Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 4-ին, Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած խոշոր պայթյունը շատ ծանր վիճակի մեջ դրեց առանց այդ էլ դժվարին օրեր ապրող, տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանի Հանրապետության ժողովրդին, նրանց թվում՝ մեր հայրենակիցներին՝ տասնյակ հազարավոր հայերի։
Պաշտոնական Երևանը, բնականաբար, անմիջապես արձագանքել է արաբական երկրում տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին՝ իր զորակցությունը հայտնելով Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր ուժերի ներածի չափով աջակցություն է ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: Օգոստոսի 7-ին կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցած հերթական խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ Հայաստանից ինքնաթիռներով հումանիտար օգնություն կուղարկվի Լիբանան։
Թեմայի շուրջ «Առավոտ»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, նախկին բարձրաստիճան դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Արա Պապյանը։
– Պարոն Պապյան, մեզ, իհարկե, ավելի շատ հետաքրքրում է հայ համայնքի վիճակը Լիբանանում և Հայաստանի անելիքները այս ուղղությամբ, բայց առաջին հարցը՝ տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ Բեյրութի նավահանգստի պահեստներից մեկի պայթյունի մասին։ Ի՞նչ եք կարծում՝ ահաբեկչության հետքեր կա՞ն։ Վերլուծաբաններից շատերն ասում են, որ անկախ նրանից՝ դժբախտ պատահար էր, թե կազմակերպված ահաբեկչական հարձակում, ամեն դեպքում սա լուրջ հարված էր Լիբանան պետությանը։ Լիբանանյան այս զարգացումները և այնտեղ խորացող ճգնաժամը ինչո՞վ և ի՞նչ առումներով են հետաքրքիր ու կարևոր մեր տեսանկյունից։
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ, որ սա հանցավոր անտարբերության հետևանք էր և մի շարք դժբախտ հանգամանքների համընկնում։ Եվ որպես կանոն այդպես է, ցավոք սրտի, լինում, որը թվում է անհնարին, բայց այս դեպքում, ցավոք, մի քանի անհնարին բան դարձավ հնարավոր: Կարծում եմ, որ հետագա հետաքննությունը ավելի մանրամասն ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել, բայց արդեն պաշտոնապես մանրամասն նկարագրվել է՝ ի՞նչ է եղել, ինչպե՞ս է եղել:
Անկախ բուն պատճառից՝ իհարկե, սա շատ ծանր հարված է Լիբանանի համար՝ հաշվի առնելով այն, որ Լիբանանն արդեն երկու ծանրագույն ճգնաժամերի մեջ էր գտնում: Մեկը կորոնավիրուսի պանդեմիան է և դրա հետևանքները՝ ինչպես ամբողջ աշխարհում, իսկ մյուսը՝ սկսված տնտեսական մեծ ճգնաժամը, որն այս պայթյունից բառացիորեն օրեր առաջ արդեն բերել էր հիպերինֆլյացիայի, այսինքն՝ ժամ առ ժամ լիբանանյան արժույթի անկման:
