Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի կարելի՝ գծեր կան, որոնք պետք չէ տրորել». Քոչարյանի պաշտպանի պատասխանը՝ Սեդա Սաֆարյանին

Օգոստոս 11,2020 16:14

Ինչպես հայտնել էինք, «Մարտի 1»-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ, քանի որ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չէր ներկայացել: Գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ համոզմունք էր հայտնել, որ մեղադրյալների պաշտպանները միտումնավոր են նիստը ձգձգում եւ դա կապված է առաջիկայում սպասվելիք որոշակի նշանակումների հետ:

«Ինչպե՞ս կարելի է նման գնահատական տալ, երբ պաշտպանը նշել է, որ անսպասելի բան է տեղի ունեցել: Հազար ու մի բան կարող է լինել, աստված չանի…չի կարելի՝ գծեր կան, որոնք պետք չէ տրորել»,-նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Սեդա Սաֆարյանի նշյալ հայտարարությանը:

Տիկին Սաֆարյանը միտումնավոր էր համարել նաեւ այն փաստը, որ մեղադրյալներից Արմեն Գեւորգյանի պաշտպանը մեկ ամսով արձակուրդ է վերցնում: Այս առնչությամբ էլ Արամ Վարդեւանյանը հարցադրում արեց. «Դա ի՞նչ մոտեցում է…անգամ մեղադրող-դատախազները չառարկեցին, որովհետեւ իրենք էլ են արձակուրդ գնալու, եւ դա նորմալ է, դա իրավունք է»:

Մեկնաբանելով այն փաստը, որ մեղադրող դատախազն այսօր չներկայացած պաշտպանի վարքագիծը նիստը ձգձգելու միտում էր որակել, Արամ Վարդեւանյանը համոզմունք հայտնեց, որ դատական գործընթացի ձգձգման հիմնական մեղավորն իրականում դատախազությունն են եւ ՀՔԾ-ն՝ մի պարզ պատճառով, որ 80 հատորանոց գործ են ուղարկել դատարան. «Իսկ մարտ-ապրիլ ամիսներին մենք դատավորի բացակայության մասին տեղեկություն չունեինք: Հիմա ո՞ւմ են վերագրում «ձգձգել» բառը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31