Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տներ գյուղերում՝սեփական ձեռքերով․ Փաշինյանի կառավարությունը փորձում է վերջ դնել անօթևանությանը (Ֆոտոշարք)

Օգոստոս 11,2020 17:58

ՀՀ կառավարությունը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում սկսել է բնակելի տներ կառուցել՝ այսպիսով փորձելով լուծել երկրաշարժից անօթևան մնացած 55 ընտանիքների հարցը։

Մայիսի 7-ի որոշմամբ կառավարությունը 988 մլն 143 000 դրամ է հատկացրել Շիրակի մարզի թվով 8 գյուղական բնակավայրերում տներ կառուցելուն, ինչպես նաև Գյումրի քաղաքում ու Մայիսյան գյուղում թվով 4 շահառու ընտանիքների բնակարանների գնման վկայագրեր տրամադրելուն։

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերը, որտեղ պիտի կառուցեն բնակելի տներ, հետևյալն են՝ Ջաջուռում մեկ տուն, Մայիսյանում 4, Շիրակում՝ 3, Մարմաշենում նույնպես 3, Բասենում՝ 5, Սառնաղբյուրում՝ 8, Գուսանագյուղում՝ 3, Ջրաձորում՝ 28:

Բնակելի տների շինարարությունը կազմակերպում է «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Հետաքրքիրն այն է, որ անօթևան մնացած ընտանիքի անդամները ևս կարող են ընդգրկվել իրենց իսկ տան շինարարական աշխատանքների մեջ։ Նշենք նաև, որ պետության հատկացրած գումարով ավարտին են հասցվելու թե՛ կիսակառույցներ, և՛ թե հիմքից նոր տներ են կառուցելու։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ Շիրակի մարզում սա առաջին համագործակցությունն է «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ։ Ըստ մարզպետի, այն մարդիկ, որոնք ընտրել են տունը կառուցապատելու, կիսակառույցը շարունակելու կամ հենց զրոյից սկսելու տարբերակը, կարող են մասնակցել իրենց իսկ տան շինարարական աշխատանքներին։

Ըստ մարզպետի, 21 բնակելի տան կառուցապատումը մեկնարկել է, չորս կիսակառույցների նախագծային աշխատանքներն ավարտման փուլում են։

«Ֆուլերն այս պարագայում կոորդինացնում է, աջակցում է մարզպետարանի հետ համատեղ, բայց ով է շինարարը լինելու, «Ֆուլեր»-ն ու տան սեփականատերը միասին կարող են որոշել։ Տան սեփականատերը կարող է իր ձեռքերով կառուցել և վճարվել, ինչը մեզ համար կարևոր է հատկապես այսօր, երբ ունենք փակ սահմաններ։ Հատկապես գյուղերում մարդիկ արտագնա աշխատանքի չեն մեկնել, այդ ռեսուրսը մնացել է գյուղերում, մենք նպաստում ենք տեղերում նաև սոցիալական խնդիրների լուծմանը»,-ասաց մարզպետը։

Ըստ Տիգրան Պետրոսյանի, այս ձևաչափով բնակարանաշինությունն անչափ կարևոր է, նախ տանտերը ինքը շահագրգիռ կլինի որակյալ տուն կառուցելու համար, բացի այդ, ընտանիքը կշարունակի ապրել իր հող ու ջրում, կենսամիջավայրում։ Նշենք, որ ԲԳՎ ծրագրի դեպքում գյուղաբնակը տուն կարող է գնել այլ բնակավայրերում, քաղաքներում` այսպիսով հեռանալով իր բնակավայրից։

 

«Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիազարյանն էլ ասաց, որ հիմքից սկսում են 16 բնակելի տների շինարարությունը, կառուցում են նաև 3 կիսակառույց տներ, իսկ 4 տների էլ նախագծային աշխատանքներն են ավարտում։

Նա ասաց, որ իրենք փորձ ունեն Լոռու մարզում․ վերջին երկու տարում այս մարզում 105 կիսակառույցներ կարողացել են ավարտին հասցնել։

Աշոտ Եղիազարյանը նաև նշեց, որ տները կառուցելուց բացի՝ ներքին հարդարման աշխատանքներ են կատարելու, որ մարդիկ կարողանան նորմալ ապրել, միայն ջեռուցման համակարգ չեն տեղադրելու։

«Շինարարության բանվորի համար համապատասխան որակավորում չի պահանջվում, ով ինչ շնորհք ունի, կարող է կիրառել, եթե տանտերը ընդունակ է պատ շարելու, մեզ մնում է հետևել, որ ճիշտ անեն, նորմալ բնակարան ունենան»,- ասաց Աշոտ Եղիազարյանը։

Այսօր այս պաշտոնյաների մասնակցությամբ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում մեկնարկվեց երկրաշարժից անօթևան դարձած Մարտիկյանների ընտանիքի համար կառուցվող բնակելի տան շինարարությունը։

Մարտիկյանները երկար են սպասել այդ օրվան․ նրանք 32 տարի շարունակ բնակվում են երկրաշարժից կիսախարխուլ դարձած, 4-րդ կարգի վթարայնություն ունեցող տանը։ Երկրաշարժին անգամ զոհ են ունեցել, մահացել է Սուսաննա Մարտիկյան տեգրոջ երեխան։ Սուսաննա Մարտիկյանը, որը հարս է եկել կիսավեր տանը, արդեն թոռնիկներ ունի, երեք մանկահասակ երեխաներ են մեծանում այնտեղ։

Այսօր նրանց երջանկությանը չափ ու սահման չկար, Սուսաննա Մարտիկյանը օրհնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը վերջապես լուծեց անօթևան մնացած մարդկանց խնդիրը։ Նա ասաց՝ նոր կառուցվող տան շինարարությանը պիտի մասնակցի նաև իր որդին, որը երեք երեխաների հայր է։ Նորակառույց տունը պետք է լինի 4 սենյականոց։

Ցնծության մեջ էր նաև Մարտիկյանների հարսը՝ Լիանան, որը 3 երեխաների մայր է։ Նա մեկ ամսական դստերը գրկած, ցույց էր տալիս, թե ինչ ահավոր վիճակում են բնակվում։ Ըստ նրա, տունը վերածվել է մկանոցի, հատակը նեխված է, պատերը փլված։

«Նորածինս ղսմաթով է, ծնվեց ու սկսվեց մեր նոր տան շինարարությունը»,-ուրախացած ասում էր Լիանան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31