգտվել եւ դոմինոյի էֆեկտով որոշակի անկայունության տարրեր բերել, գործընթաց սկսել Մերձավոր Արեւելքում, ինչու չէ՝ նաեւ հարավկովկասյան ուղղությամբ:

«Կարծում եմ՝ որքան Լիբանանից հայրենադարձության իրականացման հարցն այսօր հրատապ է, այնքան հրատապ է հումանիտար աջակցությունը, որ հայկական կողմն ու այլ երկրներ իրականացնում են»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց արեւելագետ, արաբագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը:

Նրա կարծիքով՝ Մերձավոր Արեւելքի երկրներում հայկական համայնքներն, ուղղակի, թե անուղղակի, գտնվում են տարբեր մարտահրավերների, սպառնալիքների ներքո, որոնք կան այդ տարածաշրջանում տարբեր շահերի բախման, հակամարտությունների պատճառով: Նա բերեց Սիրիայի օրինակը եւ նկատեց, որ եթե շարժվենք հայկական համայնքների ուղղությամբ առկա մարտահրավերների եւ սպառնալիքների տեսանկյունից, Լիբանանում նույն իրավիճակն է այս պահի դրությամբ՝ տարբեր տրամաբանության մեջ:

Կարեն Վերանյանը փաստեց՝ Բեյրութում, իհարկե, աղետ է, բայց Լիբանանի սոցիալ-տնտեսական-ֆինանսական իրավիճակը հայտնվել էր բավականին լուրջ ճգնաժամի շեմին. «Դա, իհարկե, արտաքին տարբեր ուժերի միջեւ բախման հետեւանք է, որի թատերաբեմ է դարձել Լիբանանը: Վերջին շրջանում ԱՄՆ-Իսրայել զույգի դիմակայությունը, մյուս կողմից՝ Իրանի հետ հակամարտությունը, այսինքն՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը, Իրանի հետ հակամարտելով,  միջնորդավորված կերպով Լիբանանում փորձում են իրենց դիրքերն ամրապնդել մյուսների հաշվին: Այսինքն՝ ԱՄՆ-ն անընդհատ տնտեսական, ֆինանսական պատժամիջոցներ է կիրառում Լիբանանի նկատմամբ, որ Լիբանանի կառավարությունը տեղի տա ու «Հըզբոլլահի» եւ իրանական գործոնն ավելի թուլացնի, հնարավորինս դուրս մղի: Իրանական կողմն էլ ամեն ինչ անում է, որ իր ու «Հըզբոլլահի» դիրքերը Լիբանանում ամրապնդի: Այս  ամբողջ իրավիճակը, որ քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական գործընթացների տրամաբանության մեջ է, լուրջ խնդիրներ է առաջացրել մինչ Բեյրութի աղետը նաեւ հայկական համայնքի համար»: Փորձագետն ասաց, որ շատ զրույցներ է ունեցել հայկական համայնքից իր մտերիմների, գործընկերների հետ, որոնք մինչ աղետն արդեն պատրաստակամություն էին հայտնում եւ մի մասը հայրենադարձման հստակ քայլեր էր անում դեպի Հայաստան. «Իրավիճակը հիմա շատ ավելի վատ է, քան մինչ աղետը: Բեյրութահայությունը եւ հատկապես հայերի այն հատվածը, որ բնակվում էր նավահանգստի շրջակայքում՝ աղետի բուն էպիկենտրոնում, իհարկե, շատ ավելի ցավալի իրավիճակում է հայտնվել: 11 զոհ ունենք հայկական համայնքում, վիրավորներ, նրանց մեծ մասը, որոնք այդ էպիկենտրոնում են բնակվում, կորցրել են իրենց բնակարանը, սննդի խնդիր կա»:

