Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արտակարգ դրությունը երկարացնելու որևէ պատճառ չկա, բացի քաղաքականից». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 11,2020 14:47

«Արտակարգ դրությունը երկարացնելու որևէ պատճառ չկա, բացի քաղաքականից»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյան

Նա նշեց, որ ՀՀ-ում համավարակի դեմ պայքար ոչ տարվել է, ոչ էլ տարվում է: Այնուհետև հավաստիացրեց՝ կարդացել է ԱՀԿ-ի ամբողջ համավարակների պատմությունը, թե ինչպես է, որտեղից են տեղի ունեցել: Օրինակ՝ «իսպանկան», որն ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ավելի շատ «ամերիկանկա» է եղել:

Անդրադառնալով մեր հասարակության շրջանում համավարակի տարածվածությանը՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Համոզված եմ, որ դա բնական զարգացումն է պանդեմիայի: Պետական մակարդակով բացի ձևական գործողություններից, որոնք գուցե չլվացվող, ձեռքերը չլվացող մարդկանց համար կարևոր են եղել, կա դիմակներ կրելը, ուրիշ ոչինչ չի արվել: Բայց դրանց ազդեցությունը պանդեմիայի վրա չնչին է: Այն բոլոր միջոցները, որոնք պետք է արվեին, ինչպես արել է Վրաստանը, Վիետնամը, Նոր Զելանդիան կամ Շվեդիան, չեն արվել: Ես թվերին հավատում եմ ոչ թե նրա համար, որ դրանք ճշմարիտ են, այլ արդեն իմ ծանոթների մեջ էլ ունենք հիվանդներ»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրոք ձեռքերը լվացել է: Այս առիթով ասաց. «Առողջապահության նախարարությունն, ինչպես ասում են, իրոք, ձեռքերը լվացել է, որ չանի ոչինչ, իրեն հեռու պահի: Դա հստակ է: Երևի ավելի շատ է ձեռքերը լվացել, քան հասարակ քաղաքացին: Համոզված եմ, որ այն, ինչ կա հետևում, պիտի ուսումնասիրեն, վեր հանեն»:

Լարիսա Ալավերդյանը հետաքրքրված է ՝ ինչո՞ւ են հենց այս իշխանությունները սարսափում բազմամարդ միջոցառումներից: Այս առիթով նշեց. «Դա ինձ հիշեցնում է ցարական կառավարությունը: Լենինը գիտեր, որ չի կարելի այդքան մեղմ վերաբերմունք ունենալ նրանց, որոնք դեմ են ցարին: Նա մի խնդիր էր դրել՝ ոչնչացնել ցարին ու նրա ընտանիքին: Նիկոլ Փաշինյանը գիտի՝ ինչպես են եկել իշխանության, և այդ սարսափը, որ նույն ձևով կարող են ուրիշները գալ, բերում է դրան: Խայտառակություն է, որ երեք միլիոնանոց Հայաստանը կես տարի հայտնվել է արտակարգ իրավիճակի մեջ: Զուտ պանդեմիայի ու վիրուսի բնականոն զարգացումով մենք Աստծո օգնությամբ կմնանք կայուն կիսավիրուսային իրավիճակի մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31