Երեկ՝ օգոստոսի 10-ին, պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից՝ ուսումնական տարվա մեկնարկը տալով առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
Պարետի նոր որոշման հրապարակումից հետո սկսվեցին ակտիվ քննարկումներ այս հարցի շուրջ՝ շատերը ուրախ են, որ երեխաները կհաճախեն դպրոց, բայց կան նաև դեմ կարծիքներ. ծնողները անհանգստացած են երեխաների առողջության համար:
«Արդեն հոգնել ենք նման որոշումներից, թվերը իջնում են, բայց ամբողջ աշխարհում վիրուսը շարունակվում է տարածվել, չի նահանջում, նույնիսկ երկրորդ ալիքն է բարձրացել, իսկ մենք մեր երեխաներին պետք է դպրոց ուղարկենք: Ինչպե՞ս պետք է տարրական դասարանի երեխաները պահեն սանիտարահիգիենիկ կանոնները: Ինչքան ուզում ես բացատրի, ասա, երեխան ի՞նչ իմանա՝ վիրուսն ինչ է: Եթե այս վիճակը լինի երկրում, երեխայիս դպրոց չեմ ուղարկի»,- մեր զրույցում ասաց Աշխեն Առաքելյանը:
Նարինե Հովսեփյանն էլ, որ երկու դպրոցահասակ երեխա ունի, մեկին էլ այս տարի կտանի առաջին դասարան, ուրախ է նման որոշման համար: Ինչպես նշում է Նարինեն, մեկ կիսամյակ շատ դժվարությամբ մասնակցեցին հեռավար դասերին և մինչև պարետի որոշումը վախենում էր, որ ևս մեկը էլի այդպես կանցնի:
Կարդացեք նաև
«Չեմ հերքում, որ երեխաների առաջադիմությունը բարձրացավ հեռավար կրթության պայմաններում, քանի որ ավելի հետևողական էի, գիտեի և տեսնում էի՝ ինչպես են դաս անում, ինչ հանձնարարություններ են ստանում և այլն, բայց երկու երեխաներս առավոտից երեկո գամված էին համակարգիչներին, իսկ տանը նույնիսկ չէին կարողանում հանգիստ շարժվել՝ պետք է լռություն լիներ դասի ժամանակ»,-մեզ հետ զրույցում ասաց Նարինե Հովսեփյանը:
Նարինեի խոսքով, սանիտարահիգիենիկ կանոններին երեխաները պետք է առաջինը ծանոթանան տանը և գիտակցեն, որ դա իրենց ապահովության համար է:
Ջուլետտա ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից