Լրահոս
Օրվա լրահոսը

Նման ծրագրերը հարվածի տակ են դնում նաև երկրի ջրային ռեսուրսները, ինչպես Ջերմուկի, այնպես էլ՝ Սևանա լճի ավազանի. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Օգոստոս 10,2020 16:00

Երկու տարուց ավելի Ամուլսարի տարածքում ազդակիր համայնքների բնակիչները պայքարում են, որպեսզի լսելի լինի իրենց ձայնն ու կասեցվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Քաղաքացիները ստիպված են եղել ինքնակազմակերպ խմբերով իրականացնել Ամուլսարի պահպանությունը՝ միաժամանակ սպասելով կառավարության գործուն քայլերին։ Ցավալիորեն, այդ քայլերի հապաղումը հանգեցնում է նոր լարումների, որոնք ուղեկցվում են բռնության դրսևորումներով, ինչին ականատես ենք դառնում վերջին օրերին։

Բռնության մշակույթի մերժումը և հակադրումը կյանքի մշակույթին հեղափոխության հիմնական առանցքն էր, որին հավատալով հանրությունը սկսեց ձևակերպել իր սպասումները՝ նոր կառավարությունից։ Դա ենթադրում էր նաև  հանքարդյունաբերական քաղաքականության փոփոխություն։ 2007 թվականից ցայսօր հանքարդյունաբերությունը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղ։ Հանքարդյունաբերական ծրագրերը ներկայացվում են իբրև ծավալներով մեծ ու շահութաբեր, կապիտալի ներհոսք խոստացող նախագծեր, որոնք մենք դիտարկում ենք նաև որպես մասկուլինային, կապված տղամարդկանց մեծաքանակ ներգրավվածությամբ՝ թե՛ որոշումների ընդունման մակարդակում, որպես ինստիտուցիոնալ հենարան, թե՛ շահույթի հետապնդման առումով՝ որպես խոշոր կապիտալի տիրապետողներ, թե՛ իբրև հանքարդյունաբերության մեջ օգտագործվող ֆիզիկական աշխատուժ։ Մասկուլինային մոտեցումը աշխատում է որպես ուժի իշխանության և թույլերին ճնշելու միջոց, ցուցադրելով՝ բնության հետ վարվելու կոպիտ ու բռնի մեթոդների կիրառումը, և կապիտալի ու շուկայի գերակայությունը։ Այսպիսի նախագծերը հստակորեն ընդգծում են պետության վերաբերմունքը մարդու առողջ և ապահով բնական միջավայրում ապրելու իրավունքի հանդեպ, ինչպես նաև՝ նվազեցնում են գյուղական ինքնաբավ տնտեսություններ կազմակերպելու միջոցով աղքատությունից խուսափելու հնարավորությունը։ Հատկապես խոցելի վիճակում են հայտնվում կանայք, որոնց 57 %-ը նեգրավված է գյուղատնտեսական ոլորտում։

Ամուլսարի հանքավայրի գործարկման դեպքում էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական բացասական ազդեցության հիմնական բեռն ընկնելու է Արփա գետի հովտի բնակավայրերի ու առողջարանային Ջերմուկ քաղաքի վրա: Ջերմուկը առողջարանային կենտրոն է, եզակի հանքային ջրերի աղբյուրներով հայտնի, որը նաև  զբոսաշրջության ու հանգստի գոտի է: Իսկ մենք արդեն գիտենք, թե որքան կարևոր է մարդու առողջությունը, և երկրում այս պահին համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը ևս պետք է մեզ հուշի բնության հանդեպ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Նաև, վերջին հետազոտությունները փաստում են, որ Կլիմայի փոփոխությունն էլ ավելի կխորացնի ջրային ռեսուրսների հետ կապված ճգնաժամը, և, օրինակ 2025 թվականին 2.4 մլրդ մարդ կապրի այն շրջաններում, որտեղ ջրի անբավարարության խնդիր կա, իսկ կանայք ու աղջիկները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել ընտանիքի համար ջուր որոնելու համար։ Նման հանքակեր ծրագրերը հարվածի տակ են դնում նաև մեր երկրի ջրային ռեսուրսները, ինչպես Ջերմուկի, այնպես էլ՝ Սևանա լճի ավազանի։

Հաշվի առնելով խնդրի ողջ սրությունը, գիտակցելով նաև կանանց կյանքի որակի, աղքատության հաղթահարման և առողջության վրա մեծ ազդեցությունը, սատարելով Ամուլսարի պահպանությունն իրականացնող քաղաքացիներին․

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» միանում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին 2016 թվականին տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջին։

Ինչպես նաև պահանջում ենք

1.ՀՀ կառավարությունից, բոլոր ջանքերը գործադրել՝ բացառելու համար բռնությունը Ամուլսարում պայքարող քաղաքացիների նկատմամբ․

2.ՀՀ ոստիկանությունից, որևէ կերպ չխոչընդոտել սույն խնդրով մտահոգ քաղաքացիների խաղաղ հավաքների և ինքնաբուխ ակցիաների կայացմանը։

Հայաստանը չի կարող շարունակել լինել հանքահումքային երկիր՝ կորցնելով թե՛ կենսական ռեսուրսները, թե՛ աղքատացնելով իր քաղաքացիներին։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31