Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը երեկ՝ օգոստոսի 10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկվելուց հետո հասկացել է, որ հեղափոխությունից երկուսուկես տարի անց ոստիկանությունում որեւէ համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել, ավելին՝ վատթարացման միտումներ է արձանագրել: «Առաջին անգամ չէ, որ ես բերման եմ ենթարկվում: Բերման եմ ենթարկվել նախկին իշխանությունների օրոք, հեղափոխության ընթացքում եւ այլն, բայց նկատել եմ, որ ոստիկանության խնդիրները մի քանի շերտով էլ ավելի են խորացել: Այն ներդրումները, որոնք կատարվել են համակարգի բարելավման, ծրագրերի ներդրման եւ ոստիկանների կրթության վրա, կարծես թե ամենեւին որեւէ ազդեցություն թողած չլինեն»,-այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց հանդիպման ժամանակ ասաց Զառա Հովհաննիսյանը:
Նրան եւ Ամուլսարի պաշտպան այլ քաղաքացիներին բերման էին ենթարկել Ազգային ժողովի դիմացից, որտեղ հավաքվել էին «գործագործ» խաղալու։ Նրանցից ոմանք խաղում էին, իսկ ոմանք էլ պաստառներն էին պահում եւ վանկարկում՝ «Ամուլսարը սար է, մեր պայքարն արդար է»։
Զառա Հովհաննիսյանի խոսքով, մինչ այդ ոստիկանները որեւէ կերպ չեն խոչընդոտել իրենց հավաքը, սակայն, հենց լսել են «Ամուլսար» անունը, սկսել են բերման ենթարկելու գործընթացը:
«Բուն բերման ենթարկելու փաստն ինքնին անօրինական էր, որովհետեւ դա չեն կարող որակել որպես ցույց, քանի որ 10-12 մարդ իրարից մեկ մետր հեռավորության վրա կանգնած խաղում էին գնդակ, եթե գնդակ խաղալիս բղավում էին՝ Ամուլսարը սար է, դա չի նշանակում, որ արվում էին կոչեր: Նախ՝ չզգուշացրին, որ դա ցույց է, ձեզ բերման ենք ենթարկում, ուղղակի բղավելուց հետո, բավական ուժեղ եւ նյարդային շարժումներով ոստիկանները հարձակվեցին մարդկանց վրա, նաեւ ինձ վրա եւ ճանկռտելով, քաշելով, պոկելով բերման ենթարկեցին»,-պատմեց տիկին Հովհաննիսյանը: Նրա խոսքով, քաղաքացիների իրավունքներին չծանոթացնելը, նրանց չզգուշացնելը եւ ուժով ուղղակի մեքենա նետելն անօրինական է. «Անգամ մեր տղաների որոշ իրեր կոտրվեցին՝ ակնոց եւ այլն»:
Կարդացեք նաև
Քննարկման մասնակից իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս իշխանության հետ այլեւս հույս չի կապում, որ նրանք ձեռնամուխ կլինեն ոստիկանության բարեփոխելուն, քանի որ գրեթե վստահ է, որ հենց այդպիսի ոստիկանություն է պետք այս իշխանություններին: Տիկին Կարապետյանցի խոսքով, ցավում է, որ հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը անհաղորդ է եւ չտեսնելու է տալիս քաղաքացիներին բերման ենթարկելու փաստը եւ ոստիկանների այլ գործողություներ. «Նրանց կողմից այդ գործելաոճն անարձագանք մնաց: Թղթի վրա ներկայացված ռազմավարություններն այդպես էլ մնալու են թղթի վրա, որովհետեւ ամեն ինչն ունի իր հերթականությունն ու ժամանակը: Ես հույս ունեմ, որ հաջորդ իշխանությունն ավելի ողջամիտ կլինի»:
