Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մագդա Մկրտչյան. դիպվածից մինչեւ Հռոմի պապ, արտասվող Օբրազցովա ու զարմացած Պավարոտի (տեսանյութ)

Օգոստոս 10,2020 15:54

Օպերային երգչուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանի անցած ճանապարհն իսկական հաջողության պատմություն է: Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել ենք ճանաչված սոպրանոյի հետ, որը, ի թիվս այլնի, Հռոմի պապի առաջ Պատարագ է երգել Վատիկանում, նաեւ Կոմիտաս՝ Դոժերի պալատում:

Aravot.am-ի հետ զրույցում Մագդա Մկրտչյանը խոսեց բոլոր այն մարդկանց ու դիպվածների մասին, որոնք շրջադարձային են եղել իր կյանքում եւ կարիերայի իմաստով. «Ես շատ հայտնի մարդկանց եմ հանդիպել իմ կյանքում, բայց ամենակարեւորը իմ ուսուցչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գալաչյանի հետ հանդիպումն էր: Նա ինձ փոխանցել է այն դպրոցը, որի շնորհիվ իմ առաջ մեծ ճանապարհներ են բացվել: Հետագայում այն մարդկանց, որոնց հանդիպել եմ՝ Լուչանո Պավարոտի,Պլասիդո Դոմինգո, Մոնսերատ Կաբալյե, Ելենա Օբրազցովա, Գալինա Վիշնեւսկայա եւ այլք, բոլորը գնահատել են այն դպրոցը, որը ես անցել եմ: Ես իսկապես հրաշալի հիմք եմ ունեցել, եւ Նաեւ Օհան Դուրյանին եմ ուզում առանձնացնել, որն իմ առաջ ճանապարհ է բացել որպես երիտասարդ երգչուհի»:

Օհան Դուրյանի եւ նրա տիկնոջ հետ:

Մագդա Մկրտչյանը հիշում է, որ 1999-ին Ազգային օպերային թատրոնում ընդամենը փորձնակ (ստաժոր) էր, բայց պրեմիերա երգեց՝ «Տրուբադուր»: Լեոնորայի բարդ դերերգով հանդես եկավ՝ շնորհիվ իր ուսուցչի փոխանցած գիտելիքների եւ մաեստրո Դուրյանի աշխատանքի, հաջողության հասավ: Դրանից հետո՝ 1999 թվականից մինչ օրս ինքը Ազգային օպերային թատրոնի մենակատար է:

«Օհան Դուրյանի հետ շատ համերգներ եմ երգել , նաեւ իր հեղինակած ռոմանսների վրա եմ աշխատել: Ցանկացած երաժշտի համար բախտավորություն է այդ տեսակ կոմպոզիտորի ու դիրիժորի հետ աշխատելը»,-ասում է երգչուհին: Նաեւ երախտագիտությամբ է հիշում Հովհաննես Չեքիջյանի ու Էդվարդ Միրզոյանի հետ համագործակցությունը եւ բախտորոշ շփումները:

Ելենա Օբրազցովայի հետ

Մագդա Մկրտչյանը իր կյանքում պատահած հետաքրքիր դրվագներից մեկն է համարում Օբրազցովայի հետ հանդիպումը. «Նա եկել էր Հայաստան, ու մենք հանդիպեցինք սուրբ Աննա Եկեղեցում: Մեզ հետ էր երգչուհի Վարսենիկ Ավանյանը, նա առաջարկեց, որեւէ բան կատարել Օբրազցովայի համար: Եվ ես եկեղեցում երգեցի «Հավուն հավունը»: Մեկ էլ նկատեցի՝ Օբրազցովան արտասվում է: Երբ դուրս եկանք եկեղեցուց, ինքն ասաց, որ ինձ հրավիրում է իր յոթանասունամյակի երեկոյին երգելու: Ինձ թվաց, որ երազում եմ լսում այդ մասին: Նա անմիջապես զանգեցի իր օգնականին եւ ասաց՝ Հայաստանում հրաշք եմ գտել, նրա անունը Մագդա Մկրտչյան է, նա պետք է երգի իմ համերգին:

