«Իրեր, որոնք անպիտան են գործածության համար եւ չունեն որեւէ արժեք»․ այսպիսին է «junk» բառի բացատրությունը Օքսֆորդի մեծ բառարանում։ «Junk»-ի հայերեն համարժեքները են՝ աղբը, թափոնը, ջարդոնը, անպետք գաղափարը եւ/կամ անիմաստ խոսակցությունը։ Ժամանակի ընթացքում առաջացել են արտահայտություններ եւ բառեր, որոնք junk բառի կցորդմամբ այս կամ այն երեւույթին տվել են հստակ բնութագիր, ինչպես օրինակ, junk food (անառողջ սնունդ) կամ jank room (սենյակ, որտեղ պահվում են անպետք, չօգտագործվող իրեր) արտահայտություններն են։
«Junk թափենք» կարգախոսով սոցիալական մեդիայում բոլորովին վերջերս հայտնվեց OVC (Only Valueable Content – միայն արժեքավոր բովանդակություն) նախագիծը, որը «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի՝ հերթական, բայցեւ տարբերվող գաղափարներից մեկն է։
«Junk թափել» արտահայտությամբ OVC նախագծի թիմը կոչ է անում համատեղ ուժերով «ջանք» գործադրել «junk»-ից ազատվելու համար։ Այլ կերպ ասած՝ նախագծի նպատակն է առցանց դաշտում արժեքավոր բովանդակության խրախուսումը եւ վերջինիս տարածման մեխանիզմների գործարկումը, ինչպես նաեւ անօգուտ եւ անարդյունավետ բովանդակության (junk-ի) ստվերումը։
«Համավարակի օրերին հատկապես համացանցը լցվեց այնպիսի տեսանյութերով ու ֆեյսբուքյան ուղիղ միացումներով, որոնք բառիս բուն իմաստով որեւէ մշակութային, կրթական, անգամ ժամանցային գործառույթ չէին կատարում։ Իհարկե, ամեն մեկն ազատ է իր անձնական տիրույթում ասել եւ «կիսվել» այն ամենով, ինչ ինքն է ուզում, բայց ցավալի եւ նաեւ անհանգստացնող էր այն, որ արժեք ունեցող նյութերը սկսեցին ստվերում մնալ, մինչդեռ մեկը, որ ներկայանում է կիսատկլոր ու թզբեհով, մատուցածն էլ 6/8 է, սկսեց հարյուր հազարավոր դիտումներ հավաքել»,- նշում է OVC նախագծի գաղափարի հեղինակ, OVC դեսպան, «Լոֆթ» կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Առաքելյանը:
Նա նաեւ հավելում է. «Մեզ համար խիստ կարեւոր էր ինչ-որ մեխանիզմով նպաստել այն բովանդակությունների առաջխաղացմանը, որոնք ունեն կարեւոր հաղորդագրություն, մշակութային, կրթական, զարգացնող բովանդակություն եւ կարող են օգտակար լինել կրթական, սոցիալական զարգացման համար։ Այս հարցադրումների արդյունքում է, որ ստեղծվեց OVC-ին, որը, կարծում եմ, շարունակական բնույթ կունենա եւ կներգրավի իր շուրջ ստեղծարարների, որոնք փորձում են լավագույնը ներկայացնել հանրությանը»։
Արժեքավոր բովանդակությունն առանձնացնելու համար OVC թիմը հայտարարեց մրցույթ, որի շրջանակներում օնլայն տիրույթում (Ֆեյսբուք, Յութուբյան ալիք, Ինստագրամ եւ այլն) հայտնված բովանդակության հեղինակները, թիմերը (նաեւ այլ օգտատերեր) կարող էին մրցույթի ներկայացնել իրենց ստեղծած/նախաձեռնած տեսանյութը, վիդեոկոնֆերանսը եւ մարտահրավերները։
«Լավագույն բովանդակություն» որոշելու համար կազմվեց OVC դեսպանների՝ 12 անհատներից կազմված ժյուրին, որտեղ ընդգրկվեցին մշակութային եւ գործարար ոլորտում գործունեություն ծավալող 12 պրոֆեսիոնալներ։ Արդյունքում «լավագույն բովանդակություն» ստեղծած օգտատերն արժանանալու է 1,000,000 դրամական պարգեւի, խրախուսվելու են արժեքավոր բովանդակություն» ստեղծած այլ օգտատերեր, որոնց հայտերը կընդգրկվեն արժեքավոր 30-ի շարքում։
«Լոֆթ» կենտրոնների տնօրեն եւ OVC դեսպան Արեւիկ Համբարձումյանի կարծիքով՝ նախագծի իրագործման արդյունքում հնարավոր է դառնալու հրաշալի բովանդակություններ բացահայտել, խրախուսել եւ օժանդակել բոլոր այն երիտասարդներին ու պատանիներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծարար միտքը զարգացնելու համար։ Խոսելով մրցույթին հայտ ներկայացրած հեղինակների մասին՝ Արեւիկն ասում է, որ նախագիծը մեկ քայլ շուտ պիտի ստեղծվեր․«Տարիներ առաջ, եթե մեկն ինձ համոզեր, որ 8-ամյա տղան կարող է հրաշալի կերպով բացատրել շախմատային քայլերի հերթականությունը, ես կհավատայի, բայց, որ այդ նույն տղան ինքն իր ալիքն ունենար, հաղորդման պարբերականություն եւ հասակակիցներին շախմատ խաղալու մղեր, դեռ մի քիչ թերահավատորեն կմոտենայի։
Հիմա, երբ որպես OVC դեսպան դիտարկում եմ հայտերը, հասկանում եմ, որ տեխնոլոգիան եւ տարատեսակ զարգացումները թե՛ պատանիներին, թե՛ երիտասարդներին հնարավորություն են տալիս իրենց յուրահատուկ գաղափարներով կիսվել հանրության հետ, ավելին՝ ազդել իրենց հասակակիցների վրա՝ բառիս բուն իմաստով ստեղծելով յուրահատուկ հանրույթներ։ Այլ միջոցներով, ֆորմալ կրթությամբ, սա եւս հնարավոր է, սակայն ժամանակի խտության մեջ, այսպիսի յուրահատուկ բովանդակություն ստեղծողներին մեկ քայլ առաջ պիտի խրախուսել»։
Այս պահին հայտադիմումների ընդունման փուլն ավարտվել է։ Ինչպես հայտնում են OVC նախագծի նախաձեռնողները մրցույթի պաշտոնական էջում՝ հայտերի թիվը 111 է։ OVC դեսպանները դիտարկում են բոլոր հայտերը, որպեսզի առանձնացնեն արժեքավոր 30-ը (տվյալ հայտերը շուտով հասանելի կլինեն valuable30.am կայքում), որից առավելագույն միավորներ հավաքած 10 բովանդակությունները կլինեն մրցութային։
OVC լավագույն տասնյակը շուտով կդրվի հանրային քվեարկության․ կհաղթի այն բովանդակությունը, որը կստանա առավելագույն միավորները՝ դեսպանների եւ հանրային քվեարկության արդյունքում գոյացած միավորների հանրագումարի արդյունքում (50/50 տրամաբանությամբ)։
OVC թիմը լիահույս է, որ մրցույթը շարունակական բնույթ կկրի՝ հետաքրքրելով թե՛ բովանդակություն ստեղծող անհատներին, թե՛ արժեքավոր բովանդակությունը խրախուսող ընկերություններին ու կազմակերպություններին։
Աննա ԱՄԻՐԲԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ OVC նախագծի ֆեյսբուքյան էջից