Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին իրենց ամառանոցում ապտակել է Ավետիք Սարգսյանին՝ հորը հայհոյելու համար.  փաստաբան

Օգոստոս 10,2020 23:55

Նախկին ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը նրա  պաշտպանը իրավական մասով համարում է տգետ մեղադրանք:

«Նման մեղադրանքի պայմաններում այդ մեղադրանքը ընդունելը Կարեն Գասպարյանի կողմից կլիներ ոչ  տրամաբանական: Նրան մեղադրում են, որ Վարդավառի կանոնները խախտել է, ու դա որակել են  խուլիգանություն, երբ խուլիգանությունն առանց շարժառիթի հանցագործություն է, իսկ տվյալ  դեպքում շարժառիթ է եղել. նոր գնված մեքենան առվից վերցված  ջրով ջրելը առիթ է հանդիսացել, որ վարորդը զայրանա ջրող երեխայի վրա»,- ասաց փաստաբան Արման Թամրազյանը:

Թեեւ, ըստ մեղադրանքի, Կարեն Գասպարյանը բռնություն է գործադրել իր մեքենան ջրած երեխայի նկատմամբ, բայց փաստաբանի խոսքով, կա դեպքի տեսագրություն, որը հակառակն է փաստում. «Տեսագրությունը ֆիքսել է, որ բռնության գործադրում չկա, դատարանում այդ տեսագրությունն արդեն հետազոտել ենք, երբ նաեւ այդ անչափահաս աղջիկը դատարանում հարցաքննվի, դրանից եհտո այդ բռնության իրավական բացակայության մասին մեկնաբանություններ կներկայացնեմ: Իմ պաշտպանյալը միայն խոսքով դիտողություն է արել երեխային, ինչից հետո վեճի է բռնվել նրա հոր հետ»:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գասպարյանը փորձել է իր մեքենան ջրած երեխայի գլուխը մտցնել այն առուն, որից ջուր է երեխան վերցրել ու ջրել, ըստ փաստաբանի՝ տուժող կողմն իր ցուցմունքի այդ դրվագից հետագայում հրաժարվել է. «Գլուխը առուն մտցնելու պահը ցուցմունքներից հետագայում հարթ կերպով հանել են, մնացել է ՝ պարանոցից բռնեց, փորձեց սեղմել ձեւակերպումները, տեսել են՝ տեսագրությամբ իրականությանը չի համապատասխանում»:

Անդրադառնալով երեխայի հորը իր ամառանոց կանչելու ու ստիպելու, որ ներողություն խնդրի Կարեն Գասպարյանի արարքին, որը կա մեղադրական եզրակացության մեջ, փաստաբանն ասաց, որ երեխայի հորը չեն կանչել ամառանոց. «Նախ իմ պաշտպանյալը չի կանչել, իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը: Բոլոր ցուցմունքներով ասվում է՝ նրան հրավիրել է Կարեն Գասպարյանի որդին, որը ոստիկանության  աշխատակից է եղել այդ ժամանակ, նրա վերաբերյալ էլ հիմա չվերացված որոշում կա քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Գասպարյանի ամառանոցում այդ պահին եղել են նրա ընկերներն ու բարեկամները, որոնք Վարդավառ նշելու համար  էին գնացել: Ավետիք Սարգսյանին ամառանոցում ապտակել է Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, իր հորը հայհոյելու համար, ինչից հետո Սարգսյանը գնացել է ու հանցագործության մասին հաղորդում է տվել»:

Փաստաբանի խոսքով, թեեւ  դատաբժշկական փորձաքննության արդյունքով, Սարգսյանի դեմքի վնասվածքները երկու հարվածի արդյունքում են եղել, ոչ թե մեկ, բայց իրականում եղել է միայն Սերգեյ  Գասպարյանի կողմից ապտակը, ինչը արձանագրված է  ամառանոցի տեսախցիկների տեսագրությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31