ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրառումը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.
✅գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը,
Կարդացեք նաև
✅անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:
ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք։ Իսկ վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ ոլորտներում հիմնականում ունենք օրենսդրական կարգավորումներ, այսօր համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է.
✅Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,
✅Քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,
✅Բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ: