Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը Արցախյան հարցում ավելի է խորացրել անորոշությունը». «Լույս» հիմնադրամ

Օգոստոս 10,2020 21:38

«Հարկավոր էր ավելի հստակեցնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ընդհանուր ռազմավարությունը, նախանշել այն «կարմիր գծերը», որոնց շրջանցումը կարող է էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության համար։ Սա շատ կարևոր էր հատկապես ՀՀ իշխանությունների կողմից կարգավորման գործընթացի վերաբերյալ պարբերաբար հնչեցվող իրարամերժ հայտարարությունների համատեքստում»,- ասված է «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Լույս» հիմնադրամն օրերս ծավալուն վերլուծություն է հրապարակել՝ «ՀՀ անվտանգության ռազմավարությունը արտաքին միջավայրում եւ տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում»  վերնագրով: 40 էջանոց վերլուծության մեջ մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրին՝ 2007 թվականի անվտանգության ռազմավարությունը մշակելու շրջանում, գնահատվել են ՀՀ արտաքին անվտանգության նախորդ ռազմավարության առջեւ դրված խնդիրները եւ արդյունքները: Գնահատվել են Հայաստանի նոր ազգային անվտանգության ռազմավարության ռիսկերը:

Առանձին անդրադարձ կա նաեւ Արցախի խնդրին:

Ըստ վերլուծության հետեւության, անվտանգության ռազմավարությունը պետք է լիներ այն փաստաթուղթը, որից պետք է բխեին Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները և բանակցությունների ժամանակ հայկական պատվիրակությունների վարքագիծը, որը պետք է հնարավորություն տար խուսափելու հակասական հայտարարությունների պատճառով անբարենպաստ բանակցային դիրքերում հայտնվելու հեռանկարից. «Այս տեսանկյունից շատ կարևոր էր ռազմավարական այս կարևոր փաստաթղթում արձանագրել այն պարզ ճշմարտությունը, որ Արցախը ցանկացած կարգավիճակով երբևէ չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում։ Այս սկզբունքը արտահայտված էր նաև նախորդ ռազմավարության մեջ, սակայն հարկավոր էր այն ավելի հստակեցնել և նվազագույնի հասցնել տարընթերցումների և շահարկումների հնարավորությունը։ Ցավոք, նոր ռազմավարությունը Արցախյան հարցում ավելի է խորացրել անորոշությունը, փաստաթղթում բացակայում են մի շարք կարևոր հարցերի պատասխանները, ի հայտ են գալիս նորերը։ Անվտանգության նոր ռազմավարությունը ոչ միայն չշտկեց բանակցային գործընթացում վերջին 2 տարիներին հայկական կողմի թույլ տված բացթողումները, այլև այդ հեղհեղուկ, հակասական քաղաքականությունը արտացոլեց նաև ռազմավարական այս կարևորագույն փաստաթղթում։

Վերլուծության հեղինակների գնահատմամբ 2007-ի ռազմավարությունը ԱՀ հետագա ճակատագրի մասին բավականին հստակ մոտեցումներ էր պարունակում։ Ռազմավարության մի առանձին գլուխ վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», որտեղ հստակ նշվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են»։

Փաստաթղթում նշվում էր, որ «ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանը ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»։

Ռազմավարությունը հստակ սահմանում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ, իսկ անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Նշված մոտեցումը ընդհանուր առմամբ հստակորեն ընդգծում էր, որ անվտանգության նախորդ ռազմավարությունը ԼՂՀ փաստացի գոյությունը համարում էր նրա անկախ՝ Ադրբեջանի սահմաններից դուրս կարգավիճակը։ Նոր ռազմավարությունը պետք է պահպաներ այս մոտեցումը, ինչու չէ, նաև զարգացներ այն՝ ամրագրելով, որ ԱՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ «Այս հանգամանքը կարևոր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ամենաբարձր մակարդակով երբեք չեն նշել, որ Արցախը չեն պատկերացնում Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, հարցի վերաբերյալ հստակություն ապահովելու, տարընթերցումներից խուսափելու և հայկական կողմի ռազմավարական տեսլականը ամրագրելու առումով կարևոր էր ՀՀ անվտանգության նոր ռազմավարությամբ սահմանել, որ բանակցությունների արդյունքում Արցախի Հանրապետության հետագա ճակատագիրը որոշելիս հայկական կողմը բացառում է այնպիսի լուծում, որը կենթադրի որևէ ձևաչափով Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Այս մոտեցման ռազմավարական ամրագրումը թույլ կտար, որ ՀՀ ներկայիս և հաջորդ իշխանությունները արցախյան քաղաքականությունը կառուցեն՝ ելնելով այդ սկզբունքից և խուսափելով ԱՀ կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններից ու շահարկումներից»,- ասված է վերլուծության մեջ։

