Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոլաքարի համայնքապետարանի բյուջեից վատնվել է 1.448.832 դրամ գումար. հարուցվել է քրեական գործ

Օգոստոս 10,2020 15:49

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել «Հետք» էլեկտրոնային պարբերականում 2020թ. հունիսի 26-ին հրապարակված՝ «Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը, նա էլ վարձակալության է տվել «Վիվասել ՄՏՍ»-ին» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը 2014թ. նույն գյուղի մանկապարտեզի նախկին շենքի սպասարկման տարածքից մաս է առանձնացրել և օտարել է իր եղբորը, ով նույն թվականից նշված հողատարածքը վարձակալությամբ տրամադրել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին: Բացի այդ, հոդվածում նշվել էր, որ 2016թ. սկսած՝ Զոլաքարի համայնքապետարանում տարբեր պաշտոններում աշխատող նույն գյուղի մի քանի բնակիչներ՝ համայնքի ղեկավարի ազգականներ, պարբերաբար գտնվել են ՌԴ-ում, սակայն այդ ընթացքում ստացել են աշխատավարձ:

Հրապարակումն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով, որի շրջանակներում մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, 2014թ. սեպտեմբերի 26-ին համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի տարածքից 568 քմ հողատարածքը աճուրդ-վաճառքով օտարել է իր եղբորը, որի սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 2014թ. հոկտեմբերի 2-ին: Իսկ վերջինս 2014թ. հոկտեմբերի 8-ից մինչև օրս նշված հողատարածքը, ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» (Վիվասել-ՄՏՍ) ՓԲԸ-ին: Նկարագրված գործողությունների հետևանքով Զոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, պարզվել է նաև, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2015-2018թթ ընկած ժամանակահատվածում   համայնքապետարանի  4 աշխատակիցներին թույլ է տվել պարբերաբար բացակայել ՀՀ-ից, չհաճախել աշխատանքի: Այդ պայմաններում, սակայն, աշխատանքի չհաճախած ժամանակահատվածում նրանք ստացել են աշխատավարձ, որի հետևանքով Զոլաքարի համայնքապետարանի բյուջեից առերևույթ վատնվել է խոշոր չափերով` 1.448.832 ՀՀ դրամ գումար:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վատնման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հանցագործության հատկանիշների առկայության մասին տվյալներ՝ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժինը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31