Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ». մաշված խցիկներ, հորանների վատ վիճակ ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներով քաղաքապետարանն ընտրեց առաջնահերթ փոխարինվող վերելակները

Օգոստոս 11,2020 13:02

Բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը 40 տարուց ավելի հին են, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Տարիներ շարունակ բնակիչները վախը սրտում նստում էին վերելակ. հանկարծ էլի չխափանվի:

2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ փոխարինեց: Նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին: Այս տարվա հունվարին արդեն քաղաքապետ Մարությանը որոշեց հնգապատկել ծրագրի ծավալները:

Արդեն տեղադրված նոր վերելակների հնարավորություններին առաջինը ծանոթանում է Երևանի քաղաքապետը:

Վերելակները, որպես ընդհանուր բաժնային սեփականություն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով պատկանում են բնակիչներին: Բայց հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ մասշտաբային ու անիրագործելի թվացող ծրագիրը համայնքը նախաձեռնեց սեփական ուժերով: Քաղաքի բյուջեով նման ծավալի աշխատանք առաջին անգամ է արվում:

«Վերջին 28 տարվա մեջ ամբողջությամբ փոխվել է 35 վերելակ: Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ»,– ընդգծել է քաղաքապետը:

Մաշված խցիկներ ու դետալներ, հորանների վատ վիճակ ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներով քաղաքապետարանն ընտրեց առաջնահերթ փոխարինվող վերելակները:

Մշակված մոդելի համաձայն, համայնքն այժմ փոխում և անվճա՛ր հանձնում է նոր վերելակները բնակիչներին՝ որպես բաժնային սեփականություն: Փոխարենը բնակիչները պետք է նախապատրաստվեն փոխարինման հաջորդ փուլին, որպեսզի 20 կամ 25 տարի հետո նորից կանգնած չլինեն վերելակների փոխարինման խնդրի առաջ:

«Բնակիչները պետք է սկսեն այսօրվանից հավաքել միջոցներ, որ 25 տարի անց արդեն իրենց ուժերով փոխեն իրենց վերելակները: Սա այն համակարգն է, որը 25 տարի անց կապահովի ամբողջ Երևանի վերելակային ֆոնդը»,– ընդգծել է քաղաքապետը:
Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաև տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Սա պահանջ էր, որ դրված էր մրցութային հայտի հիմքում:

«Բոլոր վերելակների բացվածքն այնպիսին է, դա իմ պայմաններից մեկն է եղել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են հեշտությամբ մուտք և ելք ունենալ: Շատ կարևոր ևս մեկ հնարավորություն. վերելակներն աշխատում են UPS համակարգով, և եթե անսպասելի հոսանքի անջատում լինի, վերելակը չի կանգնում այդտեղ, մոտենում է մոտակա հարկին և բացվում է»,– նշել է Հայկ Մարությանը:

Այս պահին միաժամանակ փոխարինման աշխատանքներ են 124 կետում: Ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ:
Ծրագիրը, բացի բուն նպատակից, ևս մի կարևոր խնդիր է լուծում՝ հարյուրավոր մասնագետների ապահովելով աշխատատեղերով և ընդհանրապես, խթանելով ոլորտի զարգացումը մեր երկրում:

«Ծրագիրը նաև աշխատատեղերի խնդիր է լուծում: Մեր հայրենակիցներից շատերը վերադարձել են թե՛ Ռուսաստանից, թե՛ Բելառուսից, և ներգրավված են այս վերելակների տեղադրման աշխատանքներում»,– նկատել է քաղաքապետը:

Վերելակների փոխարինման ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Խոսքն առնվազն 3000 վերելակի մասին է: Իսկ նախքան այդ, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հին վերելակները կնորոգվեն վարչական շրջանների բյուջեով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31