Ըստ արաբագետի՝ հումանիտար օգնությունը սկզբունքային նշանակություն ունի մարդասիրական, բարոյական տեսանկյունից, բայց դա հարցի հատվածային լուծում է: Խորքային եւ համապարփակ լուծումն է այն, որ իհարկե, հայրենադարձության այլընտրանք չկա: Նա նշեց՝ ցանկալի է, որպեսզի Լիբանանից մեր հայրենակիցները գան եւ հաստատվեն ՀՀ-ում եւ չարտագաղթեն եվրոպական երկրներ կամ ԱՄՆ:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է ամերիկյան գործոնը լիբանանյան աղետից հետո, մանավանդ որ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իրենք Լիբանանում կատարվածի հետ կապված տեղեկություններ են հավաքում: Հարցին՝ այսինքն՝ սրանից կարելի՞ է հասկանալ՝ ԱՄՆ-ն ակնարկում է, որ այս պայթյունն ամենեւին պատահական չէր եւ իր կողմից հետաքննություն է իրականացնում, Կարեն Վերանյանը պատասխանեց. «Հետաքրքիր էր, որ Լիբանանի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ինչն էր պատճառը, եւ այնտեղ տեխնածին աղետի բացատրությունն էր հիմնականում ասվում: Զուգահեռաբար Թրամփը, եթե ոչ ավելի շուտ, հայտարարեց, որ դա հարձակում է, եւ ռումբ է տեղադրված եղել, ինչի հետեւանքով էլ պայթյուն է առաջացել: Կարծում եմ՝ շատ վարկածներ կարող են առաջ քաշվել եւ եթե թիվ մեկ գերտերության նախագահն է նման հայտարարություն անում, իհարկե, Պենտագոնից արդեն կարծեք թե փորձում են հակադրվել դրան, ամեն դեպքում, հնչեցված հայտարարությունն արդեն լուրջ հարցականների տեղիք է տալիս: Միեւնույն ժամանակ սա կարող է քաղաքական որոշակի շահարկումների առիթ դառնալ, եւ  տարբեր կողմեր, շահեր, արտաքին ուժեր փորձեն ստեղծված իրավիճակը հօգուտ իրենց շուռ տալ: Այս պահին մենք հասկանում ենք, որ ոչինչ չի փոխվել այն տրամաբանությունում, որ ԱՄՆ-ն փորձում է  սեղմել Իրանի շուրջ  օղակը տարբեր հարթություններում՝ տեղեկատվական, անվտանգային, պաշտպանական, քաղաքական  եւ դիվանագիտական: Հիմա չեմ բացառում, որ ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակը շրջի հենց Իրանի դեմ եւ փորձի այդտեղ տեսնել իրանական հետք՝ առաջին հերթին ի դեմս «Հըզբոլլահի»: Գիտենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը վերջին շրջանում տնտեսական, ֆինանսական պատժամիջոցներով փորձում են Լիբանանի կառավարությանը ճնշել, որ նա տեղի տա եւ դուրս մղի «Հըզբոլլահին» երկրի ռազմական, քաղաքական ազդեցության տիրույթից: Սա, իհարկե, կարող է շահարկվել ԱՄՆ կողմից: Չեմ բացառում, որ նույն կերպ հակադիր ուժերի կողմից այս ամենը շահարկվի»:

Կարեն Վերանյանը հիշեցրեց՝ կան փորձագիտական գնահատականներ, որոնք հակադրվում են Լիբանանի կառավարության պաշտոնական հիմնավորմանը պայթյունի պատճառների հետ կապված: Այս առիթով նա նշեց, որ բերվում են հետեւյալ հիմնավորումները. «Նման ծավալի պայթունը, որի ալիքի  ձայնը լսվել է Կիպրոսում, շառավիղը մոտ 250  կիլոմետր է, հասել է մինչեւ Կիպրոս, նման պայթյունները շատ նման են ջերմամիջուկային ռեակցիա առաջացնող միջոցների գործադրմանը: Հիմա որքանով են այդ փորձագիտական գնահատականները հավաստի, դժվար է ասել: Կարծում եմ՝ ժամանակն այս հարցում հստակություն կմտցնի: Եվ այս պղտոր ջրում ավելի պարզ սցենարներ, գնահատականներ կհնչեն, որոնք հնարավորինս մոտ կլինեն իրականությանը: Համենայնդեպս, կարող ենք ասել՝ անկախ նրանից՝ աղետը տեխնածին էր, թե հարվածի կամ ռումբի տեղադրման արդյունք, փաստը մնում է այն, որ պայթյունը հետեւանք էր այն ճգնաժամի, շահերի բախման, որում Լիբանանը հայտնվել է վերջին շրջանում»:

Իսկ հնարավո՞ր է այն ունենա դոմինոյի էֆեկտ, եւ Թուրքիան օգտվի դրանից: Արեւելագետն այս մասին ասաց. «Թուրքիան ուղղակի մասնակցություն չի կարող ունենալ այս դեպքերի հետ կապված, բայց թերեւս միակ տարածաշրջանային խաղացողն է, որը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից եւ փորձել էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանում անվտանգությունը: Իհարկե, ԱՄՆ-ն, Իրանը կփորձեն իրենց դիրքավորումը կատարել, հետեւություններ անել, բայց սա ավելի շատ ուժային հավասարակշռության տրամաբանության մեջ կլինի: Իսկ Թուրքիայի գործոնը հիմնական այն ապակայունացնող տարրն է, որը կարող է ստեղծված իրավիճակից օգտվել եւ դոմինոյի էֆեկտով որոշակի անկայունության տարրեր բերել, գործընթաց սկսել Մերձավոր Արեւելքում, ինչու չէ՝ նաեւ հարավկովկասյան ուղղությամբ»: Նա հիշեցրեց, որ թուրք-ադրբեջանական  զորավարժությունները դեռ չեն ավարտվել ու շեշտեց՝ շատ աչալուրջ ու սթափ պետք է լինել ու պատրաստ ցանկացած հնարավոր սադրանքի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31