Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջոն Բոլթոնը հիասթափվա՞ծ է Նիկոլ Փաշինյանից

Օգոստոս 11,2020 21:45

2018 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կատարած այցի ժամանակ, խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին, ասել էր. «Մենք պարզապես այն տպավորություն ունեինք, որ վարչապետը հիանալի դիրքերում է Հայաստանում առաջնորդություն դրսեւորելու համար»: Ամերիկացի պաշտոնյայի այդ հայտարարությունն այն ժամանակ Հայաստանում բավական շատ քննարկվեց այն համատեքստում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխության նպատակը Արցախի հարցի կարգավորումն է, ընդ որում, ոչ հայկական շահերին համահունչ, ինչի հաստատումն է ամերիկյան պաշտոնյայի տվյալ հայտարարությունը:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը արդեն պաշտոնաթող Ջոն Բոլթոնի հետ հարցազրույցում հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ուներ այն ժամանակ Ջոն Բոլթոնը՝ նման հայտարարություն անելով:

«Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ նոր նախագահը, երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում, դա մի ժամանակահատված է տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք ինչ-որ հնարավորություն ունե՞ն իրավիճակից դուրս գալու: Կարծում եմ, որ նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան: Կարող եք տեսնել, որ իմ այցից հետո, մեկ տարվա ընթացքում, դա այդպես չաշխատեց եւ հակամարտության մակարդակն իրականում աճել է՝ շատ առումներով»,- պատասխանում է պարոն Բոլթոնը: Ապա նա շարունակում է, որ իր կարծիքով դա կորուստ է երկու ժողովուրդների, Ադրբեջանի եւ Հայաստանի համար: «Ես հասկանում եմ այս հակամարտության պատմական բնույթը: Լիովին հասկանում եմ, թե ինչ ծանր է տանում այս հարցը Հայաստանի ժողովուրդը: Ես հասկանում եմ, թե ինչքան դժվար կլինի այդ հակամարտության լուծումը: Եթե դա հեշտ լիներ, այն մինչեւ հիմա արդեն լուծված կլիներ»,- ասում է Ջոն Բոլթոնը՝ շարունակելով, որ, վերոնշյալից ելնելով, ինքը նույնպես Կովկասը համարում է առանցքային, ոչ միայն այնտեղ ապրողների անվտանգության համար, որը չնայած ակնհայտորեն ճիշտ է համարում, բայց նաեւ ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի համար:

«Սա, իրականում, շատ վտանգավոր շրջակայք է՝ ձեր մի քանի հարեւանների պատճառով, սա իրականում մի հարց է, որին կցանկանայի, որ ԱՄՆ-ն ավելի շատ ուշադրություն դարձներ: Ես կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով եւ երկու խնդրահարույց երկրներով՝ հարավից: Այսպիսով, կարծում եմ, որ ԱՄՆ-ի դրսից ներկայությունն ավելացնում է անվտանգությունը՝ տարածաշրջանային առումով, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով: Կարծում եմ, որ մենք կարող ենք օգնել եւ ինչպես ասացի՝ կցանկանայի, որ մենք ավելին անելու հնարավորություն ունենայինք: Դա պահանջում է, որ տարածաշրջանի կառավարությունները նույնպես ցանկանան դա անել»,- ասում է նախկին պաշտոնյան:

Միաժամանակ, նա ընդգծում է, որ ԱՄՆ-ը երջանիկ է այն մարդկանցով, ովքեր ԱՄՆ են եկել բոլոր երեք երկրներից եւ նրանք նշանակալի ներդրումներ են ԱՄՆ-ի համար: Ասում է, որ իր երկար տարիների օգնականը հայ է: Այս իմաստով, տարածաշրջանին հնարավորինս օգնելու մի մասը ամերիկացի պաշտոնյան համարում է ԱՄՆ-ի պարտավորության մաս: «Շատ պահանջներ կան մեր ռեսուրսների, ժամանակի եւ ուշադրության համար: Բայց, իմ կարծիքով, մենք բավարար չափով չենք ծախսում Հարավային Կովկասի վրա: Սա այն պատճառներից մեկն է, որ Մոսկվա այց կատարելուց հետո ես որոշեցի այց կատարել տարածաշրջան, եւ եթե ավելի երկար մնայի, ես այդպես էլ չէի վերադառնա»,- եզրափակում է նա:

