Լրահոս
Օրվա լրահոսը

«Անակնկալ հարցեր կան, որոնց Արսեն Թորոսյանը չի սպասում». Դավիթ Սանասարյան

Օգոստոս 10,2020 15:36

Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօր հերթական դատական նիստում հրապարակվում են գործում առկա փաստաթղթերը, որոնք այդ թվում ներկայացնում են Սանասարյանի հանդեպ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ միջոցառումները:

«Երկար ժամանակ՝ մինչեւ այս գործի հարուցումը, ինձ հետեւելը փաստ է եղել: ԱԱԾ-ն նշում է իմ աշխատակիցների անուններ եւ ասում, որ ջերմ հարաբերությունների մեջ եմ եղել: Վատ ձեւով են դա ներկայացնում, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես մարդկանց հետ առհասարակ ջերմ եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:

Նրա բնորոշմամբ՝ ԱԱԾ-ն այդքան քրքրելուց հետո փորձում էր պարզել՝ ապօրինի գործունեություն ունեցե՞լ է, թե ոչ. «Այդ նպատակով լուրեր էին տարածում, թե ավտո եւ տուն եմ նվեր ստացել…ԱԱԾ-ն այդքան մեծ ջանք գործադրեց, սակայն ԱԱԾ մեկ կառույցը մյուսին հայտնեց, որ որեւէ բան չի հայտնաբերել: Չեն էլ հայտնաբերելու, որովհետեւ հանցավոր բան տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Դավիթ Սանասարյանը շեշտեց՝ քանի որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր գործով առաջիկայում որպես վկա հրավիրվելու է դատարան, ինքն այս պահին որոշ բաներ չի ուզում ասել. «Անակնկալ հարցեր կան, նա չի սպասում այդ հարցերին: Կգա, հարցերը կտանք»:

Ինչ վերաբերում է դատարանում ավելի վաղ հրապարակված Արսեն Թորոսյանի հետ իր ֆեյսբուքյան նամակագրությանը, որում Թորոսյանը հարցնում է, թե ՊՎԾ աշխատողներն ի՞նչ լիազորություններով են տենդերի բնութագիր փոխել, Դավիթ Սանասարյանն ընդգծեց. «Դատախազությունն այն, ինչ հայտնաբերել է այդ գրագրությամբ, իրականում իմ օգտին է հայտնաբերել: Արսեն Թորոսյանն ինձ տեղյակ է պահել, հարցրել՝ աշխատողներս այս բանի մեջ կա՞ն, ես էլ ասել եմ, որ չկան, իսկ գրագրության մեջ նորից տալիս է նույն հարցը, ես էլ նորից ճշտում եմ իմ աշխատողներից: Իսկ դատախազությունը կարծում է, թե ինչ-որ խոշոր բան է գտել, ես էլ չեմ թաքցնում՝ ես եմ հանձնարարել աշխատողիս, որ Արսեն Թորոսյանին պատասխանի: Նորմալ է, երբ աշխատողին հանձնարարում են որեւէ հարցի հետ կապված պատասխան գրել»:

Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցել եւ ասաց. «Ես վաղուց եմ ասել այդ մասին: Ասել եմ, որ սա անընդունելի է: Եթե իմ լիազորությունները դադարեցված չլինեին, աշխատակիցներիս կհանձնարարեի, ոչ թե կթողնեի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Չեմ ուզում վիրավորել, բայց դրա համար մասնագիտացված կառույց կա: ՊՎԾ-ն պետք է ուսումնասիրեր, տեսներ՝ ինչպե՞ս ստացվեց, որ Արսեն Թորոսյանը նախարար է, եւ մեկ անձի գնմամբ՝ առանց մրցույթ հայտարարելու, գործարք է կնքվում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է: Թող համապատասխան մարմինները պարզեն: Դատախազությունն էլ այստեղ անելիք ունի: ԱԱԾ-ն էլ թող որոշի՝ ինքն ունի՞ անելիք, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31