Սահմանային լարված իավիճակը կարող է մեծ հետք թողնել հոգեկան առողջության վրա, երբ անձը հոգեբանորեն պատրաստ չէ կամ չունի իրավիճակին տիրապետելու համապատասխան գիտելիքներ․ այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 10-ին, Մեդիա կենտրոնի կազմակերպած «Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին» թեմայով առցանց քննարկման ժամանակ։
«Սահմանային լարված իրավիճակով պայմանավորված, հայտնվել ենք պարբերաբար վախի եւ տագնապի մթնոլորտում, որը վնասում է մեր հոգեկան առողջությունը»,- քննարկման ընթացքում նշեց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանը ։
Զախարյանի պնդմամբ, հետագա առողջական բարդություններից խուսափելու համար մարդկանց նախեւառաջ պետք է հասցնել ներքին պատրաստվածության․ «Պետք է մարդկանց բացատրել, որ կան իրողություններ, որ մեր կառավարելիությունից դուրս են։ Նման դեպքերում պետք է չկտրվել իրողությունից։ Պետք է խոսել հույզերից, խոսել, շփվել, հասկանալ։Այս պահին «Հայկական կարմիր խաչի» ընկերությունը Տավուշի մարզում դասընթացներ է անցկացնում՝ տառապանքի եւ կարեկցանքի մեջ գտնվող անձանց հոգեբանական առաջին օգնություն տրամադրելու։ Կարող եմ ասել, որ մասնակիցները էմոցիաները կառավարելու, սթրեսակայունության հմտություն են ձեռք բերում»։
Էլիզաբեթ ԹՈՎՄԱՍՅԱՆ