Քանի որ հետհեղափոխական շրջանում հիմնականում նախկին իշխանավորներն էին առաջ տանում Արցախի հարցի շուտափույթ կարգավորման թեզը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի ամերիկացի պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյայի բացատրությունների վերաբերյալ:

«Ակնհայտ է, որ իշխանազավթումից հետո, Հայաստանում, գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, ստեղծված իրավիճակում ունեին ե՛ւ հետաքրքրությունները, ե՛ւ մտավախություններ: Սերժ Սարգսյանն իրենից հետո թողել էր Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ ճարտարապետություն, որը «պղտորելը» դժվար էր, եւ Հայաստանի շահերի հաշվին նոր ձուկ բռնելու հնարավորություն գրեթե չկար: Այդ հարաբերությունները խարսխված էին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային առանցքի շուրջ՝ փոխլրացվածության սկզբունքով՝ այլ ուժային կենտրոնների հետ փոխհարաբերությունների հիման վրա՝ ԵՄ, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, Մերձավոր Արեւելք եւ այլն: Հայաստանում, 2018-ի ապրիլից հետո, որոշ աշխարհաքաղաքական ուժեր ակնհայտ հույսեր ունեին  հատկապես Արցախի հակամարտության կարգավորման առնչությամբ: Այդ «լավատեսությունն» ակնհայտ էր բոլոր մակարդակներում, բայց, այն, ինչը որ լավատեսություն էր դիտվում միջազգային հանրության աչքերով, իր համատեքստում մեկ խնդիր ունի՝ հարցի արագ կարգավորում: Ակնհայտ է, որ Հայաստանի բանակցային դիրքերն այնպիսին էին, որ հարցի արագ կարգավորման համար մենք մեզանից հասանելիք բոլոր տեսակի հայտարարություններն ու սկզբունքները ազդարարել էինք: Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը խաղաղության պարտադրանքի ձեւով բավարար չէր, եւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ Արցախի հարցի հակամարտության համատեքստում սեփական շահերը հետապնդելու պատուհանի հնարավորություն ստացան: Ավաղ, այդ հնարավորությունը տրվեց հենց Հայաստանի գործող կառավարության ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանքով»,- իր կարծիքը պնդեց Արմեն Աշոտյանը:

Նա կրկնում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացառիկ է, որովհետեւ հաջողել է փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց չի կարողացել ստեղծել հարաբերություններ Վաշինգտոնի, Բրյուսելի կամ որեւէ  այլ լուրջ ուժային կենտրոնի հետ:

Մեր զրուցակցի կարծիքով, ամերիկյան վերլուծական, քաղաքական շրջանակները Նիկոլ Փաշինյանից, նաեւ նրա շուրջ եղած որոշակի արեւմտամետի համբավ ունեցող, «ներդրված» պաշտոնյաների շնորհիվ, հույս ունեին այլ տեսակի զարգացումների, եւ այդ հույսերը սնվում էին նաեւ Նիկոլ Փաշինյանի, հատկապես ռուսական ուղղությամբ իրականացվող բազմաթիվ սխալ քայլերից, որոնց հիմքում ոչ միայն անփորձությունն էր, այլեւ դիտավորությունը: «Ի դեպ, այս առնչությամբ այն հիասթափությունը, որ հայտնում են միջազգային շրջանակները, նաեւ պարոն Բոլթոնը՝ արցախյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի հետ կապված, հիմնականում հիմքում ունի Նիկոլ Փաշինյանի կողմից երկու տարի սխալ վարվող բանակցային գործընթացի վերջում իրենց համար նախընտրելի տարբերակ ստանալը: Վարչապետը գործեց բոլոր հնարավոր եւ անհնար սխալներն այս ուղղությամբ եւ միայն վերջերս, տավուշյան մարտերից հետո, թույլ, աննշան եւ դեռեւս անարդյունավետ ջանքեր է գործադրում՝ բանակցային սեփական, այսպես կոչված, գետնը պատմության գիրկն ուղարկելու եւ բանակցությունները շարունակելու դեպքում օգտվելու Սերժ Սարգսյանի թողած բանակցային խրամատներից»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31