Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պետրոսյան. «Լիբանանում Թուրքիայի ակտիվացումը վտանգավոր է լիբանանահայության համար»

Օգոստոս 11,2020 11:00

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո աշխարհը մարդասիրական օգնություն է ցույց տալիս Լիբանանին: Առաջիններից մեկը Թուրքիան է, որը, ինչպես գրում են բազմաթիվ լրատվամիջոցներ, ավելի շատ փորձում է օգտվել իրավիճակից եւ իր ազդեցությունը մեծացնել Լիբանանի ներքաղաքական կյանքում:

Այս թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ:

«Թուրքիայի հնարավոր ակտիվացումը եւ ազդեցության մեծացումը լիբանանյան ներքաղաքական կյանքում ամենավտանգավոր զարգացումներից է, որը կարող է սպառնալ այդ երկրի, ինչպես նաեւ տարածաշրջանի, ինչու չէ՝ նաեւ լիբանանահայության անվտանգությանը:

Ներկայումս ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հիմնական դերակատարների միջեւ անզիջում հակամարտությունը բոլոր հնարավորություններն ընձեռում են Անկարայի համար՝ առավել ակտիվ խաղալու Լիբանանում:

Լիբանանի ներկայիս ճգնաժամը նաեւ այդ հակամարտությանն ակտիվորեն ներգրավված արտաքին դերակատարների, հատկապես, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների գերլարված իրավիճակի պատճառ է: Անգամ, որոշակի առումով Իրան-ԱՄՆ վերջին երկու-երեք տարիների սրված հարաբերությունները իրենց դրսեւորումն են տեսնում նաեւ Լիբանանում: Հետեւաբար, այս որեւէ փոխզիջման հնարավորություն չունեցող գործընթացները Անկարայի համար լայն հնարավորություններ են ստեղծում: Մինչեւ այս, լիբանանյան գործընթացներում ներգրավված հիմնական դերակատարները ձգտում էին Թուրքիային դուրս թողնել հնարավոր միջամտությունից, լիբանանյան ներքաղաքական գործընթացներից: Իսկ հիմա, քանի որ երկիրը տեւական զգալի աջակցության կարիք է զգում, այս իրավիճակից Անկարան կարող է եւ փորձում է օգտվել: Անգամ Թուրքիայի իշխանությունները Բեյրութի նավահանգիստն իրենց միջոցներով կառուցելու առաջարկություն են արել, իսկ դրանից առաջ, եթե չեմ սխալվում, Լիբանանի իշխանություններին առաջարկվել է օգտվել իրենց նավահանգիստներից: Այսինքն, Թուրքիան փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից, եւ միջամտությունը կարող է իրականացնել ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի՝ Քաթարի միջոցով: Վերջին մի քանի տարիներին Թուրքիան արաբական տարբեր հիմնախնդիրներում ներգրավվում է հիմնականում Քաթարի հետ համագործակցությամբ կամ միջնորդությամբ:

Նույն իրավիճակն է նաեւ Լիբիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտությունում: Նման սցենար հնարավոր է նաեւ Լիբանանում: Դրա վառ վկայություն կարող է դառնալ այն իրողությունը, որ նախօրեին Լիբանանի ճգնաժամի հանգուցալուծմանը նվիրված միջազգային դոնորների համաժողովում Քաթարը իր աջակցությամբ Ֆրանսիայի հետ միասին երկրորդ երկիրը դարձավ՝ փոխանցելով $ 50 միլիոն: Թուրքիայի համար բացվում են նոր հնարավորություններ, ինչը, կրկնում եմ, չափազանց վտանգավոր է Լիբանանի ինքնիշխանության համար, այնպես էլ տարածաշրջանային գործընթացների համատեքստում»:

Մեր հարցին, թե Թուրքիայի ակտիվության վտանգավորությունը լիբանանահայության համար ինչո՞վ կարող է արտահայտվել, փորձագետը պատասխանեց. «Մի քանի վտանգ կա: Նախ, տարածաշրջանային տարաբնույթ հակամարտություններում Թուրքիայի ներգրավման, գուցե, տասներորդ նպատակներից մեկն էլ հայկական համայնքների դիրքերի թուլացումն է: Տարածաշրջանային հայկական համայնքները Օսմանյան կայսրության օրոք Հայոց ցեղասպանության հետեւանքով համալրված եւ ամրապնդված, ինչպես նաեւ պատմական հայրենիքին ամենամոտ գտնվող համայնքներն են: Եվ Թուրքիան ամեն միջոց կիրառելու է նրանց ազդեցությունը, նրանց դերը թուլացնելու, ինչու ոչ՝ նաեւ նրանց պատմամշակութային ժառանգությունը վերացնելու եւ այդ համայնքները ընդհանրապես ոչնչացնելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31