Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ընդունվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը

Օգոստոս 11,2020 16:23

Արցախի Ազգային ժողովում ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Նախկինում որոշ պաշտոնյանների պաշտոնային դրույքաչափերը չէին համապատասխանում որդեգրած այն սկզբունքին, որ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների վարձատրության գործակիցը պետք է հավասար լինի Հայաստանում համապատասխան պաշտոն զբաղեցնող պաշտոնյայի 80%-ին։ Ունենք ընդհուպ մինչև 50% գործակիցներ, և այս օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք նաև այդ անհամապատասխանությունը ուղղել։ Եվ այդ համապատասխան պաշտոնյաներին համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության իրենց գործընկերների՝ նույն պաշտոնյաների 80%-ին»,- ասաց նա։

Արցախի ժողովրդավարական կուսակցությունից Գեղամ Ստեփանյանը  իր ելույթի ընթացքում նշեց, որ պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից պատշաճ վարձատրությունը կարևոր նշանակություն ունի․ «Զարգացած երկրների փորձը հուշում է, որ արդյունավետ պետական համակարգ ունենալու համար պետական աշխատողների բարձր վարձատրություն սահմանելուն զուգահեռ պետք է օպտիմալացնել համակարգը, բացառել կրկնվող գործառույթներով հաստիքները։ Սակայն, առաջարկվող նախագիծը ոչ միայն շեղված է այդ տրամաբանությունից, այլ ավելին՝ ստեղծվում են կրկնվող բովանդակությամբ և գործառույթներով նոր հաստիքներ։ Գաղտնիք չէ, որ այսօր ունենք ծանրաբեռնված պետական համակարգ, և հանրության շրջանում ամենաշատ քննարկվող հարցերից է այն, որ համապետական ընտրություններից հետո պետական համակարգը ավելի է ուռճացվել»։

Նա հայտնեց, որ Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։ Վահրամ Բաղդասարյանը կրկնեց, որ նախագիծը աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում։

«Պարոն Բաղդասարյան, այնուամենայնիվ 8 գործակցի փոփոխությունը 9.6-ի իրենից ենթադրո՞ւմ է աշխատավարձի փոփոխություն, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց Գեղամ Ստեփանյանը։

«Այո՛, բայց ինքը համապատասխանեցվում է գործող սկզբունքին։ Նորից եմ ասում՝ այդ մարդը պետք է ստանար 9.6-ը 8-ի փոխարեն»,- պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը։

Քվեարկությամբ կողմ 24, դեմ 8 ձայներով նախագիծը ընդունվեց։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31