Իհարկե, տարբեր երկրներ արդեն խոստումներ տվել են: Մասնավորապես, ամենաարագը արձագանքեց Ֆրանսիան՝ որպես ժամանակին Մեծ Սիրիայի, որի մաս էր կազմում Լիբանանը, մանդատակիր երկիր: Ուստի այդ օգնությունը, բնականաբար, Լիբանան կուղարկեն: Բայց ես հետևում էի որոշ հարցազրույցների հենց լիբանանցիների հետ. նրանց պահանջներից մեկն այն էր, որ օգնությունը չգա պետական խողովակով, որովհետև իրենք վախենում են, որ կոռումպացված վարչախումբը կրկին ամեն ինչ կյուրացնի, և օգնությունը իրենց չի հասնի…
– Մակրոնն էլ հավաստիացրեց ժողովրդին, որ կոռուպցիոներների ձեռքը չի ընկնի այդ օգնությունը:
– Հուսանք: Գիտեք, կոռուպցիոներները, որպես կանոն, շատ ավելի ճարպիկ են լինում, և շատ դժվար է շրջանցելը: Ասածս այն է, որ բազմաթիվ խորքային հիվանդություններ ունի Լիբանանը, և այս ամբողջը հետևանք է: Ըստ էության, ոչ թե պատճառ է, այլ հետևանք է վատ կառավարման: Սա է ցավալին:
Ճիշտն ասած՝ ժամանակին, երբ սկսվեց անկայունությունը Սիրիայում, ես նրանցից մեկն եմ եղել, որ ասել եմ՝ սա շատ երկար է տևելու, այդքան շուտ չի վերջանա, և հայերը պիտի գան, և նշել եմ նաև Լիբանանի մասին, որ հաջորդը Լիբանանն է: Իհարկե, ես չէի կարող պատկերացնել, որ նման պատահարով կլինի, բայց ակնհայտ է, որ չէին կարող թույլ տալ, որ Լիբանանը մնար որպես կայունության կենտրոն: Չէին կարող՝ նկատի ունեմ նաև հանգամանքները: Այնպես չէ, որ պարտադիր հատուկ չարամտություն պիտի լիներ: Պարզապես այն ժամանակ մի անգամ ներքաշվեց նույն գաղթականների պատճառով՝ եթե հիշում եք: Պաղեստինցի գաղթականներ, Սիրիայի օկուպացիա… Նույնը կարող է և հիմա լինել:
Հիմա՝ ինչ վերաբերում է հայերին: Նրանք, ովքեր ասում են, որ համայնքը պիտի մնա, մենք պիտի ամրացնենք, ուժեղացնենք, և այլն, ես վաղուց էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ դա, միգուցե, բարի ցանկություն է, բայց դա անհնար է: Եկեք հասկանանք, որ այլևս Միջին Արևելքում ընդհանրապես և Լիբանանում մասնավորապես հայությունը ապագա չունի: Կվերականգնենք որոշ բաներ, չենք վերականգնի՝ այդպիսի իրավիճակ է ստեղծված: Արդեն Լիբանանն անցել է անշրջելիության կետը: Գիտեք, կա մի կետ, որից ներքև եթե ընկնում է՝ այլևս շարունակական արտագաղթ է լինելու: Ուրեմն, հարուստները կարտագաղթեն Կանադա, Ավստրալիա, Միացյալ Նահանգներ, և այլն, և այլն, շատ փոքր մասը՝ Հայաստան: Այնտեղ, եթե այսպես նայենք, իմ կարծիքով՝ 10-12 հազար պոտենցիալ, հնարավոր ներգաղթող ընտանիքներ կան, որ կարող է՝ գան Հայաստան: Դրանք շատ ծանր վիճակում գտնվող ընտանիքներ են: 4 հազարը արդեն կային մինչև այս պայթյունը: Հիմա, բնականաբար, նրանց թիվը մոտավորապես եռապատկվել է:
