Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորոգե՞լ, թե՞ նենգափոխել․ ի՞նչ սկզբունքով են ձևավորվել «Հայ գրականություն» առարկայի չափորոշիչները

Օգոստոս 11,2020 11:30

Օրերի խառնարանում վերջնական հանգուցալուծման ենթակա առավել հրատապ հարցեր են ծառացել, քան հայ հանրակրթական դպրոցի՝ ազգային արժեհամակարգ, ազգային մտածողություն և ազգային արժեքներ ձևավորող ու դաստիարակող առարկաների «խմբագրումը»։ Մասնավորապես ուսումնասիրելով հայկական դպրոցում ավագ դասարանների «Հայ գրականություն» առարկային մատուցվող չափորոշիչները՝ դիտարկում ենք․

Հայ գրականությունը հայոց պատմության, հայ ժողովրդի անցած ուղու, ազգային ինքնաճանաչման վավերագիրն է, որը, առաջին հերթին, ներառում է հայրենիք և հավատ հասկացությունները։ Ըստ նոր չափորոշիչների՝ խաթարված են հայ գրականության և հայոց պատմության միջառարկայական կապերը, հայ գրականության պատմության ժամանակագրական հաջորդականությունը, ավելի ճիշտ՝ անտեսված են հայ հին և միջնադարյան, նոր և նորագույն շրջափուլերը։

Հին և միջնադարյան գրականության պատմության վրա են խարսխված հայ գրականության մյուս շրջափուլերը։ Սակայն հին և միջնադարյան շրջանի գրականության ուսումնասիրությունն արհամարհված է բացարձակ անտարբերությամբ։ Անտեսվել է հայ գրականության զարգացման շղթայի այն օղակը, որը սկիզբ էր առել իբրև քրիստոնեական ոգու բարձրագույն արտահայտություն (Մեսրոպ Մաշտոց, ապաշխարանքի երգեր, Ագաթանգեղոս), որի ակունքները հասնում են Աստվածաշունչ, և որը հետագայում ունեցել է խորապես ազգային բովանդակություն՝ ուրվագծելով հայ գրականության ազգային ուղեգիծը։ Հատկապես 5-րդ դարի պատմագրությունն արտացոլել է ոչ միայն հայ, այլև հարևան ժողովուրդների կյանքն ու կենցաղը, քանզի մեր պատմաբան պատմագիրներն ունեցել են լայն ու տիրական հայացք՝ ուղղված անցյալին ու ներկային։ Եթե հայկական ավագ դպրոցում չի ուսումնասիրվելու Մեսրոպ Մաշտոցի անօրինակ սխրանքն ու դիվանագիտական գործունեությունը, Մովսես Խորենացու պատմափիլիսոփայությունը, Գրիգոր Նարեկացու ցնծերգերն ու ողբերգը, Գրիգոր Նարեկացու անմիջական ներգործությունն ու ազդեցությունը հայ միջնադարի գրեթե բոլոր տաղերգուների, անգամ ՝ մատենագիրների վրա, 20-րդ դարի գրեթե բոլոր բանաստեղծների ու գրողների վրա, ապա հայ սերնդի մեջ ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվելու ազգային աշխարհայացք։
Հայ գրականության հին և միջնադարյան շրջանի անտեսմամբ կտրվելու են հաջորդ շրջափուլերը սնուցող բոլոր երակները։

Թվում է, թե աննկատ կերպով անցում է կատարվել հայ նոր գրականությունից նորագույն շրջանին՝ տասներորդ դասարանի ծրագրային նախագծում ներառելով միայն առանձին հեղինակների մեկ-երկու ստեղծագործություններ։ Ի՞նչ սկզբունքով․ գեղագիտական դաստիարակությա՞ն, թե՞ կամայական։

Ի՞նչ հիմնավորվածությամբ է արևմտահայ գրականությունը հիմնականում սպրդել առարկայական ծրագրեր և չափորոշիչներ մշակող հանձնաժողովի ուշադրությունից։ Չէ՞ որ ավագ դպրոցում արևմտահայ գրականությունը ուսումնասիրելիս է հայորդու մեջ ձևավորվում ինքնահատուկ վերաբերմունք աննախադեպ ու անհետադեպ Ցեղասպանությանը․ գուցե մթագնու՞մ եք չափազանց ներհուն և ըմբոստ այս սերնդի հիշողությունը։

Հավելենք, որ ոչ միայն արևմտահայ գրականության թեմատիկ ընդգրկունությունը, այլև հայ գրականության մյուս շրջափուլերն իրենց զարգացման ներքին օրինաչափություններով պատշաճ կերպով արժևորվել ու ներկայացվել էին ներկայիս «Հայ գրականություն» առարկայի դասագրքերի հեղինակ-գրականագետները։

Հիմնավորված չէ հայ նորագույն գրականության առանձին հեղինակների և նրանց ստեղծագործությունների ընտրությունը։ Ի՞նչ պատճառաբանությամբ է ներկայացվում Պարույր Սևակի «Երգ երգոց» պոեմը, և ոչ թե, օրինակ, «Եռաձայն պատարագ» պոեմը։ Կամ հայ պատմավիպասանության համար սնուցիչ ակունք է հանդիսացել 5-րդ դարի պատմագրությունը։ Ի՞նչ հիմնավորվածությամբ է ավագ դպրոցում պատմավեպերից ուսումնասիրվում միայն մեկ- երկու պատմավեպ։

Եթե նախագծի կազմման հիմքում իբրև անկյունադարձ է ընտրվել արդիականությունը, ապա ինչո՞ւ պատշաճ ուշադրություն չի բևեռվել քաջնազարականության թեմային (ընգրկվել է միայն Դ. Դեմիրճյանի դրաման), առակագիրների և առակների ուսումնասիրությանը․ չէ՞ որ առակների ակունքները դարձյալ Աստվածաշնչի մեջ են․ Հիսուս Քրիստոսն իր աշակերտների հետ խոսում էր առակներով։ Կամ թե՝ Ակսել Բակունցը 1930-ական թվականներին Վարդան Այգեկցու շուրջ քառասուն առակներ փոխադրեց արևելահայերենի՝ դրանց բարոյախրատական մասը բաց թողնելով․ այդ օրերի արյան մղձավանջում «առակս զինչ ցուցանէ»։

Ուշագրավ է արտասահմանյան հեղինակների երկերի ընտրությունը՝ առանց աշակերտների հոգեբանական և տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելու։

Եթե մտահոգված եք հայ հանրակրթական դպրոցը նորոգելու խնդրով, ապա կարելի է առավել մատչելի ու հասանելի դարձնել առարկայական մյուս ծրագրերը, պատշաճ ուշադրություն սևեռել բուհական ընդունելության միասնական քննությանը պարտադրվող շտեմարաններին։

Եթե անպարագիծ է մտահոգությունը հայ արդի գրականությունը ուսումնասիրելու վերաբերյալ, կարելի է դարձյալ հավելյալ ժամաքանակով և համակարգվածության սկզբունքը պահպանելով ուսումնասիրել այն՝ դարձյալ ընտրելով դպրոցականին առավել հասանելի ստեղծագործություններ։

Հուսով ենք հարցի վերաբերյալ բոլոր քննարկումներն ու դիտարկումները նկատի են առնվելու և, առաջին հերթին, «Հայ գրականություն» առարկային փոխարինելու չի գա «Գրականությունը»՝ իր թեմատիկ-գաղափարական, հոգեբանական և բոլոր պակասավոր կողմերով։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇՊՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ, Բ․Գ․Թ․, ԴՈՑԵՆՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31