Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արձանացման մեխանիզմը

Օգոստոս 11,2020 10:30

Երբ «Առավոտը» հարցազրույց վերցրեց նախկին լրագրողից, որը ներկայումս պատգամավոր է, եւ որը հարցազրույցի ժամանակ ինքնամոռաց եւ ամբարտավան տոնով արդարացնում էր չինովնիկների պարգեւավճարները, ես ինձ համար ֆիքսեցի՝ իշխանությունը սկսել է, այսպես ասած, «բրոնզի գույն ստանալ»: Ռուսերեն կա «забронзоветь» բառը, այսինքն՝ վերածվել սեփական արձանի, արձանանալ:

Ընդհանրապես, եթե խորը մտածենք, զարմանալի է, որ հայերենում նմանատիպ հասկացություն չկա: Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես է արձանանում իշխանությունը, ինչպես է այն ձեռք բերում աստվածության զգացողությունը եւ սկսում նայել մեզ՝ մանր մարդուկներիս՝ որպես ինչ-որ կպչուն, «զահլա տանող», խանգարող տարրերի, որոնք ազդում են նյարդերի վրա իրենց անվերջ հարցերով եւ «ուզում եմ»-ներով, եւ շեղում են ուշադրությունը այն տիեզերական կարեւորության խնդիրներից, որոնք Աստծո կամոք դրված են իր ուսերին եւ հրատապ լուծման խիստ անհրաժեշտություն ունեն: Անձամբ ես տեսել եմ այդ փոխակերպումը՝ սկսած Դեմիրճյանից մինչեւ մեր ժամանակները: Քանդվեց Խորհրդային Միությունը, հաղթանակեցինք Արցախյան պատերազմում, իշխանությունը մի քանի անգամ փոխվեց, բայց իշխանության արձանացումից չպրծանք:

Դժվար է ասել, թե որտեղ են այդ երեւույթի արմատները: Ալեքսանդր Պրոխորովը (խորհուրդ եմ տալիս կարդալ նրա «Կառավարման ռուսաստանյան մոդելը» գիրքը, ի դեպ, «ռուսաստանյան» բառն այստեղ շատ հանգիստ, առանց իմաստային որեւէ կորուստի կարելի է փոխարինել «հայկական»-ի) կարծում է, որ ամեն ինչ սկսվել է Հռոմեական կայսրության բաժանումից՝ Արեւմտյանի եւ Արեւելյանի: Հռոմի եւ Բյուզանդիայի: Իշխանությունը Բյուզանդիայում ընկալվում էր որպես Աստծո նախախնամություն, կայսրը Աստծո օծյալն էր եւ իշխում էր նրա անունից: Արեւելյան ինքնակալության դասական մոդելը, որը տեղայնացվել էր Բյուզանդիայում, չինովնիկին դիտարկում է որպես Աստծո նախախնամության գործիքներ, իսկ ժողովրդին՝ որպես Աստծո ողորմություն ստացողների:

Հռոմեական կայսրության բաժանումը Արեւմտյանի եւ Արեւելյանի, իր մշակութաբանական հետագիծն է թողել մինչ օրս՝ ասելով Արեւմուտք, մենք նկատի ունենք այն հասարակությունը, որտեղ պայմանագիրը կարեւոր է անձնական հարաբերություններից, ասելով Արեւելք՝ մենք հասկանում ենք հասարակություն, որտեղ անձնական հարաբերությունները գերակայում են պայմանագրին: Ավելի ուշադիր նայիր, իմ ակնդետ ընթերցող, եւ դու կհասկանաս՝ հայկական չինովնիկը միշտ դիտարկում է իր սեփական բարեկեցությունը որպես շնորհակալություն Կայսրին, անկախ նրանից, թե ինչ անուն է կրում վերջինս ընթացիկ ժամանակում՝ 1-ին քարտուղար, Գերագույն խորհրդի նախագահ, Նախագահ, թե Վարչապետ: Կայսրն էլ իր պարտքն է համարում որոշակի արտոնություններ տալ իր չինովնիկներին՝ հատուկ խանութներ Սովետի ժամանակ, որտեղ կարելի էր շատ մատչելի գնով ձեռք բերել դեֆիցիտ ապրանքներ, ավելի ուշ՝ բիզնեսով զբաղվելու հնարավորության տրամադրում, հարմար օրենքների լոբբինգ պետբյուջեի գրպանում տեղավորվել, անպատիժ կոռուպցիա, խոշոր պարգեւավճարներ եւ իհարկե՝ քաղաքական ընդդիմախոսների հետ անպատիժ տուրուդմփոցի հնարավորություն:

Ցանկացած հարցերը, որոնք մենք՝ շարքային քաղաքացիներս, տալիս ենք չինովնիկներին, նրանց կողմից ընկալվում են որպես անարժանների կողմից իրենց տառապանքի գնով վաստակած, Կայսրի, Աստծո փոխանորդի կողմից իրենց տրված արտոնությունների դեմ ոտնձգություն: Այդ պատճառով էլ ես չեմ զարմանում նախկին լրագրող-ներկա պատգամավորի «մուննաթի» վրա: Չեմ զարմանում պարգեւավճարների, «Ճերմակ Շորժայում» անցկացված քեֆերի, անպատիժ կռիվ անող պատգամավորների եւ այլ բաների վրա: Եվ քեզ էլ, իմ ուշադիր ընթերցող, նույնն եմ խորհուրդ տալիս:

Աստծո կամքը պետք է անտրտունջ ընդունել եւ ոչ թե փորձել հասկանալ:

 

Ս. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31