Հայաստանը ամեն դեպքում պիտի կազմակերպի ներգաղթ, այսինքն՝ նախապես պիտի կազմակերպած լիներ, որ այսօր ծրագիրը գործի դներ: Բայց պիտի կազմակերպի ներգաղթ: Եվ պիտի փորձի Իրաքի և Սիրիայի գաղթականների այն դառը փորձից մի քիչ դաս քաղել: Օրինակ, ես ձայներ եմ լսում, որ ասում են՝ «այ, թող գնան՝ ազատագրված տարածքները բնակեցնեն», և այլն: Եկեք հասկանանք, որ չեն գնալու: Մի շարք պատճառներով չեն գնալու: Առաջինը այն պատճառն է, որ իրենք քաղաքաբնակ են: Երկրորդը՝ սոցիալական կազմով, եթե նայում ենք, մեծ մասը առևտրականներ և արհեստավորներ են: Մյուս կողմից՝ վստահություն չկա՝ կապված ազատագրված տարածքների հետագա ճակատագրի հետ: Եվ այլն:
Լավագույն տարբերակը այն է, որը քննարկվում էր ժամանակին, բայց չկարողացան կյանքի կոչել: Երևանից ոչ հեռու՝ դեպի հյուսիս, այսինքն՝ Կոտայքի մարզում որոշակի նոր քաղաքի հիմնում՝ հաշվի առնելով համախումբ ապրելու հանգամանքը, որը շատ կարևոր է իրենց համար: Մենք ունեցել ենք, չէ՞, նախկինում նման օրինակներ, երբ ժամանակին՝ խորհրդային շրջանում, հայրենադարձների համար առանձին թաղամասեր կամ քաղաքներ էին կառուցում…
– «Ախպարաշենը»՝ օրինակ:
– Միայն «Ախպարաշենը» չէ: Ասենք, հազար տեսակ՝ Նոր Մալաթիա, Նոր Կիլիկիա… Դրանք բոլորը «Նոր»-երով էին սկսվում: Նոր»-երը հիմա հանել են, բայց այդպես էր: Այսինքն՝ այդ տարբերակով, որ հայրենադարձվածները իրար հետ ապրեն, որոշակի հարկային արտոնություններ տան նրանց, հող հատկացնեն, և այն հայ հարուստները, որ պատրաստակամ են օգնելու լիբանանահայությանը, թող օգնեն նրանց հաստատվելու Հայաստանում: Օրինակ, կարդացի, երբ, մասնավորապես, Սամվել Կարապետյանն ասում էր՝ «10 հազար դոլար կտամ ամեն ընտանիքին օգնելու համար»: Թող այստեղ տա, հողեր տան… Օրինակ՝ Խորհրդային Միությունն ինչպե՞ս էր կազմակերպում: Խորհրդային տարիներին՝ 1946-48 թթ., երբ բանկ չկար, վարկավորում չկար անգամ, տեղացիները չէին էլ լսել դրա մասին, հայրենադարձներին տվեցին այդ ամենը: Այսինքն՝ Սովետը հող հատկացրեց անվճար, տվեց 25 տարով վարկ, որպեսզի մարդիկ տունը կառուցեն և 25 տարվա մեջ մարեն այդ ամբողջ գումարը: Կարծում եմ՝ այս տարբերակը ճիշտ է, քանի որ երբ մարդ տուն ունի և մարում է վարկը, ինքն արդեն մնում է այդ երկրում: Դա իր համար արդեն արմատ է: Տունն ամենակարևոր արմատն է:
Հակառակ դեպքում գնալու են, և ստացվելու է, որ այս ամբողջից դեռ մի բան էլ տուժելու ենք հերթական անգամ, ոչ թե օգտվելու, որովհետև, ի վերջո, այդ մարդկանց տեղափոխել, բերել, տանել՝ հսկայական, բազմամիլիոն ծախսեր են: Իսկ եթե ինչ-որ բաներ արվեն առանձին՝ այդ ձևով, օրինակ՝ արհեստագործական ինչ-որ բաներ ստեղծեն… Այդ մարդիկ շատ որակյալ արհեստավորներ են: Այդ ձևով կարող է աշխատել: Բայց կրկնում եմ՝ դա պիտի լինի Երևանին մոտ:
Ժամանակին, երբ Ալեքսանդր Թամանյանը նախագծում էր Երևանը, և Երևանը նախագծված է Հարավ-Հյուսիս ուղղությամբ, ինքն ասում էր՝ հայության առանցքը պիտի լինի Արարատ-Սևան կապող գիծը: Ըստ էության, այսօրվա Սևանի մայրուղին է: Եվ դա իսկապես ամենահարմարն է: Նախ ասեմ, որ դա ամենաանվտանգ տեղն է Հայաստանի Հանրապետության տարածքում, ամենախորքային, սահմաններից հեռու: Կլիմայական առումով բավականին լավ է: Եթե Երևանում շոգ է՝ այդ կողմերում ավելի զով է, օդն ավելի մաքուր է: Նաև մեծ առումով ես ընդհանրապես կուզեի, որ Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխվեր, ենթադրենք, Երևանից դեպի Սևան տանող ճանապարհի վրա կառուցված մի նոր քաղաք: Սա էլ կարող է առիթ լինել: Թող մեր հայրենակիցների հայրենադարձությամբ սկսվի նոր քաղաքի շենացում, մաս-մաս էլ այնտեղ տեղափոխվեն տարբեր կառույցներ, և այդկերպ շենանա քաղաքը:
– Շատ կարևոր հարցեր շոշափեցիք Ձեր խոսքում, բայց մինչև հայրենադարձության խնդիրն ու քաղաքականությունը ավելի լայն իմաստով քննարկելը՝ ավելի մասնավոր, ճշտող հարց. Դուք կարծում եք, որ լիբանանահայության կոմպակտ գոյությանը այնտեղ վտա՞նգ է սպառնում՝ այնպես, ինչպես սիրիահայերին կամ իրաքահայերին: Կամ գուցե դա ա՞յլ տեսակի վտանգ է և ա՞յլ աստիճանի, որ պետք է կազմակերպվի հայրենադարձություն:
– Մի շարք, այսպես ասենք, փորձություններ են, որոնց մեջ կան նաև վտանգներ: Սկսենք վտանգից, քանի որ դրա մասին հարցրեցիք: Տեսեք, այսօրվա Լիբանանը նախկին Լիբանանը չէ: Ես կարդացի տարբեր արաբների մեկնաբանություններ: Մինչ այդ էլ եղել էին նաև թուրքական հրահրումներ: Հիշո՞ւմ եք՝ մոտ մեկ ամիս առաջ Բեյրութում հակահայկական ցույց եղավ: Գրում է արաբը, որ «ցավակցում եմ բոլորին՝ բացի «յան»-ով վերջացող ազգանունով մարդկանցից»: Մենք միշտ, անընդհատ խոսում ենք արաբ եղբայրական ժողովրդի մասին, բայց, ցավոք սրտի, այդ ժողովրդի մեջ նաև մեծ թվով ծայրահեղականներ կան, այդ թվում՝ կրոնական ծայրահեղականներ: Պետք չէ մոռանալ: Եվ այդ իսլամական արմատականացումը վերաբերում է նաև Սիրիային ու Լիբանանին: Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ, այո՛, իսլամական ծայրահեղականության տարածումը շատ ընդգրկուն է դարձել, և Լիբանանը առաջվա երկիրը չէ նաև վերաբերմունքի առումով:
Բայց այստեղ շատ կարևոր հանգամանք է նաև տնտեսականը: Գիտեք, եթե մեկն էլ չլինի, մյուսն էլ չլինի՝ մարդիկ, միևնույն է, այդ երկիրը լքելու են: Այսօր վիճակը Լիբանանում շատ ավելի վատ է, քան Հայաստանում: Ես նայել եմ այնտեղի գները, ասենք՝ մի փոքր տուփ սուրճը՝ 18 դոլար, լվացքի հեղուկը՝ 40 դոլար… Այսպիսի գներ են այն դեպքում, երբ իրենց մեծ մասը փող չի ստանում: Այսինքն՝ այնտեղ շատ են նաև տնտեսական խնդիրները: Եթե երկրի վիճակը լիներ լավ՝ ինչպես ժամանակին՝ 1970-ականների սկզբին, ապա կասեինք՝ կարելի է մնալ: Հարցը հիմա այն է, թե կկազմակերպե՞ն հայրենադարձություն, թե՞ ոչ: Մի մոռացեք, որ շատերը շահագրգռված էլ չեն դա անելու. մարդիկ ուզում են, որ համայնքները մնան: Դրանք թեմեր են, դա փող է այդ թեմերից, դա կուսակցական ընտրությունների ժամանակ քվեներ են: Բայց եկեք հասկանանք, որ 300 հազարանոց համայնքից այսօր ընդամենը 60-70 հազար հայ է մնացել Լիբանանում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանից 10-15 հազարը առաջիկա մեկ-երկու տարվա մեջ գնալու է, եթե ոչ շատ ավելի: Եվ ինքն արդեն հասել է այն վիճակին, որ պարզապես մարդաքանակ չունի ապահովելու, այսպես ասած, լիարյուն համայնքային կյանք: Չի կարողանալու, որովհետև նաև փոխվում է համայնքի սոցիալական կազմը. մեծահարուստները, ովքեր բարեգործություն էին անում, դպրոցներ էին կառուցում, գնում են: Տեսեք՝ այսօր նույն Բեյրութում հայկական դպրոցները դատարկ են, կիսադատարկ են, միավորվում են իրար:
Ես ապրել եմ տարբեր երկրներում ու տեսել եմ հարյուրավոր լիբանանահայերի, որ գալիս էին տարբեր երկրներ Լիբանանից: Ի վերջո, այդ լիբանանահայերը, որ գալիս են, որտեղի՞ց են գալիս: Գալիս են Լիբանանից, այդպես չէ՞: Ես անձամբ եմ ճանաչել հարյուրավոր նոր մարդկանց, որոնք, իհարկե, միայն լիբանանցիներ չէին. կային նաև քեսաբցիներ, սիրիացիներ և այլն: Նրանց մի մասը գնալու է արաբական այլ երկրներ՝ Պարսից ծոցի երկրների կողմերը բիզնես անելու, բայց մեծ մասը՝ Կանադա, Ավստրալիա: Այդ երկու երկրներն է, որ գնալու են, բայց գոնե Հայաստանն էլ իր բաժինն ունենա:
Ասեմ, շատերը գալու են Հայաստան՝ պարզապես Հայաստանը որպես կիսակայարան օգտագործելու, որպեսզի Հայաստանից մեկնեն այլ երկրներ: Իհարկե, ես չէի ուզենա, որ նրանք այդպես անեն, բայց եթե մարդն այդպես է մտածել, այնուհանդերձ, մեր հայրենակիցն է, և մենք իրեն չպիտի թողնենք «փողոցում»:
Այս համատեքստում մի հարց էլ եմ ուզում շեշտել: Մենք մոռացել ենք մի շատ կարևոր հանգամանք: Մենք խոսում ենք լիբանանահայերի մասին, բայց հարյուր հազարավոր հայեր՝ ռուսաստանահայեր, հայաստանցիներ, որ ուզում են Հայաստան գալ, այսօր կուտակվել են Կրասնոդարում, բայց չեն կարողանում գալ: Սա էլ մի ուրիշ խնդիր է: Նաև ուզում եմ՝ այս հարցն էլ բարձրացնենք, որ մեր իշխանությունները գոնե Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվեն, որպեսզի միջանցք բացեն՝ նրանք, ովքեր եկել, սեփական մեքենաներով կուտակվել են, Հայաստան գան: Թե չէ՝ ստացվում է, որ մենք այն հին մոտեցումն ունենք Սփյուռքի հանդեպ՝ դասական Սփյուռքին վերաբերմունք ցույց տալիս ենք, իսկ հետխորհրդային տարածքի Սփյուռքը արհամարհված է մնում:
– Հիմա փորձենք ընդհանրացնել այդ երկու խնդիրները, որ նշեցիք։ Խոսում ենք լիբանանահայերի, սիրիահայերի, ռուսաստանահայերի մասին։ Քաղաքագիտության մեջ մի այսպիսի աքսիոմատիկ ճշմարտություն կա, որ ցանկացած ճգնաժամը իր հետ բերում է ոչ միայն խնդիրներ ու սպառնալիքներ, այլև որոշակի հնարավորություններ։ Մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամի օրերին այդ խոսքը շատ արդիական դարձավ։ Մոտ մեկ ամիս առաջ տեսանք ռուսաստանահայերի հետ կապված խնդիրները, նրանց սպառնացող վտանգը, այսօր՝ Լիբանանի հայությունը, երեկ՝ սիրիահայերն էին, վաղն էլ վտանգի մեջ կարող են հայտնվել հայկական այլ գաղթօջախներ աշխարհի տարբեր երկրներում։ Սա հնարավորություն չէ՞ արդյոք վերջապես փոխելու մեր պետության՝ Հայաստանի վերաբերմունքը Սփյուռքի հարցին և կազմակերպելու մեծ հայրենադարձություն։ Հարցն առաջին հերթին վերաբերում է այսօրվա կառավարությանը։ Եվ հավատո՞ւմ եք արդյոք, որ այսօրվա իշխանությունները կամ գուցե հաջորդները կգիտակցեն դա և կսկսեն այդ գործընթացը։
– Իմ կարծիքով՝ գոնե բառային մակարդակով գիտակցում են։ Ես ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի՝ հետհեղափոխական առաջին ամիսներին արտասանած խոսքերը, որ «պատմության անիվը պետք է հետ շրջել․․․», և «մեծ ներգաղթ է լինելու․․․», բայց, ցավոք սրտի, մենք դա չտեսանք։ Ինչո՞ւ չտեսանք․ որովհետև գործնական քայլեր չարվեցին, անգամ օրենսդրական փոփոխություններ չեղան։ Մենք դեպքեր գիտենք, որ մարդիկ Հայաստան էին գալիս և իրենց մաշված շորերի համար հայտնվում էին հարկային դաշտում, մաքսային վճարումներ և այլն։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր կան։
Բնականաբար, Հայաստանի համար այս հարցը չափազանց կարևոր է։ Ի վերջո, պետության ցուցանիշներից մեկը տարածքն է, մյուսը՝ բնակչությունը։ Բնակչությունը կարևորագույն սկզբունք է՝ հատկապես փոքր երկրների համար, և ինչքան շատ մարդ գա Հայաստան, այն էլ հայ գա, մեր օգուտն է։ Նա ոչ միայն պոտենցիալ հարկատու է և զինվոր, այլ ինքնին այդ թիվը կարևոր է։ Ես չեմ սիրում այն խոսքերը, որ ասում են՝ «աշխարհում 10 միլիոն հայ կա․․․», և այլն։ Այո՛, կա։ Հետո ի՞նչ։ 10-ի փոխարեն ասենք՝ աշխարհում 50 միլիոն հայ կա։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Եթե մարդն ապրում է Հայաստանում՝ ինքն ուզի, թե չուզի՝ հայ է։ Նա հարկ է վճարում, ինչ-որ պարտականություններ ունի, սպառող է։ Նա ակամայից նպաստում է երկրի զարգացմանը։ Դրսում ապրող հայությունը արդեն ընտրության խնդիր է, ես կասեի՝ նույնիսկ պարտավորության։ Եթե նա իր մեջ պարտավորություն է զգում ինչ-որ կերպ օգնելու Հայաստանին՝ ինքը լինում է։ Եթե իր մտքին նման պարտավորություն չկա` չի լինում։
Ես տեսել եմ երկիր, որտեղ 100 հազար հայ է ապրում, բայց այդ 100 հազարից 95 հազարը, կարծես, ոչ մի կապ չուներ Հայաստանի և հայության հետ։ Այսինքն՝ հայ է նա, թե ուզբեկ կամ չինացի՝ ոչ մի տարբերություն։ Այդ 5 հազարն է, որ ինչ-որ ձևով մասնակցում է լոբբինգին, ինչ-որ ձևով նվիրատվություններ է անում, ինչ-որ ձևով աջակցում է, և այլն։ Հետևաբար, այդ 95 հազարը մեր համար կորած են։ Դա պարզապես թիվ է, որը մենք գիտենք։ Իսկ եթե մենք կարողանանք կազմակերպել ներգաղթ՝ կտեսնենք լրիվ այլ պատկեր։
Նորից եմ կրկնում՝ ապրելով Հայաստանում՝ նրանցից յուրաքանչյուրը նպաստելու է Հայաստանի զարգացմանն ու հզորությանը։ Բայց եթե խորհրդային շրջանում շատ գործոններ նպաստեցին, որ մեծ թվով հայեր գան Հայաստան, ապա հիմա իրավիճակը փոխվել է, և այդ գործոններից շատերը աշխատում են մեր դեմ։ Օրինակ, այն ժամանակ միջինարևելյան հայությունը հնարավորություն չուներ գնալու Կանադա կամ Ամերիկա։ Այդ երկրները փակ էին, հատուկենտ մարդիկ են եղել, որ գնացել են այդ ուղղությամբ։ Երբ նայում եք թվերը, հատկապես՝ մինչև 1960-ականները, տեսնում եք, որ հատուկենտ հայեր են գնացել։ Մինչև 1920-ականները կար, հետո փակվեցին։ Հետևաբար, այդ մարդիկ ընտրություն չունեին։ Իսկ հիմա իրավիճակ է փոխվել։ Հիմա ամեն մի լիբանանահայ, սիրիահայ, իրանահայ (մյուս գաղութներից մարդ էլ չի մնացել) առնվազն մեկ ծանոթ-բարեկամ ունի Ամերիկայում և Կանադայում, որ կարող է իրեն օգնել սկզբնական շրջանում։ Մյուս կողմից՝ այդ երկրները շատ ավելի բաց են, հատկապես հայության համար են բաց։
Ասածս այն է, որ փոխվել է Սփյուռքը իր կառուցվածքով, իր աշխարհագրական տեղաբաշխմամբ և այլ առումներով։ Եվ սա մեր վերջին շանսն է, ում բերեցինք՝ բերեցինք, որպես հայ կփրկենք նրան։ Իհարկե, ով կգնա Կանադա ու ԱՄՆ՝ ավելի լավ կապրի։ Ես միամտություն չունեմ, ես պարզ եմ ասում։
– Նկատի ունեք՝ կուծացվեն և կկորցնե՞ն իրենց ինքնությունը։
– Այո՛, դա միանշանակ է։ Թող հեքիաթներ չպատմեն։ Ես մի երկուսի հետ Ֆեյսբուքում բանավեճի մեջ էի։ Ասում էին՝ «չէ, մենք հայ կմնանք․․․», և այլն, և այլն։ Դա հեքիաթ է, հեքիաթներին մի՛ հավատացեք։ Չկա ոչ մի տեղ, որ երկու սերունդից ավելի հայ մնան, այն էլ՝ արևմտյան երկրներում։ Այդ հայ մնացածն էլ ապրիլի 24-ին դրոշակ ծածանելով է և արաբական ուտելիք ուտելով։ Դա է իր հայությունը։
Ամփոփելով ասեմ հետևյալը՝ Լիբանանում մնացել է 60-70 հազար հայ։ Սրա զգալի մասը (ես իրատես եմ) գնալու է Արևմուտք։ Գոնե մի մասը փորձ անենք բերել Հայաստան, առանձին ավան ստեղծելով, միգուցե Հայաստանի և Սփյուռքի բարերարների օգնությամբ ստեղծենք իրենց համար և՛ բնակավայրեր, և՛ աշխատելու հնարավորություն տանք, որպեսզի իրենք մնան, սերունդը մնա։ Հակառակ դեպքում կմնան Լիբանանում, բայց դա կրկին լինելու է ժամանակավոր, մինչև որ ելք գտնեն այդ երկրից դուրս գալու համար։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