«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին:
«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար եւ միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից: Որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ, մենք կոչ ենք անում հումանիտար բոլոր կազմակերպություններին անել հնարավոր ամեն ինչ՝ Լիբանանին աջակցելու համար: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին՝ սատարելու Լիբանանի ողջ բնակչությանը, ինչպես նաեւ հայ համայնքին»,- հայտարարում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Լիբանանի Կարմիր խաչի եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի (NEF) միջոցով 100.000 ԱՄՆ դոլար մարդասիրական աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետեւանքները մեղմելու համար: Միեւնույն ժամանակ «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 50.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար: 2020 թ. օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge շարժումը կօգնի նաեւ միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք-հանգանակություն: Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել եւս 50.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
Կարդացեք նաև
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։
IDeA հիմնադրամ