Ի տարբերություն նախորդ ռազմավարության, նոր փաստաթղթում առհասարակ բացակայում է ԼՂՀ կամ ԱՀ ձևակերպումը։ Այս հանգամանքը վերլուծության հեղինակների համար շատ մտահոգիչ է, քանի որ ռազմավարական կարևոր փաստաթղթում փաստացի իջեցվում է Արցախի սուբյեկտայնության աստիճանը. «Եթե վերջին 2 տարիների բանակցային գործընթացի տրամաբանությունը պարունակում էր Արցախի սուբյեկտայնությունը նվազեցնելու միտումը ուրվագծող հստակ ազդակներ, ինչը զուգորդվում էր այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնքի» դերակատարության բարձրացմամբ, ապա անվտանգության նոր ռազմավարության մեջ «Արցախի Հանրապետություն» տերմինի բացակայությունը խոսում է այս հարցում Հայաստանի իշխանությունների մտահոգիչ հետքայլի մասին։

Ուշագրավ է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, մեկնաբանելով փաստաթղթում «Արցախի Հանրապետություն» տերմինի բացակայության վերաբերյալ մտահոգությունները, իր հարցազրույցներում դա արդարցնում է այն իրողությամբ, որ իբրև այդ հարցի վերաբերյալ իշխանության դիրքորոշումը արտահայտված է Ստեփանակերտում հայտնի ելույթի ժամանակ վարչապետի արած «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման մեջ։ Սա այն պարագայում, երբ Անվտանգության ռազմավարության մեջ այդ հայտարարությունը որևէ կերպ արտացոլված չէ․ ավելին, Արցախյան հակամարտությանը վերաբերող բոլոր դրվագներում հիշատակվում է ինքնորոշման սկզբունքը։ Եթե սա դիտարկենք ընդհանուր առմամբ փաստաթղթում Արցախի սուբյեկտայնությունը կասկածի տակ դնող տերմինաբանության օգտագործման համատեքստում, ապա ավելի են սրվում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշման շուրջ հակասությունները։

Եթե նախորդ ռազմավարության մեջ մի ամբողջ գլուխ վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», ապա նոր ռազմավարության մեջ նման գլուխ բացակայում է, փոխարենը Արցախյան հակամարտությունը ներկայացվում է «Արցախի անվտանգության ապահովում» ենթավերնագրի ներքո։ Եթե նախորդ ռազմավարության մեջ հստակ նշվում էր, որ Հայաստանը ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք միտված են ԼՂՀ փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն, ինչպես նաև նշվում էր, որ ԼՂՀ հռչակման իրավական հիմքերն անխոցելի են, ապա նոր ռազմավարության մեջ նշվում է, որ խաղաղ գործընթացի հիմքն են Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները։ Այս անորոշ ձևակերպումը, որը վերջին երկու տարիներին պարբերաբար օգտագործվում էր ՀՀ բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, անվանգության նոր ռազմավարության մեջ ոչ միայն չհաստակեցվեց, այլև ավելի հեղհեղուկ կերպով ներկայացվեց»։

Վերլուծությամբ ամրագրվում է, որ փաստաթղթի այն հատվածում, որտեղ ներկայացվում են Հայաստանի հիմնարար ազգային շահերը, դրանց շարքում Արցախի մասով միայն նշվում է վերջինիս անվտանգության ապահովման հանգամանքը։ Ազգային շահերի համատեքստում չի խոսվում ոչ ԱՀ անկախության և ինքնիշխանության և ոչ էլ վերջինիս սահմանների անվտանգության մասին։ Այսպես, փաստաթղթում նշվում է․ «Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի»։ Խոսվում է ոչ թե ԱՀ անվտանգության պաշտպանության մասին, այլ նշվում է, որ «արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման»։

