Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» խմբավորմանը միանալու շարժառիթ կամ մտադրություն չի ունեցել, քանի որ ինքն առհասարակ զինված պայքարի կողմնակից չէ եւ իր համար ակնհայտ է եղել, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ի սկզբանե որևէ օգտակար քաղաքական արդյունք այդ խմբի անդամներին չէին կարող բերել: Այս մասին այսօր դատարանում հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, վերջինս մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ: Գործում, որպես ապացույց առկա է «Ա1+» հեռուստաընկերության կողմից 2016թ.-ի ապրիլի 29-ի իրադարձությունների ուղիղ եթերով հեռարձակման տեսագրությունը: Այն ընդգրկում է Ազատության հրապարակում քաղաքացիների հավաքը, դեպի Խորենացի փողոց տեղի ունեցած երթը, որն այնուհետեւ շարունակվել էր Սարի թաղում, որտեղ էլ ոստիկանական գործողությունների հետեւանքով տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ էին տուժել:
Այսօր դատարանում Անդրիաս Ղուկասյանը ցուցմունք է տվել:
Ապացուցելու համար, որ ինքը «Սասնա ծռեր» խմբավորման հետ չէր կարող միանալ, Անդրիաս Ղուկասյանը բավականին մանրամասն ներկայացրել է իր կենսագրության քաղաքական հատվածը:
Կարդացեք նաև
«Մասնավորապես, 2016 թվականի հուլիսին իմ գործընկեր Վարուժան Գաբրիելյանի հետ իրականացնում էի Արցախում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավ: Իմ նախաձեռնությամբ ստեղծվել էր քաղաքացիական խումբ, որը, համագործակցելով Արցախի «Խաղաղություն և զարգացում» կուսակցության հետ, առաջ էր տանում Արցախում Սահմանադրության փոփոխության՝ պետական կառավարման նախագահական մոդելի գաղափարը: Հունիս ամսին ես առաջարկեցի Արցախի Հանրապետության համար Սահմանադրության նախագիծ, որի դրույթների քննարկումը կատարվում էր իմ և Վարուժան Գաբրիելյանի ռադիոկայանների միջոցով: Հուլիսի 20-ին Երևանում ես պատրաստվում էի անցկացնել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ կլոր սեղանի ձևաչափով, որից հետո հաջորդ շաբաթ նման քննարկում անցկացնել նաև Ստեփանակերտում: Մինչ այդ Արցախի Հանրապետության ղեկավարությունը միտված է եղել Արցախում անցկացնել սահմանադրական բարեփոխումներ Հայաստանի օրինակով, անցնելով պետական կառավարման խորհրդարանական մոդելի: Բացի այդ հուլիս ամսին «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը սպասում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արձագանքին, մեր կողմից իրեն հուլիսի 13-ին ուղղված դիմումի, որի մասին արդեն հիշատակել էի: Բացի այդ քաղաքական գործունեությունից այդ ժամանակահատվածում իրականացնում էի նաև հասարակական գործունեություն, 2016 թվականի գարնանը «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ Էդուարդո Էռնեկյանը հայտնել էր, որ մտադիր է քանդել ճարտարապետական հուշակոթող հանդիսացող օդանավակայանի պետական մասնաշենքը: Այդ մտադրությունը անօրինական է եղել թե՛ Հայաստանի թե՛ Արգենտինայի օրենսդրությամբ: Քանի որ ՀՀ դատախազությունն անգործություն էր ցուցաբերում հարցի վերաբերյալ, ես պատրաստել եմ բողոք Արգենտինայի դատախազություն և կազմակերպել եմ հրապարակային միջոցառում, որի ժամանակ այդ բողոքը փոխանցվել է Արգենտինայի դեսպանատուն: Արգենտինայի դատախազությունը վարույթ էր հարուցել այդ հարցի կապակցությամբ և հուլիս ամսին ես զբաղված էի այդ գործով լրացուցիչ նյութերի պատրաստմամբ: Բացի այն, որ նշված ժամանակահատվածում ունեցել եմ քաղաքական և հասարակական զբաղվածություն նաև ունեցել եմ գործնական զբաղվածություն: Գերմանիայի Դաշնությունից ստացել էինք առաջարկ ռադիոկայանի լրագրողների մասնագիտական վերապատրաստման համար մասնակցել միջպետական ծրագրի, որը ենթադրում էր հուլիս ամսվա ընթացքում սեմինարներ Հայաստանում և Արցախում: Նույն ժամանակահատվածում իմ կողմից ղեկավարվող «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ն մասնակցում էր տենդերի ԱՄՆ կողմից Հայաստանում պաշտպանության ոլորտում ռազմական օբյեկտների վերակառուցման համար: Մեր ընկերությունը հաղթող էր ճանաչվել տենդերի առաջին փուլում, և օգոստոսի 4-ին նախատեսված էր հանդիպում պատվիրատուի ներկայացուցիչների հետ Զառ գյուղում գտնվող զորամասի շենքը վերանորոգելու համար, տեղում զննություն կատարելու նպատակով:
«Սասնա ծռերին» միանալու շարժառիթ ինձ մոտ չէր կարող լինել նաև այն անձնական, և ես կասեի գլխավոր պատճառով, որ հայրս այդ ժամանակ անկողնային հիվանդ էր և ինձանից էր կախված իր հետագա բուժումն ու խնամքը կազմակերպելու հարցերը: Նրա մասին, որ ինձ մոտ իսպառ բացակայում է անարխիստական կամ էքստրեմիստական շարժառիթներ, վկայում է այն փաստը, որ մեր ճարտարապետական արվեստանոցը անշահախնդիր աջակցություն է ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը ճարտարապետական հարցերում: Մասնավորապես մեր կողմից նախագծվել է ոստիկանության ակադեմիայի տարածքում հուշարձան՝ նվիրված ծառայության ընթացքում զոհված ոստիկանների հիշատակին, ինչպես նաև մատուռ և ակադեմիայի թանգարանի մասնաշենքը: Բացի այդ նախագծվել է Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշարձանը: Այսպիսով փաստում եմ, որ երբեք չեմ մասնակցել Սասնա ծռեր խմբի ձևավորմանը, պլանավորմանը, իրականացմանը կամ դրանց օժանդակելու գործողություններին»,- ասված է Անդրիաս Ղուկասյանի ցուցմունքում:
Նիստն այսօր հետաձգվել է մեկ շաբաթով՝ դատախազի միջնորդությամբ, որպեսզի վերջինս նախապատրաստվի Անդրիաս Ղուկասյանին հարցեր տալու համար:
Aravot.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ինքը նախապես իր ցուցմունքի գրավոր տեքստը փոխանցել էր դատախազին, դեռ անցած շաբաթվա հինգշաբթի օրը, որպեսզի վերջինս այսօրվա նիստին պատրաստ լիներ: Խնդիրն այն է, որ այս գործով նախագահող դատավորի լիազորություններն ավարտվում են, վերջինս թոշակի է անցնում եւ եթե առաջիկա օրերի ընթացքում գործը չավարտվի, ապա նոր դատավորի պարագայում գործը նորից պետք է քննվի:
Aravot.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ մեղադրող կողմը 2017 թվականից՝ գրեթե երեք տարի, ներկայացրել է իր ապացույցները, իսկ պատասխանողին ընդամենը մեկ օր է տրամադրվել հակափաստարկների համար: Ինչեւէ, պատասխանող կողմը դրան էլ էր պատրաստ: Բայց նիստը կրկին հետաձգվեց: մեր զրուցակիցը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կայանալիք նիստին արդեն ապացույցների հետազոտման փուլը կավարտվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