Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հետո կտեսնեք, սա կապված է որոշ նշանակումների հետ». Սեդա Սաֆարյանը կուլիսային պայմանավորվածության մասին ակնարկեց

Օգոստոս 11,2020 15:34

Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստին այսօր չէր ներկայացել Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին գրություն հղելով այն մասին, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող գալ: Այս գործով մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը դիմեց դատարանին. «Ոչ մի խնդիր էլ հանկարծակի չի առաջացել, սա պլանավորված վարքագիծ է, անհարգալի ճանաչեք պաշտպանի վարքագիծը»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը հակադարձեց. «Տնից տեղից հեռու, բայց ո՞նց կարող է մեղադրողը նման պնդում անել: Նման գնահատական տալն անընդունելի է եւ հենց նման վարքագիծը պետք է հետեւանք ունենա, այն էլ՝ ձեր նախագահությամբ»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ, նկատի ունենալով մեղադրող Գեւորգ Բաղդասարյանին, ասաց, որ իրավաբանին հարիր չէ գնահատական հնչեցնել՝ առանց պաշտպանի չներկայանալու պատճառն իմանալու: Ապա դատավոր Դանիբեկյանն արձանագրեց՝ պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պայմաններում դատական նիստը շարունակել հնարավոր չէ:

Հետո մեղադրյալներից Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմեց դատարանին՝ տեղեկացնելով, որ արձակուրդում է լինելու: Պաշտպանը խնդրել էր առաջիկա նիստը նշանակել սեպտեմբերի մեկից հետո:

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ Գեւորգյանի՝ սկզբում մի պաշտպանից հրաժարվելը, իսկ այժմ՝ մյուս պաշտպանի արձակուրդ գնալը պատահական չէ. «Մյուս մեղադրյալի պաշտպանն էլ ասում է, թե հանկարծակի բան է պատահել: Այս ամենը խոսում է այն մասին, որ իրականում պայմանավորվածություն կա, որպեսզի նիստը տեղի չունենա: Դիտավորությունն այն է, որ մեղադրական եզրակացությունը չհրապարակվի, հետեւաբար՝ պաշտպանական կողմը կուլիսների հետեւում նման գործողություններ է անում: Այս հետաձգումները պատահական չեն: Հետո կտեսնեք, որ դրանք կապված են որոշակի նշանակումների, փոփոխությունների, հանգամանքների հետ: Պարզեք՝ ինչպե՞ս է ստացվում, որ Արմեն Գեւորգյանը մի պաշտպանից հրաժարվում է, հետո՝ մյուսին ուղարկում արձակուրդ: Նիստից բացակայելը քողարկված է արձակուրդով, այլապես մյուս պաշտպանից չէր հրաժարվի: Նման պատճառաբանություններով հերթով կգնան արձակուրդ, եւ նիստերը մի տարի կհետաձգվեն»:

Դատավոր Աննա Դանիբեկյանն Արմեն Գեւորգյանից հետաքրքրվեց՝ այլ պաշտպանի հրավիրելու հնարավորություն ունի՞: Գեւորգյանը պատասխանեց, որ ոչ եւ պաշտպանի հայտարարությունը «վառ երեւակայության արդյունք» որակեց: Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ որեւէ մեկն իրեն հարկադրաբար արձակուրդ ուղարկել չի կարող. «Տիկին Սաֆարյանի դատողությունները երեւակայության արդյունք են: Ես որեւէ մեկին չեմ հարցնելու՝ հանգստի սահմանադրական իրավունքն իրացնե՞մ, թե ոչ»:

Ապա մարտյան իրադարձությունների ժամանակ մահացած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց. «Այստեղ ութ պաշտպան եմ տեսնում: Եթե ամեն մեկը մի ամսով արձակուրդ գնա, ութ ամիս կտեւի»:

Սեդա Սաֆարյանին պատասխանեց նաեւ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հիշեցնելով, որ նախորդ նիստերից մեկը հետաձգվել է տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բացակայության պատճառով:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ հարցադրում արեց՝ ո՞ւր էր Սեդա Սաֆարյանի վրդովմունքը, երբ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով (ըստ իր հայտարարության՝ վատառողջ էր.-խմբ.) նիստերը շարունակ հետաձգվում էին:

Հաշվի առնելով պաշտպաններից Միհրան Պողոսյանի բացակայությունը՝ դատավորը նիստը հետաձգեց եւ նշանակեց սեպտեմբերի 8-ին՝ 13:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31