Վերլուծության հեղինակները նկատում են, որ սա այն պարագայում, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արդեն իրացված է և արտացոլված է վերջինիս անկախության հռչակագրում և Սահմանադրության մեջ, ուստի ոչ թե անհրաժեշտ է սատար կանգնել այդ իրավունքի իրացմանը, այլ երաշխավորել փաստացի իրացված իրավունքի արդյունքում ձևավորված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ըստ վերլուծության հեղինակների, պետք էր շեշտել ոչ թե արցախահայության անվտանգության ապահովման գերակայությունը, այլ հստակ նշել ԱՀ անվտանագության պահպանման անհրաժեշտության մասին. «Առհասարակ, երբ ռազմավարության մեջ նշվում է, որ ՀՀ-ը Արցախի հայության անվտանգության երաշխավորն է, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ միայն Արցախի հայության, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունում բնակվող նաև այլ ազգերի՝ օրինակ եզդիների, ռուսների։

Ընդհանուր առմամբ, փաստաթղթի հեղինակները հնարավորինս խուսափել են Արցախի վերաբերյալ պետական ատրիբուտներ խորհրդանշող տերմինաբանության օգտագործումից։ Այսպես, փաստաթղթի տարբեր հատվածներում նշվում է «հայ-ադրբեջանական միջպետական» սահման, սակայն «արցախա-ադրբեջանական շփման գիծ», «Հայաստանի ժողովուրդ», բայց «Արցախի բնակչություն», «Հայաստանի Հանրապետություն» և «Արցախ»։

Վերլուծության հեղինակներն ուշագրավ են համարում, որ ռազմավարության ողջ տեքստում «Արցախի ժողովուրդ» տերմինը օգտագործվում է միայն վերոհիշյալ դրվագում, երբ խոսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի սատար կանգնելու մասին։ Մնացած դեպքերում օգտագործվում են «Արցախի հայություն», «Արցախի բնակչություն» տերմինները. «Սա շատ տարօրինակ միտում է, հատկապես եթե խոսվում է ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում, քանի որ տերմինաբանության նման կիրառությունից կարելի է ենթադրել, որ Արցախի ժողովուրդը դեռ պետք է իրացնի իր ինքնորոշման իրավունքը, մինչդեռ այժմ խոսքը գնում է Արցախի (փաստացի) բնակչության կամ հայության մասին։

Ակնհայտ է, որ «ժողովուրդ» տերմինը ավելի ընդգրկուն և լայն է, սովորաբար հենց այս տերմինն է օգտագործվում պետությունների բնակչությանը բնութագրելու համար, մինչդեռ «Արցախի բնակչություն» կամ «Արցախի հայություն» տերմինները ավելի նեղ բնույթ ունեն, որը կարող է դիտարկվել որպես ավելի լայն՝ «ժողովուրդ» տերմինի միայն մի մասնիկի համատեքստում։

Փաստաթղթում նշվում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր ճակատագրի որոշմանը։ Այս ձևակերպումը նույնպես, առանց «Արցախի Հանրապետություն» տերմինի օգտագործման, կարող է տարատեսակ մեկնաբանությունների առիթ դառնալ․ մասնավորապես, ադրբեջանական կողմը փորձ է անում որպես Արցախի ադրբեջանական համայնքի ընտրված ներկայացուցիչ ներկայացնել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարին և կարող է բարձրացնել բանակցություններին վերջինիս մասնակցության հարցը»։

Անվտանգության նոր ռազմավարությունը, վերլուծության հեղինակների կարծիքով, պետք է նաև Արցախյան բանակցային գործընթացում և առհասարակ հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին շրջանի բացասական միտումները շտկելու հնարավորություն ընձեռեր. «Մասնավորապես, այն պետք է ամրագրեր, որ ՀՀ-ն որպես Արցախի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչում է ԱՀ իշխանություններին և բանակցությունների ընթացքում հիմնվելու է բացառապես այս իրողության վրա։ Սա կարող էր հստակ ազդակ դառնալ, որ որևէ պարագայում չի կարող հավասարության նշան դրվել Արցախի իշխանությունների և Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հորինված այսպես կոչված «Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի ներկայացուցչի» միջև։ Սակայն, ինչպես տեսնում ենք, փաստաթղթի հեղինակները շարժվել են հակառակ տրամաբանությամբ։ 2007թ․ ռազմավարության մեջ հստակ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ, մինչդեռ նոր փաստաթղթում չի նշվում աշխարհագրական կապի մասին, այլ խոսվում է ավելի ընդհանրական՝ ՀՀ հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգի մասին»։

Ըստ այդմ, Արցախյան հակամարտության հետ կապված, վերլուծության հեղինակների համար շատ կարևոր է, որ անվտանգության նոր ռազմավարությունը մշակելիս հաշվի առնվեր նաև Ապրիլյան պատերազմի փորձը, հետևանքները, հստակ գնահատական տրվեր այդ իրադարձություններին։ «Մասնավորապես, հարկավոր էր վերջ դնել Ապրիլյան պատերազմում հայկական կողմի «պարտության» մասին շահարկումներին, հստակ ամրագրելով, որ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից նախաձեռնված հարձակում էր, որը հետ է շպրտվել՝ հակառակորդին հասցնելով էական կորուստներ, ունենալով նաև որոշ բացթողումներ, որոնք էական ազդեցություն չեն ունեցել ռազմական գործողությունների ելքի վրա։ Այստեղ կարևոր է այն հանգամանքի շեշտադրումը, որ ըստ էության՝ պատերազմում Ադրբեջանի նպատակը հակամարտության գոտում ռազմական իրավիճակի փոփոխությունն ու ըստ այդմ՝ բանակցային սեղանին առավելություն ձեռք բերելն էր, մինչդեռ հայկական կողմի նպատակն էր հնարավորինս քիչ զոհերի գնով սահմանների անվտանգության ապահովումը, հակառակորդին իր նախաձեռնած արկածախնդրության համար պատժելը, խուսափելը այնպիսի կորուստներից, որոնք Ադրբեջանին առավելություն կտային բանակցային սեղանին և շփման գծում։ Ապրիլյան պատերազմին հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը չի կարողացել հասնել իր նպատակներին, իսկ հայկական կողմը ընդհանուր առմամբ լուծել է իր առջև դրված խնդիրները։ Մասնավորապես, Ադրբեջանը պատժվել է՝ տվել է մի քանի անգամ ավել մարդկային կորուստներ։ Սահմանին ստատուս-քվոն պահպանվել է՝ Ադրբեջանի կողմից որոշ դիրքերի գրավումը վերջինիս որևէ լուրջ ռազմավարական առավելություն չի տվել, համենայն դեպս այդպիսի առավելության հետևանքների մասին փաստեր չկան։

Ի վերջո, Ադրբեջանը բանակցային գործընթացում ոչ թե ամրապնդել է իր դիրքերը, այլ ստիպված է եղել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում զիջումների գնալ, Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը ինքն է հայտարարել, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Ցավոք, նոր ռազմավարության մեջ անհրաժեշտ ձևով անդրադարձ չի կատարվում 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին։ Թեև հստակ արձանագրվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստը, սակայն գնահատական չի տրվում հայկական զինված ուժերի գործողություններին, չի նշվում հայկական կողմի հաղթանակի, Ադրբեջանի ծրագրերի տապալման մասին։

Որևէ կերպ անդրադարձ չի կատարվում Ապրիլյան պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հայկական կողմի ունեցած ձեռքբերումներին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, չի նշվում այդ պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններից հրաժարվելու ադրբեջանական քաղաքականության մասին»,- աված է վերլուծությունում՝ ամրագրելով, որ Ապրիլյան պատերազմի մասին հստակ գնահատականների բացակայությունը բաց է թողնում դրա վերաբերյալ բազմաթիվ շահարկումների դաշտը, ինչը անվտանգության տեսանկյունից պարունակում է բազմաթիվ սպառնալիքներ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31