2016 թվականի հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման մասին քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանն իմացել է հուլիսի 17-ին, ժամը 9-ի սահմաններում՝ Գագիկ Եղիազարյանից:
Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ: Այսօր դատարանում Անդրիաս Ղուկասյանը ցուցմունք է տվել:
Անդրիաս Ղուկասյանին է զանգահարում Գեղամ Սահակյանը, որը նախկինում, մինչև 2016 թվականի հունվար ամիսն, աշխատել էր «Հիմադիր խորհրդարանի» գրասենյակում, որպես Գարեգին Չուքասզյանի անձնական թիկնապահ, սակայն վերջինիս մոտ 2016թ հունվարին կասկած է առաջացել, որ Սահակյանը համագործակցում է ոստիկանության հետ և նրան հեռացրել է աշխատանքից: «Գեղամ Սահակյանը ինձ խնդրեց պատասխանել Գագիկ Եղիազարյանի զանգերին և առաջարկեց հանդիպել իմ գրասենյակում: Ինձ համար ակնհայտ էր, որ դա ուղղորդված գործողություն է և ես հրաժարվեցի հանդիպել, ասելով որ պետք է դուրս գամ իմ գրասենյակից, սակայն իրականում ոչ մի տեղ դուրս գալու անհրաժեշտություն չունեի և մինչև ուշ երեկո աշխատել եմ իմ գրասենյակում»,- ասված է Անդրիաս Ղուկասյանի ցուցմունքում:
Հուլիսի 29-ին, ժամը 18:50-ի սահմաններում Անդրիաս Ղուկասյանին չորրորդ անգամ է զանգահարել Գեղամ Սահակյանը՝ փորձելով հեռախոսով տեղեկություններ հայտնել Սարի թաղի վերաբերյալ: Ղուկասյանը, Գեղամին ընդհատելով, ասել է, որ այդ տեղեկությունները պետք է ներկայացնել ոչ թե բանավոր, այլ գրավոր, որպեսզի դրանք հրապարակվեն հանրահավաքի հարթակից: Այդ հեռախոսազանգից Անդրիաս Ղուկասյանը հասկացել է, որ ոստիկանությունը փորձում է արհեստական նյութեր ստեղծել՝ շինծու քրեական գործ հարուցելու համար:
Կարդացեք նաև
20:10-ի սահմաններում Անդրիաս Ղուկասյանը դուրս է եկել տանից և շարժվել դեպի Ազատության հրապարակ: Հանրահավաքին միացել է այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում Դավիթ Սանասարյանը: Եղիշե Պետրոսյանը Անդրիաս Ղուկասյանին տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդում ընթանում է բախում, ոստիկանությունը փորձել է գրոհ ձեռնարկել և կան երեք տասնյակ վիրավոր ոստիկան: Այդ տեղեկությունները նրան փոխանցել էր Շահեն Հարությունյանը: Նա նաև ասել է, որ խորհուրդը մտադիր է երթ կազմակերպել դեպի Խորենացի փողոց, որպեսզի իրենց ներկայությամբ փորձեն կանխել այնտեղ ընթացող մարտական գործողությունները:
Երթի մեկնարկից մոտ հինգերորդ րոպեին, ըստ Անդրիաս Ղուկասյանի, Նար-Դոս փողոցում երթի առաջին շարքի ձախ անկյունից հնչեց կոչ «Սարի թաղ», և ցուցարարները հանգիստ թեքվեցին դեպի Սարի թաղ տանող փողոց և մոտ 1 րոպե ազատորեն շարժվեցին այդ ուղղությամբ: «Ոստիկանները, մոտ 15 հոգի, երթի թիկունքից վազելով, առաջացան և փորձեցին շղթա կազմել երթի ընթացքը կասեցնելու համար: Ոստիկանության կողմից որևէ եղանակով հայտարարություն չէր արվել, որ այդ ուղղությամբ գնալն արգելվում է: Քաղաքացիներն առանց բռնության, միայն հրելով և շրջանցելով, անցան ոստիկանության շղթան և շարունակեցին երթը Սարի թաղում: Դրանից հետո մոտ 2 րոպե ոստիկանները շարունակում էին ուղեկցել երթը Սարի թաղում: Շարժվելու համար երթի ուղղությունը