Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջ Լիբանանում վաղուց կար». արաբագետ Սարգիս Գրիգորյան

Օգոստոս 10,2020 22:18

Reuters գործակալության փոխանցմամբ, Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը այսօր կայացած կառավարության նիստում հայտարարել է իր եւ կառավարության հրաժարականի մասին:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը  Aravot.am-ի հետ զրույցում այդ առիթով ասաց, որ դա պայմանավորված է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկրում ստեղծված լարված իրավիճակով: «Կառավարության հրաժարականի հասարակական պահանջ ավելի վաղ էլ կար: Հիմա, կարծում եմ, իրավիճակը երկրում էլ ավելի կվատթարանա, որովհետեւ այդ հրաժարականը կոնկրետ կարեւոր հարցերի պատասխան չի տալիս: Այսինքն, չկան երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու մեխանիզմներ: Ներկայիս իրավիճակը որոշակի պատային դրության մեջ է դրել Լիբանանի ներքաղաքական կառուցվածքը: Դրան հավելյալ՝ կան որոշակի արտաքին ուժերի միջամտություններ, ինչն ավելի է սրում իրավիճակը»:

Ճշտող հարցին, թե հրաժարականի պահանջի հարցում դրսի միջամտություն կա՞,  Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Հրաժարականի պահանջը վաղուցվանից կար: Ուղղակի երկար ժամանակ տիրող լարված իրավիճակին՝ ֆինանսական, սոցիալ-տնտեսական ճգնաժամին, գումարվեց այս պայթյունը: Սա  ավելի սրեց իրավիճակը եւ ներկայիս կառավարությունը անկարող եղավ տալ պատասխաններ: Ինչ վերաբերում է կոնկրետ դրսից հրաժարականի միջամտությանը, ես որպես այդպիսին, նման բանի չեմ հանդիպել: Բայց դրսի տարբեր ուժային կենտրոններից  ազդեցություն լիբանանյան ներքաղաքական գործընթացների վրա հաստատ կա»:

Արաբագետն անդրադարձավ նաեւ ցուցարարների մի ստվար հատվածի՝ երկրի կառավարումը Ֆրանսիային հանձնելու պահանջին: «Դա գալիս է բողոքի ակցիաների մասնակից որոշակի շրջանակներից, ինչը իմ կարծիքով մեծ հաշվով չի արտացոլում ընդհանուր հասարակական տրամադրությունները: Դա որոշակի շրջանակ է, որի այդ կոչերին պետք է վերապահումներով մոտենալ: Բայց որ դրսից միջամտություններ, որոշակի պրոցեսներ կան, հաստատ է, որոնք գալիս էին Փարիզից, Պարսից ծոցից, արաբական որոշ միապետություններից, Թուրքիայից, որոշ գերտերություններից, օրինակ, ԱՄՆ-ից: Այդ ամբողջը հստակ նկատվում էր»,-ասաց նա:

Խոսելով լիբանանահայոության ճակատագրի հնարավոր զարգացումների մասին՝ Սարգիս Գրիգորյանն ասաց. «Ընդհանուր իրվիճակը, որում հայտնվել է Լիբանանը, ազդում է նաեւ լիբանանահայերի վրա: Հստակ միտումներ կային, որ որոշ լիբանանահայեր ուզում եւ գալիս էին Հայաստան: Բայց կա նաեւ հետեւյալ տեսակետը եւ դա, կարծում եմ, գերակշռող է, լիբանանահայության գերակշիռ հատվածը կշարունակի մնալ Լիբանանում: Եվ քանի որ նրանք բավականին փորձ ունեն՝ քաղաքացիական պատերազմ էլ են տեսել, հավանաբար, կփորձեն իրենց ապագան կապել Լիբանանի եւ Լիբանանի նոր իշխանությունների հետ՝ ակտիվորեն ներգրավվելով բարդ իրավիճակում հայտնված լիբանանյան ներքաղաքական, հասարակական պրոցեսներում եւ համատեղ ուժերով որպես լիբանանցիներ երկիրը դուրս հանել այդ ճգնաժամից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31