«Աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը
Շուրջ 100 տարի առաջ «Եվրոպայի հիվանդ մարդու» դիակիզումը տեղի չունեցավ: Այդ դիակի հրկիզման համար վառելու կրակը ժամանակավոր մարեց` ձեռք բերված աշխարհաքաղաքական պայմանավորվածություններն այն հետաձգեցին: Սակայն այդ աշխարհաշրջանը ցնցող իրադարձություններն այժմ կրկին արթնացել են` հրաբուխը ժայթքում է, այն ցնցում է մեր տարածաշրջանը:
Ներկայիս ստատուս-քվոյի համար մեծ մարտահրավեր է գալիս «Եվրոպայի հիվանդ մարդուց»` նա պատերազմ է հրահրում:
«Եվրոպայի հիվանդ մարդը» չի համակերպվում ներկայիս սահմանների հետ` ցանկանում է դրանց բռնի, միակողմանի քանդումը: Նրա կողմից հրահրված ցնցումները, ապակայունացումը և հակամարտությունների բորբոքումը մեզ ականատեսն են դարձնում նոր սերնդի բախումների, որոնց էության հիմքում հին, մշտատենչ թրքական նպատակն է: Դրանք զարգանում են հասարակություններում հարաբերությունների փոխակերպման, մոլորակի վրա գլոբալ գործընթացների և քաղաքական բևեռների մրցակցության հանրանկարի համապատկերում:
Կարդացեք նաև
Այն, ինչ այժմ տեղի է ունենում, հանգեցնելու է նոր սահմանագծումների և նոր կարգի, տարածաշրջանում միջպետական հարաբերությունների նոր համակարգի ստեղծման:
Այժմեական Թուրքիան` «Եվրոպայի հին հիվանդը», հավակնում է դառնալ նոր աշխարհա-ռազմավարական ուժ` Միջերկրական ծովի կենտրոնական և արևելյան մասում աճող էներգետիկ հակումներով: Ըստ որոշ գնահատականների, նրա ընդարձակ ռևանշիստական քաղաքականությունը վտանգում է Միջերկրական ծովի տարածաշրջանի բոլոր պետությունները: Եթե Թուրքիան մտնում է միջերկրածովյան ածխաջրածինների խաղի մեջ, ապա ձեռք է բերում լրացուցիչ ուժ, որի միջոցով կցանկանա իր կամքը թելադրել Միջերկրական ծովի տարածաշրջանի բոլոր երկրներին…
Հայերիս ներկա ազգային պետությունն իր 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և Զինված ուժերով պետք է բաց չթողնի տարածաշրջանում լուրջ կարգավիճակ ստանձնելու իր մեկնարկային հնարավորությունը:
Հայկական ազգային պետականության առաջնահերթ խնդիրն է`
- օգնել «Եվրոպայի հին հիվանդի» դիակիզմանը, իսկ նրա ժառանգներին զրկել կառավարական զինված կազմավորումներ ունենալուց,
- իրականացնել «աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը,
- կերտել առանց հակամարտությունների խաղաղ և ինտեգրացված տարածաշրջան,
- դառնալ տարածաշրջանի հիմնական առաջատարը և հայկական Զինված ուժերով լինել խաղաղության երաշխավորը:
Այսօր աշխարհը և մեր տարածաշրջանը կանգնած են նոր Սևրի պայմանագրի կնքման առջև: Արդյոք Ռուսաստանը և Արևմուտքը կրկի՞ն կփորձեն վերակենդանացնել «Եվրոպայի հին հիվանդին», թե՞ մեզ հետ միասին կիրականացնեն դիակիզումը: Այս հարցի պատասխանը կախված է մեզանից, մեր միասնությունից և մեր քաղաքական հմտությունից:
100 տարի անց մենք և աշխարհը կանգնած ենք նոր Սևրի պայմանագրի անհրաժեշտության առջև:
Նոր Սևրին ընդառաջ` իմաստություն և զորություն հայկական քաղաքական մտքին:
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