Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիքային ճգնաժամեր. ինչպե՞ս վարվել երեխայի հետ

Օգոստոս 11,2020 17:32

Հոգեբանության մեջ ընդունված է «ճգնաժամային տարիք» անվանել զարգացման մի փուլից մյուսին անցման շրջանը. դա զարգացման մի փուլի ավարտն է, մյուսի`սկիզբը:

Այս «կանգառները» սակայն հարթ չեն անցնում: Հոգեբանները նշում են, որ յուրաքանչյուր ճգնաժամային տարիքում անհրաժեշտ է երեխային դաստիարակության հարցում հատուկ մոտեցում: Մյուս կողմից նշում են՝ հասունության, կյանքի փորձին զուգընթաց ճգնաժամերը քչանում են:

Աննա Բադալյան

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի «Մասնագիտությունը մայրիկ» խորագրի ներքո հոգեբան Աննա Բադալյանից հետաքրքրվեց՝ որո՞նք են այդ ճգնաժամային տարիքները և ինչպե՞ս պետք է ծնողն օգնի երեխային հաղթահարել դրանք:

Վաղ մանկության ճգնաժամ. նորածնային տարիքից մինչև 3 տարեկան

Հոգեբանը նշում է, որ այս տարիքում երեխայի էմոցիաների դրսևորման միջոցը նրա հույզերն ու պատկերացումներն են: Հատկապես 1-3 տարեկան երեխաների հետ հեքիաթների, պատմությունների միջոցով կարելի է հաղթահարել ճգնաժամը, որ նա տեսնի հաղթանակը, ինչպես են հաղթահարում դժվարությունները: Դասական օրինակ կա՝ «Կարմիր գլխարկ» հեքիաթը: Երբ այն պատմում են այդ տարիքում, հոգեբանորեն բավականին օգտակար է, քանի որ երեխային օգնում է տարբեր դժվարություններ անցնել, բայց կարողանալ հաղթահարել. «Կարևոր է օգնել երեխային կայանալ, որ ինքն իրեն գնահատի: Երբ երեխային վերաբերվում ես հավասարը հավասարին, նաև պատասխանատվություն ես ձևավորում: Այս տարիքում դա կարելի է անել իր խաղալիքների հետ կապված, հեքիաթների օրինակով, իր խաղալիքների հետ իր վերաբերմունքով»:

Առաջին դասարանցու ճգնաժամ. 6-7 տարեկան

Ըստ հոգեբանի՝ այս փուլում պետք է գործի ծնող-դասվար երկխոսությունը, քանի որ այստեղ հոգեֆիզիոլոգիական ճգնաժամ է. երեխան պիտի վաղ արթնանա, խաղից կտրվի, գնա այլ միջավայր և այլն. «Այս տարիքում երեխան ավելի հասուն է, պետք է զարգացնել պատասխանատվության զգացումը և նպաստել ինքնաիրացմանը: Նրան, օրինակ, կարելի է փոքրիկ հանձնարարություններ տալ. ծաղկի խնամք, փոքրիկ ընտանի կենդանիների խնամք և այլն, որ երեխան իրեն ավելի նշանակալի զգա: Այստեղ արդեն դպրոցն էլ ունի կարևոր դերակատարություն»:

Հոգեբանն այս տարիքը կոչում է նախապուբերտատյան շրջանն, երբ երեխաներն ավելի ակտիվ են լինում, շփվում տարբեր ընտանիքների երեխաների հետ, որոնց արժեքներն են տարբեր: Ըստ նրա՝ կարևոր է, որ երեխան ինքն իրեն սիրի ու գնահատի. «Հաճախ երեխաներն իրար ծաղրում են, վատ խոսքեր ասում, ընկճվում, հատկապես, երբ տարբեր սոցիալական խավերից են լինում: Այս դեպքում ծնողի ամենակարևոր գործոնը երեխայի ինքնագնահատականը բարձր պահելն է»:

Սեռի կայացման ճգնաժամ. աղջիկների համար 3, տղաների համար 6 տարեկան

Սեռի կայացման ճգնաժամը հոգեբանորեն կարևոր փուլ է: Աղջիկների համար 3, տղաների համար 6 տարեկանն է: Հոգեբանության մեջ այն կոչվում է էդիպյան բարդույթի անցում: Ըստ հոգեբանի՝ այստեղ ծնողների՝ հատկապես հայր ծնողի կերպարն է կարևոր, առանցքային :

Պուբերտատ շրջան. 12-14 տարեկան

Հոգեբան Աննա Բադալյանը մեր զրույցում նշեց, որ հաճախ ծնողներին ասում է, եթե այս ճգնաժամը պատվով հաղթահարեցիք, ուրեմն ծնողավարության փայլուն դասընթացներ եք անցել: Այնուհետև պարզաբանեց. «Պուբերտատ. այսինքն՝ անցումային շրջան: Բարդությունն այն է, որ դա հոգեֆիզիկական խաչմերուկ է, և անձը ֆիզիկապես ու հոգեբանորեն փոխվում է: Այս փուլը նրա համար անցում է մանկությունից դեպի պատանեկություն: Ինքը պատանի չէ, բայց արդեն մանուկ էլ չէ: Այդ է պատճառը, որ սուիցիդի որոշ փորձեր, ինքնամեկուսացման, չշփվելու դրսևորումներ են նկատվում: Ամենասարսափելին նաև այն է, որ շատ հաճախ ներքին կոնֆլիկտի պատճառով երեխաները հայտնվում են անչափահասների ուղղիչ ճամբարներում: Այս ճգնաժամային շրջանը կարող է սկսել 11 կամ 12 տարեկանից և տևել մինչև 14,16: Սա յուրաքանչյուր անձի զարգացման համար առանցքային շրջան է: Այստեղ կարևոր է երկկողմանի ծնողների, դասվարի, դպրոցի դերը»:

Ամփոփելով հոգեբանը նշեց՝ որ տարիքում էլ լինի ամենակարևորը երեխայի հետ երկխոսության մեջ լինելն է: Ըստ նրա՝ երեխայի հետ, ջերմ, հարազատ կապը կարմիր գծով գնում է. կապ չունի՝ երեխան 3,7, թե 14 տարեկան է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31