Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի գործով դատական նիստը։
Դավիթ Ափոյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քննիչը և դատախազը որոշ փաստաթղթեր ներկայացրին նիստի ժամանակ, և դատարանը հավելյալ ժամանակ պահանջեց, որպեսզի մանրամասներին ծանոթանա, որ կայացրած որոշումը հնարավորինս արդար լինի: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
Հիշեցնենք՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը 2019-ի դեկտեմբերի 24-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ որպես վկա, դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների գործի շրջանակներում:
Դավիթ Ափոյանն այս առիթով մտահոգություն հայտնեց. «Ես մեծ մտահոգություն ունեմ, որ այդքան ձգձգվելուց հետո հետագայում հավելյալ խնդիրներ կառաջանան: Այսպես հետաձգելով և այս ամենը երկարաձգելով՝ դա ուղղակի մեծ ազդեցություն կունենա գործի քննության և արդարդատության իրականացման վրա, քանի որ գնալով այդ ամենը մնում է անցյալում, և շատ հանգամանքներ մոռացվելու են, ինչը հավելյալ խնդիրներ ու խոչընդոտներ է առաջացնելու գործի քննության վրա»:
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ մտահոգված է ՀՔԾ-դատախազություն հարաբերությունների հետ կապված ու նշեց. «ՀՔԾ աշխատանքը պետք է վերահսկեր դատախազությունը: Դատարանի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ նույնաբովանդակ նամակ են ուղարկել թե′ դատախազը, թե′ ՀՔԾ-ն, բովանդակությունը կայանում է այն, որ գործը քննության չի վերացվել: Դատախազը պատասխանում է, որ նրանք կապի մեջ են եղել, միասին խոսել են, և երկուսն էլ նույն եզրակացության են եկել: Մինչդեռ այստեղ լուրջ խնդիր ենք տեսնում, երբ վերահսկող մարմինն է անձնական կապի մեջ մտնում այն մարմնի ներկայացուցչի հետ, որի հանդեպ ինքը պետք է վերահսկողություն իրականացնի: Սա շատ լուրջ խնդիր է: Հուսով եմ, որ այս երևույթը չի ազդի արդարադատության իրականացման վրա»:
Դավիթ Ափոսյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քննիչը որևէ նոր հանգամանք դատարանին չի ներկայացրել, պարզապես ներկայացրել է այն գրությունները, որոնք իրենց կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումները վերահասցեագրվել, ուղարկվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: Նա նշեց, որ իրենց կարծիքով ճիշտ կլիներ ավելի սեղմ ժամկետներում նշանակել դատական նիստ, քանի որ արդեն մի քանի ամիս շարունակ քննարկվում է այս հարցը:
Փաստաբանը վստահեցրեց՝ Դավիթ Ափոյանը որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ ու շարունակեց. «Այդ նույն օրը, նույն ժամանակահատվածում ինքը եղել է ԵՊՀ-ում «Արի մրցենք» միջոցառման մրցանակաբաշխությանը: Քրեական գործի շրջանակներում Դավիթ Ափոյանին այլևս չեն կանչել հարցաքննության: Առաջին անգամ էլ կանչել են բացառապես վկայի կարգավիճակով: Մենք այդ գործից որևէ տեղեկություն չունենք, որևէ դատավարական կարգավիճակով՝ վկայից բացի, չենք մասնակցում: Ընդամենը մեկ անգամ են կանչել հարցաքննության: Մենք այդ դեպքի մասին որևէ մանրամասների չենք տիրապետում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