Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիբանանը մեր սրտերում ու մտքերում հատուկ տեղ է զբաղեցնում». Կոնգրեսի 89 անդամներ սատարեցին Լիբանանին օգնություն տրամադրելու մասին նամակը

Օգոստոս 10,2020 17:06

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց ԱՄՆ Պետական քարտուղար Մայքլ Պոմպեոյին ուղղված մի երկկուսակցական նամակ, որով կոչ է արվում Միացյալ Նահանգներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Լիբանանին՝ «երկրի առջև ծառացած անհապաղ մարդասիրական ճգնաժամի լուծման, վերականգնման ջանքերի, այդ թվում՝ բժշկական օգնության և վիրավորների բուժման, ինչպես նաև պայթյունի վայրի ու պայթյունից տուժած այլ տարածքների մաքրման համար»:

Համագումարի աջակցությունը վայելող նամակը գլխավորում  էին ԱՄՆ-Լիբանան բարեկամության հանձնախմբի անդամները, որոնց թվում են՝ Կոնգրեսականներ Դարին ԼաՀուդը (Հանրապետական, Իլինոյս), Չարլի Քրիստը (Դեմոկրատ, Ֆլորիդա), Դեբի Դինգելը (Դեմոկրատ, Միչիգան), Գարեթ Գրեյվսը (Հանրապետական, Լուիզիանա), և Դոննա Շալալան (Դեմոկրատ, Ֆլորիդա): Նամակը ստացավ 89 Կոնգրեսականների երկկուսակցական աջակցություն, որոնց մեջ մտնում են Հայկական հարցերով հանձնախմբի 47 անդամներ, այդ թվում՝ հանձնախմբի առաջնորդներ՝ Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):

Նամակում նաև մասամբ հայտարարվում է. «Հաշվի առնելով հսկայական տնտեսական ազդեցությունը Բեյրութի նավահանգստին հասցված վնասից, ներմուծվող ապրանքների մատակարարումների խափանումը և Լիբանանի հացահատիկի և ցորենի պաշարների գրեթե 80 տոկոսի կորուստը՝ շարունակական ամերիկյան նվիրվածությունը Լիբանանի ժողովրդի հանդեպ կօգնի լուծել ենթադրաբար միլիարդավոր դոլարների կորուստները և կաջակցի երկարաժամկետ կայունությանը Լիբանանում և տարածաշրջանում»:

«Անցյալ շաբաթվա սկզբին Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունը և դրա ազդեցությունը զգացվել են ամբողջ աշխարհում: Մենք ողջունում ենք այս երկկուսակցական նախաձեռնությունը` ապահովել լրացուցիչ և անհապաղ մարդասիրական օգնություն»,– հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Լիբանանը մեր սրտերում ու մտքերում հատուկ տեղ է զբաղեցնում իր կրոնական, կրթական, մշակութային և սոցիալական հաստատություններով, որոնք բոլորն էլ ծառայում են հայ համայնքին և ոչ միայն: Ոգեշնչող է տեսնել, որ բոլորը համախմբվում են, որպեսզի օգնեն՝ ինչպես կարող են: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի ժողովրդի հետ են»,– շարունակեց Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31