ցույց էին տալիս Սարի թաղի բնակիչները, և մոտավորապես 21:10-ի սահմաններում ցուցարարները հասան Գլինկա փողոցի ոլորանների հատվածը, որտեղից երևում էր ՊՊԾ գունդը: Այդ վայրից ճանապարհով 200 մետր հեռավորության վրա, դեղատան շենքի մոտ Որմնադիրների և Գլինկա փողոցների խաչմերուկում գտնվում էր ոստիկանական պատնեշը: Մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվում էր ՊՊԾ գունդը, ոլորանի վերևի և ներքևի հատվածների միջև հեռավորությունը կազմում էր մոտ 40 մետր: Այն հատվածում, որտեղ ոլորանը պտույտ էր անում, կար շենք, որի վրա կար ցուցանակ՝ Հացի փուռ: Իսկ դրա դիմաց կայանված էր Nissan Sunny 33 LT 533 հաշվառման համարանիշով ավտոմեքենա: Մեքենայի մոտակայքում ճանապարհը փակված էր տուֆի շինարարական ստանդարտ քարերով:
Այդ պահին նշված տարածքում որևէ ոստիկան չկար, Արմեն Մարտիրոսյանը, բարձրախոսով դիմելով քաղաքացիներին, կոչ էր անում հավաքվել այդ տարածքում և դրանից առաջ այլևս չշարժվել: Ես մի փոքր ուշացումով մոտեցա այդ վայրին, որովհետև ամսի 20-ին վիրավորված ոտքս ցավում էր և դժվարությամբ էի քայլում: Այդ պահին, երբ ցուցարարները կուտակվել էին փողոցի լայն հատվածում, Դավիթ Սանասարյանը բարձրախոսով զգուշացնում էր բոլորին, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կարող են հրահրել բախում: Դրանից հետո նորից ելույթ ունեցավ Արմեն Մարտիրոսյանը` ասելով, որ հարկավոր է մնալ այս վայրում և այստեղից ողջունել «Սասնա ծռերին»:
Որոշ ցուցարարների կողմից սկսեցին հնչել կոչեր շարժվել առաջ: Ինձ թվաց, որ Արմեն Մարտիրոսյանի խոսքը չի ընկալվել ցուցարարների կողմից և ես, մոտենալով նրան, խնդրեցի թույլ տալ ելույթ ունենալ: Արմենը տրամադրել է ինձ բարձրախոսը, և ես բացատրել եմ քաղաքացիներին, որ մենք եկել ենք Սարի թաղ անզեն, խաղաղ բողոքի ակցիա անցկացնելու համար, որ մեր առաքելությունը նրանում է, որ կարողանանք մեր ներկայությամբ զսպել եղբայրասպան բախումը: Ես ասացի քաղաքացիներին, որ յուրաքանչյուր քաղաքացիական զոհ վերագրվելու է Սասնա ծռերին: Ինձանից հետո Արմեն Մարտիրոսյանը շարունակել է ելույթը և կարելի է ասել, որ լիովին վերցրել է իրավիճակն իր կառավարման տակ: Քանի որ ինձ հայտնի չի եղել խորհրդի այդ օրվա գործողությունների պլանը, այդ ելույթից հետո ես որևէ մասնակցություն Սարի թաղում ցույցի կառավարման գործում չեմ ունեցել»,- ասված է Անդրիաս Ղուկասյանի ցուցմունքում:
Ապա, ցուցարարների՝ Սարի թաղ հասնելուց մոտ 15 րոպե անց, Անդրիաս Ղուկասյանի ներկայացմամբ, ոլորանի ներքևի հատվածում երևացել են ոստիկանական ուժերը. «Այդ պահին մի երիտասարդ տղամարդ սև կաշվե ձեռնոցներով փորձեց մի խումբ մարդկանց ուղղորդել ոստիկաններին ընդառաջ: Ակնհայտ էր, որ դա ոստիկանության աշխատակից էր կամ ոստիկանության հետ համագործակցող անձ:
Քաղաքացիներին առաջ գնալուց զերծ պահելու համար Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Հովսեփ Խուրշուդյանը այլ ցուցարարների հետ շղթա կազմեցին փակելով ճանապարհը և շարժվելով ոլորաններով դեպի վերև, ոստիկաններին հակառակ ուղղությամբ, այդպես կանխելով ցուցարարների հետագա առաջընթացը: Չնայած այդ գործողություններին՝ մոտ 10-15 ցուցարար այնուամենայնիվ իջել էին դեպի ոլորանի ներքևի հատված և, ինչպես հետագայում իմացա, սկսել էին նստացույց անել ճանապարհին, այդպես ցուցարարների և ոստիկանների բաժանարար պատնեշ ստեղծելու նպատակով: Ոստիկանների ի հայտ գալուց 5 րոպե հետո ոլորանի ներքևի հատվածում, որն, ինչպես ասել եմ, գտնվում էր վերևի հատվածից 40 մետր հեռավորության վրա, հնչեցին լուսաձայնային նռնակների 5 պայթյուններ: Դրանից 2 րոպե հետո 2 «Սվիրել» տեսակի կրակոց արձակվեցին ոլորանի վերևի հատվածում հավաքաված ցուցարարների ուղղությամբ: Դրանից հետո ևս մեկ լուսաձայնային նռնակի պայթյուն հնչեց ոլորանի հատվածում: Այդ պայթյուններից հետո ոլորանի ներքևի հատվածից հետ վերադարձան այնտեղ գտնվող ցուցարարները, որոնցից ոմանք ունեին մարմնական վնասվածքներ՝ լուսաձայնային նռնակներից և քարերի հարվածներից»:
Ապա Արմեն Մարտիրոսյանը, տեսնելով այդ իրավիճակը, կոչով դիմել է քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց, որպեսզի դադարեցվի եղբայրասպան բախումը: Նա հայտնել է նաև, որ ցուցարարների շարքում ներդրված են եղել սադրիչներ, հավանաբար, քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք փորձել են բախում հրահրել, սակայն քաղաքացիները այդ սադրանքին չեն տրվել: Այդ պահին, ոլորանի ներքևի հատվածից, ըստ ցուցմունքի, երևացել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, սույն գործով վկաներ՝ Լավրենտ Գալստյանը և Էդգար Պապիկյանը: Լավրենտ Գալստյանը և Էդգար Պապիկյանը առանց սաղավարտների են եղել, Գալստյանն իր ձեռքում պահել է վահան, իսկ Պապիկյանն առանց վահանի է եղել, ձեռքին՝ ռադիոհեռախոս:
«Ցուցարարների՝ Գլինկայի փողոց հասնելու պահից, մինչև Աշոտ Կարապետյանի այդ վայրում հայտնվելն անցել էր առնվազն 30 րոպե: Արմեն Մարտիրոսյանը մոտեցել է Աշոտ Կարապետյանին և իրենց միջև սկսել են բանակցություններ: Իմ ելույթից հետո ես և Դավիթ Հովհաննիսյանը կանգնած ենք եղել փողոցի ձախ հատվածի այն մասում, որտեղ կային աստիճաններ տանող դեպի ոլորանի վերևի հատված: Այդտեղից մինչև բանակցությունների վայրը հեռավորությունն էր մոտ 30 մետր, ուստի՝ ես չեմ լսել ինչի մասին են բանակցել Կարապետյանն ու Մարտիրոսյանը: Բանակցությունների սկզբից 2-3 րոպե անց ոլորանի ներքևի հատվածից սկսեցին երևալ բազմաթիվ ոստիկաններ, որոնց գլխավորում էր ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը: Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը, բարձրախոսով դիմելով ոստիկաններին, հայտնեց, որ ցուցարարները մտադիր չեն գեթ մեկ քայլ առաջ գալ: Բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 10 րոպե, որից հետո Մարտիրոսյանը հետ է վերադարձել ցուցարարների մոտ: Ես մոտեցել եմ Մարտիրոսյանին, որպեսզի ճշտեմ, թե նա ինչ է բանակցել ոստիկանության ղեկավարների հետ: Մարտիրոսյանն ասաց, որ ոստիկանները մտադիր են ցրել հանրահավաքը, նա դիմել է քաղաքացիներին կոչով՝ որևէ իր, որևէ քար չնետելու խնդրանքով, իսկ այդպիսի գործողություններ կատարողներին, բռնել և հանձնել ոստիկաններին, կանանց և երեխաներին նա խնդրել է հետ գնալ առաջին շարքերից: Ինձ համար պարզ դարձավ, որ Մարտիրոսյանը տրամադրված չէ նահանջել և մտադիր է ցույցը շարունակել: Առանց իրեն որևէ բան ասելու՝ ես հետ վերադարձա այն տեղը, որն արդեն նկարագրել եմ: 20:30-ի սահմաններում կրկին զանգահարել է կինս և ասել է, որ Խորենացի փողոցում ինչ որ մի երիտասարդ սադրիչ ելույթ է ունենում և կոչ է անում ներխուժել դեպի ՊՊԾ գունդ: Քանի որ Սարի թաղի ցույցում ես որևէ դերակատարություն չունեի, որոշել եմ հետ վերադառնալ Նար-Դոսի փողոց և միանալ Խորենացի փողոցում ընթացող ցույցին: Այդ պահին Մարտիրոսյանը նորից գնաց դեպի ոստիկաններ և ես, մոտենալով «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանին, տեղեկացրեցի իրեն իմ՝ հետ վերադառնալու որոշման մասին:
Այդ պահին կինս երրորդ անգամ զանգահարել է ինձ և ասել է, որ Խորենացի փողոցում ոստիկանները բարձրախոսով պահանջել են դադարեցնել ցույցը: Ես որոշեցի մի փոքր սպասել, ակնկալելով, որ Արմեն Մարտիրոսյանը կրկին հետ կվերադառնա ոստիկանների հետ բանակցություններից հետո և հնարավոր կլինի իր հետ քննարկել ստեղծված իրավիճակը: 22:40-ի սահմաններում կինս չորրորդ անգամ զանգահարել է Դավիթ Հովհաննիսյանի հեռախոսին՝ հայտնելով, որ Խորենացի փողոցում ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա: Դրանից 4-5 րոպե անց ոստիկանները հրելով տարան Արմեն Մարտիրոսյանին՝ դեպի իրենց շարքերի թիկունք: Այդ պահին Աշոտ Կարապետյանը և նրան ուղեկցող Լավրենտ Գալստյանն ու Էդգար Պապիկյանը նույնպես հեռացել էին ոստիկանների առաջին շարքից: Ցուցարարները արձագանքեցին այդ գործողություններին սուլելով և աղմկելով: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալելուց 1 րոպե անց, ժամը 22:45-սահմաններում, ոստիկանները, առանց բարձրախոսով նախապես զգուշացնելու, խախտելով օրենքով սահմանված կարգը, լուսաձայնային նռնակներ սկսեցին նետել ցուցարարների ուղղությամբ: Առաջին նռնակները նետելու պահին ոստիկանների առաջին շարքում կանգնած էին միայն վահաններով և սաղավարտներով պաշտպանված ոստիկաններ: (…) Ոլորանի վերևի հատվածում, որտեղ ճանապարհը պտույտ էր անում և բաժանվում էր երեք ուղղությունների, ինձ համար անսպասելի ստվերից դուրս եկավ մի կարճահասակ երիտասարդ տղամարդ՝ կապույտ գլխարկով, կապույտ երկարաթև վերնաշապիկով և սև տաբատով: Նա իմ ծնկներին ինձ համար անսպասելի հարվածեց երկաթյա մահակով, այդ պահին նկատեցի, որ մեկ այլ տղամարդ հարվածում է իմ հետևից եկող ցուցարարին, որն այդ հարվածից ընկավ գետնին: Հարվածը ստանալուց հետո, մի կերպ զսպելով ցավը, շարունակել եմ քայլել երեք փողոցներից մեջտեղինով»,- ասված է Անդրիաս Ղուկասյանի ցուցմունքում:
Անդրիաս Ղուկասյանը մտել է Սարի թաղի տներից մեկի բակ, բնակիչներից բուժօգնություն խնդրել: Բնակիչները վիրակապել են նրա ծնկների վրա եղած վերքերը և մեքենա կանչել իրեն տուն տեղափոխելու համար: Ճանապարհի կեսից վարորդը, կանգնեցնելով մեքենան մի տաքսի մեքենայի մոտ, խնդրել է հետագա ճանապարհը շարունակել այդ տաքսիով: Տանն իրեն արդեն սպասել է ԿՀԴՊԳՎ պետն իր անձնական մեքենայով, ով որ Անդրիաս Ղուկասյանին հայտնել է իր ձերբակալման մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