Ջուզեպե Սաբատինիի հետ

Այնտեղից ասացին՝ արդեն ազդագրերը պատրաստ են, ծրագիրը պատրաստ է, Օբրազցովան, սակայն պնդում էր՝ Մագդա Մկրտչյանը պետք է երգի: Նա անգամ իր դստերը չկարողացավ նույն համերգին ներկայացնել, բայց ես Հայաստանից՝ եկեղեցուց միանգամից հայտնվեցի համերգին, որտեղ աշխարհահռչակ դիրիժորներ եւ օպերային երգիչներ էին, այդ թվում՝ Թերեզա Բերգանցա, Ռիչարելի, Ջուպեպե Սաբատինի եւ այնքան շատ հայտնի անուններ, որ համերգը երեք մասից էր բաղկացած: Ես երգեցի «Հավուն հավունը» եւ Վագների «Տրիստան եւ Իզոլդա» օպերայից Իզոլդայի արիան՝ վերջին գործողությունից : Բուռն ծափահարություններ հնչեցին, ինձ բազմաթիվ մենեջերներ մոտեցան, բազմաթիվ առաջարկներ եղան դրանից հետո, համերգներ: Այդ համերգ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում՝ Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»:

Մագդա Մկրտչյանը չի մոռանում նաեւ Լուչանո Պավարոտիի հետ հանդիպումը: Ասում է՝ 2000-ականներին մասնակցել էր միջազգային մրցույթի, արժանացել Գրան պրիի ու որոշել այդ գումարը ծախսել իր ուսման վրա. «Մխիթարյան միաբանության վարդապետներից Հայր Հարություն Պզտիկյանն ինձ օգնեց, որ գնանք Պեզարո՝ Պավարոտիին հանդիպենք: Ես այստեղ կատարելագործվեցի: Հիշում եմ Պավարոտիի խոսքերը, ասում էր՝ ինչ գեղեցիկ ձայն ունեք, հարյուր տարին մեկ ծնվող տեմբրներից մեկն է: Սովորեցի իր մոտ, որտեղ տարբեր երկրներից այլ երգիչներ էին գալիս:

Շատ հետաքրքիր էր իր ամառանոցում, երբ Չիո Սան էի երգում, պատուհան էր բաց ու ծովի տեսարան: Ի դեպ, Չիո Սանն էլ ծովում կանգնած՝ իր Պինկերտոնին է սպասում այդ արիան երգելիս: Շատ մեծ աշխատանք է Պավարոտին կատարել ինձ հետ, փոխանցել է ամրություն, եւ այդ դպրոցը եւս ես օգտագործում եմ իմ երգեցողության մեջ: Հետո հանդիպեցի Միրրելա Ֆրենիի հետ Մոդենայում, նույնպես կատարելագործվեցի, սա սոպրանոյին ավելի մոտ դպրոց էր: Իր ամուսնու հետ էլ եմ աշխատել՝ Նիկոլայ Գյաուրովի:

Կարեւորագույններից էր նաեւ Մոնսերատ Կաբալյեի հետ հանդիպումը: Նա Հայաստան էր եկել վարպետաց դասեր անցկացնելու, որոնց ես մշտապես մասնակցում եմ: Երբ երգեցի, նրա աչքերում արցունքներ հայտնվեցին, ասաց՝ մոտեցիր ինձ: Երբ մոտեցա՝ գրկեց ինձ, ասաց՝ պատրաստի երգչուհի ես, ինչո՞ւ ես եկել վարպետության դասընթացի:

Վիշնեւսկայայի հետ եւս ունեցել եմ վարպետության դասընթաց՝ Վրաստանում: Այդ ժամանակ քսան տարեկան էի: Երբ Պուչինիի «Մանոն Լեսկո» օպերայից Մանոնի արիան կատարեցի, ձեռքս բարձրացրեց եւ ասաց, որ ես այդտեղ միակ պատրաստված երգչուհին եմ:

Ուզում եմ՝ նորից շեշտել, որ իմ բոլոր հաջողությունները իմ ուսուցչի՝ Գոհար Գալաչյանի եւ մեր վոկալ դպրոցի շնորհիվ էին: Ես ուրախ եմ, որ Հայաստանում նման դպրոց կա, եւ դու քո հայրենի հողի վրա ստանում ես նման գիտելիքներ»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ այն հարցին՝ արդյոք հե՞շտ է լինել գործող օպերային երգչուհի եւ միաժամանակ զբաղվել դասախոսական աշխատանքով: Մագդա Մկրտչյանի ձեւակերպմամբ, երգչային տարիներին դասավանդելը դժվարագույն աշխատանք է. «Երբ երգում ես բեմում եւ համերգներում, հետն էլ երգումս ես դասավանդելիս, հոգնում է կոկորդդ: Բայց ես շատ եմ սիրում դասախոսական աշխատանքը, այդպես փոխանցում եմ իմ դպրոցը, դու շարունակվում ես դրանով՝ ես շարունակում եմ իմ դասախոսին, այդպես էլ իմ ուսանողները պետք է շարունակեն ինձ: Ես դրանով ապրում եմ, բացի դրանից իրենց հետ երգելով՝ ես լավ «մարզավիճակում» եմ գտնվում»:

Մագդա Մկրտչյանը նաեւ հաճախ հրավիրվում է տարբեր միջազգային մրցույթների՝ որպես ժյուրիի անդամ: Վերջինը Երուսաղեմում է եղել, ասում է՝ իր հետ նաեւ միջազգային հայտնի անուններ էին՝ օպերային երգիչներ, դիրիժորներ՝ Ադի Բար, Անդրեա Սոարե, Ֆաբիո Մաստրանջելո, Անջեյ Բելեցկի եւ այլն: Այնտեղ նաեւ վարպետության դասընթաց է անցկացրել: Ասում է՝ մասնակիցներն արդեն հաջողությունների են հասել, բայց շարունակում են իրեն նամակներ գրել ու խորհուրդներ հարցնել:

Օպերային երգչուհին նշեց, որ եթե գերլարված գրաֆիկի պարագայում մի փոքր ժամանակ է մնում, անպայման գիրք է կարդում, վերջինը եղել է Ժորժ Սանդի «Կոնսուելոն», ասում է՝ մի շնչով կարդացել է երկու հատորը: Մագդա Մկրտչյանը մի քանի խորհուրդ տվեց երիտասարդներին՝ իբրեւ կայացած մարդ եւ արվեստագետ, օրինակ, արվեստագետներին խորհուրդ տվեց առաջինը հայկական մշակույթը քարոզել, դժվարությունների բախվելիս՝ չընկրկել:

Մագդա Մկրտչյանի խոսքերով. «Երջանկությունը քրտնաջան աշխատանք է, երբեք չպետք է կոտրվել: Պետք է անընդհատ նպատակասլաց աշխատել այդ ուղղությամբ»: Երգչուհին իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է՝ քչով բավարարվող է եւ չի դժվարացնում իր կյանքը, փորձում է ազնիվ լինել ամենքի հետ եւ բոլոր հարաբերություններում. «Շատ արվեստագետներ կան, որ եթե որեւէ այլ երկրում չեն հաջողել, մտածում են՝ ուրեմն հաջողակ չեն, մինչդեռ արվեստը քարտեզի սահմաններով չի որոշվում, անգամ եթե քո երկրում ես ծառայում քո մշակույթին, էլի մեծ գործ ես անում»:

Մեր զրույցի ավարտին Մագդա Մկրտչյանը, որ սկզբում որոշել էր ջութակահարի կարիերա անել, պատմեց, թե ինչ դիպվածով է դարձել օպերային երգչուհի. «Արա Բոգդանյանի մոտ ջութակ էի պարապում, Ջութակի կոնցերտներ նվագելու ծրագիր էի պատրաստում՝ կոնսերվատորիա ընդունվելու համար: Շատ պատահական մատս սխալ նոտայի վրա գնաց, ու ես ծիծաղեցի: Արա Բոգդանյանը կարծես որսաց դա, ասաց՝ դու օպերային ձայն ունես, ձեռքիցս բռնեց, չգիտեի էլ, թե ուր է տանում: Իջանք երկրորդ հարկ, դուռը բացեց, տեսա սոլիդ կանայք են նստած, իսկ ես «վարյոնկա» ջինսերով տասնվեց տարեկան աղջնակ էի այդ ժամանակ: Հետո իմացա, որ Տաթեւիկ Սազանդարյանին է խնդրել ինձ լսել: Տաթեւիկ Սազանդարյանն ասաց՝ արի բալիկ ջան, արա այս վարժությունները…Իսկ ամենավերջում հայտարարեց, որ ես պետք է անպայման երգչուհի դառնամ, ու այդպես սկսվեց իմ երգչական կարիերան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ տրամադրել է Մագդա Մկրտչյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31