Թե՛ տիկին Հովհաննիսյանը թե՛ Նինա Կարապետյանցը բերման ենթարկվածի կարգավիճակում լինելով, նկատել էին, որ ոստիկանների իրավունքները եւս խախտված են, քանի որ, ինչպես նրանք են ասում՝ «իրավապահների աշխատանքային պայմանները խայտառակ վիճակում են եղել նախկինում եւ խայտառակ վիճակում են հիմա: Ոստիկաններն իրենց աշխատանքը կատարում են նվաստացնող պայմաններում»:
Զառա Հովհաննիսյանի խոսքով, ոստիկանների աշխատանքային պայմաններին ծանոթանալով, կարող ես պատկերացում կազմել՝ պետությունն ինչպես է վերաբերվում իր ինստիտուտներին. «Ջարդված փականներով դռներ, ջարդված ու կեղտոտ ապակիներ, բավական կեղտոտ պատեր, մաշված գույք, ջրի բացակայություն: Այդպիսին են նրանց աշխատանքային պայմանները»:
Իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը, որը նույնպես մասնակցում էր առցանց քննարկմանը, մտահոգություն հայտնեց, որ այսօր անգամ իրավապաշտպաններն են թիրախավորված, ինչը նույնիսկ նախկին իշխանությունների օրոք չի եղել. «Այսօր այն իրավապաշտպանները, որոնք Ամուլսարի մասին խոսում են եւ Ամուլսարի պահապանների կողքին են, այդ իրավապաշտպանները բերման են ենթարկվում: Արձանագրենք, որ նույնիսկ նախկինում նման դեպքեր չեն եղել, ես, Նինան, փողոց ենք փակել, բայց ոստիկաններին հրահանգված էր, իրավապաշտպաններին բերման չենթարկել: Շատ պատգամավորներ կան, որ ծեծի են ենթարկվել ցույցերի ժամանակ, կալանավորվել են, փորձել են նրանց ձերբակալել, եւ մենք եղել ենք այդ ապագա պատգամավորների կողքին, մենք ոստիկանական բաժիններից դուրս չենք եկել միայն նրա համար, որ ունենայինք իրական փոփոխություններ՝ դատական եւ ոստիկանական համակարգում: Ես որպես փաստաբան եմ բերման ենթարկվել, Մալաթիայի բաժնում ինքնազգացողությունս վատացավ եւ, պատկերացնում եք, ես ինքս եմ շտապ օգնություն կանչել»:
Ըստ Արա Ղարագյոզյանի, ոստիկանների մոտ նույն գործելաոճն է, ոչինչ չի փոխվել. «Երբ ես հեղափոխության օրերին ոստիկանության բաժանմունքներում էի եւ տեսնում էի ինչպես են վարվում ակտիվիստների հետ, նույնը կրկնվում է այսօր եւ «Իմ քայլի» պատգամավորներ՝ Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը որեւէ ձայն չեն հանում ոստիկանության գործողություների հետ կապված, որեւէ իշխանական պատգամավոր չի քննադատում ոստիկանության գործողությունները»:
Անդրադառնալով Ամուլսարի հարցին, Զառա Հովհաննիսյանն ասաց, որ այսօր շատ սուր է դրված Ամուլսարի հարցը եւ որքան հետաձգվում է կառավարության կողմից այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումը, այնքան՝ խնդիրն ավելի է սրվում, քանի որ հանքը շահագործելու թույլտվություն ունեցող ընկերությունն առճակատվում է մարդկանց հետ, որոնք պաշտպանում են իրենց բնակավայրը. «Որտե՞ղ է այստեղ պետությունը, որտե՞ղ է նրա կարգավորիչ դերը, որտե՞ղ է այն մարդկանց կամքը, որոնք պիտի որոշում կայացնեն խնդրի վերաբերյալ եւ որքան շարունակվի այս իրավիճակն այնքան սրվելու է: Պետք է ավելի լուրջ նայեն, ավելի խորը դիտարկեն, այլ ոչ թե՝ Ամուլսարի վերաբերյալ որեւէ բառ ասողին բերման ենթարկեն: Դրանով ավելի կսրեն իրավիճակը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