«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր տնօրենի պաշտոնում նշանակելու շուրջ շրջանառվում է Հովհաննես Մադոյանի անունը: Նա «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատուն է: Այս ՀԿ-ն զբաղվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով:
Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Մադոյանը չցանկացավ մեկնաբանել իր նշանակման հավանականության մասին լուրը: Պարոն Մադոյանն ասաց.«Շատ է շահարկվում այդ հարցը, ուստի որոշել եմ չմեկնաբանել»:
Պարոն Մադոյանը նաեւ չասաց, թե առողջապահության նախարարից պաշտոնապես ստացե՞լ է առաջարկ, թե՝ ոչ, եւ ինքը կհամաձայնվի՞ ղեկավարել կլինիկան: «Ինչ կատարվում է՝ կատարվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի եւ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի միավորման, ծառայությունների ինտեգրման, բարելավման տրամաբանության մեջ: Մնացած բոլոր շահարկումներն անտեղի են: Ղեկավարը ես կլինեմ, թե՝ նախարարն ուրիշ մեկին կնախընտրի, դա երկրորդական խնդիր է»,-ասաց պարոն Մադոյանը:
Մեր դիտարկմանը՝ հիվանդանոց կառավարելու փորձ չունեք, Հովհաննես Մադոյանը պատասխանեց.«Ես մեկնաբանություն չունեմ, որովհետեւ էլի եմ ասում՝ այն, ինչ կատարվում է՝ կենտրոնների միավորման շուրջ է»:
Կարդացեք նաև
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցի հեռացման մասին օգոստոսի 7-ին հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները, նշելով՝ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպելուց հետո աշխատանքից ազատման դիմում է գրել:
Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր կենտրոնների միավորումից հետո ընդհանուր գծով տնօրենի տեղակալի պաշտոնը: Պարոն Դավիդյանցն Ազատություն ռադիոկայանին ասել է, որ իր համար ընդհանուր գծով տնօրենի տեղակալի պաշտոնն ու գործառույթներն անհասկանալի են, եւ եթե տնօրենի պաշտոնն առաջարկվեր, գուցե չմերժեր:
Առողջապահության նախարարությունը Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատվելու դիմումը հիմնավորել է երկու կլինիկաների միավորմամբ:
Նախարարի եւ Մհեր Դավիդյանցի միջեւ որոշակի տարաձայնություններ եղել են, այդ մասին հաստատել է նաեւ բժիշկը, սակայն նա նշել է, որ հիմնական տարաձայնությունները եղել են մասնագիտական դաշտում:
Ուշագրավ է սակայն, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ամենախոշոր եւ գլխավոր կենտրոնի տնօրենի փոփոխության հարցը դրվում է համավարակի այս օրերին:
Մհեր Դավիդյանցի անունը շրջանառվել է նաեւ այն համատեքստում, թե պարետատան նիստից հետո ճեպազրույցում նա ասել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր են եղել դեռ փետրվար ամսին: Նախարարի խոսնակն, արձագանքելով Դավիդյանի հայտարարությունից հետո որոշ մեկնաբանություններին, հայտնել էր՝ Մհեր Դավիդյանցի խոսքերում տողատակեր չկան, կասկածելի դեպքերը փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