Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է Արցախի 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը ավելացնել 14 միլիարդ 810 միլիոն դրամով

Օգոստոս 11,2020 14:33

Արցախի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում ընդգրկվել են «Արցախի 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցերը։

Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց «Արցախի 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ փոփոխություններով նախատեսվում է պետական բյուջեի մի շարք ծախսային ծրագրերում կատարել ավելացումներ։ Մասնավորապես՝ առաջարկվում է Արցախի հյուսիս-արևելյան հողերի ոռոգումը Թարթառի հոսքով ծրագրի իրականացման նպատակով 2020 թվականի համար «Ջրամբարների, ջրանցքների, ջրատարների նորոգում, վերականգնում և պահպանում» ծախսային ծրագիրը ավելացնել 2.5 միլիարդ դրամով։ Արտեզյան ջրհորների կառուցման և ջրախնայողական տեխնոլոգիաների ցանցի ընդլայնման նպատակով առաջարկվում է «Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծախսեր» ծրագիրը ավելացնել 1.5 միլիարդ դրամով։

2020 թվականի սեպտեմբերի 1-ից առողջապահական ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, մի շարք բժշկական ծառայությունների ընդլայնում, ինչպես նաև անպտղության բուժման կազմակերպման նպատակով առողջապահության բաժինն առաջարկում է ավելացնել 400 միլիոն դրամով։ Բացի այդ 2020 թվականին առողջապահական ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարների շրջանակներում կիրականացվեն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետությունում հաշվառված Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունների անվճար կազմակերպումը։

Անդրադառնալով Արցախում անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրմանը, Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ ուսանողներին տրվող «Փոխհատուցում» ծրագիրը առաջարկվում է ավելացնել 200 միլիոն դրամով։

Նաև Արցախի գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների, համայնքների բնակիչներին շինանյութերի տրամադրման ծավալների ավելացման նպատակով ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով «Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման ծախսեր» ծրագիրը առաջարկվում է ավելացնել 710 միլիոն դրամով։

Արցախի չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով համապատասխան ծախսային ծրագիրը առաջարկվում է ավելացնել 100 միլիոն դրամով ։

Առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Կապիտալ ներդրումներ» ծախսային ծրագիրը առաջարկվում է ավելացնել 6.5 միլիարդ դրամով։

COVID-19 համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների, համավարակի հաղթահարմանն ուղղված առողջապահական միջոցառումների և համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված առաջարկվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդը ավելացնել 2 միլիարդ 900 միլիոն դրամով։

«Այսպիսով՝ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14 միլիարդ 810 միլիոն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 5 միլիարդ 100 միլիոն դրամով՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի նույնչափ ավելացմամբ։ Փոփոխությունների արդյունքում՝ 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 126 միլիարդ 49 միլիոն 399 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 միլիարդ 650 միլիոն 717 հազար, դեֆիցիտը կկազմը 9 միլիարդ 601 միլիոն 318 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31