Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության թերությունները՝ արտաքին մարտահրավերների տեսանկյունից

Օգոստոս 10,2020 15:07

«Լույս» հիմնադրամն օրերս ծավալուն վերլուծություն է հրապարակել՝ «ՀՀ անվտանգության ռազմավարությունը արտաքին միջավայրում եւ տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում» վերնագրով: 40 էջանոց վերլուծության մեջ մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրին՝ 2007 թվականի անվտանգության ռազմավարությունը մշակելու շրջանում, գնահատվել են ՀՀ արտաքին անվտանգության նախորդ ռազմավարության առջեւ դրված խնդիրները եւ արդյունքները:

Վերլուծության երկրորդ բաժինը վերաբերում է Հայաստանի ներկայիս անվտանգության միջավայրին՝ գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Վերլուծության երրորդ բաժնի անդրադարձը վերաբերում է ՀՀ անվտանգության նոր ռազմավարությանը՝ Հայաստանի արտաքին անվտանգության միջավայրի միջնաժամկետ հեռանկարում:

Մեկ առանձին բաժնով անդրադարձ է կատարվել Արցախի հակամարտության վերաբերյան գնահատականներին՝ 2007 եւ 2020 թվականների ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություններում:

Արձանագրումների, փաստագրումների եւ համեմատությունների արդյունքում վերլուծության հեղինակները հանգել են այն հետեւության, որ տարբեր հանգամանքների բերումով Հայաստանի անվտանգության տեսանկյունից հատկապես կարևոր նշանակություն ունի արտաքին անվտանգային միջավայրը եւ ինչպես 2007 թվականի անվտանգության նախորդ ռազմավարության ընդունման ժամանակահատվածում, այնպես էլ այսօր Հայաստանը կանգնած է արտաքին անվտանգային մարտահրավերների էական տրանսֆորմացիայի նախաշեմին։

Հեղինակների կարծիքով, նախորդ՝ 2007 թվականի ազգային անվտանգության ռազմավարությունը հիմնականում կարողացել է ապահովել երկրի առջև ծառացած արտաքին անվտանգային սպառնալիքներին դիմակայելու իր առաքելությունը, մինչդեռ նոր՝ 2020-ի ռազմավարությունում «մի շարք թերությունների առկայությունը» այս տեսանկյունից բավականաչափ մտահոգություններ է առաջ բերում։ Դրանցից մեկն էլ՝ «Հայոց պետականության գոյությունը կախված չէ աշխարհաքաղաքական հանգամանքներից, այլ բխում է հայ ժողովրդի կամքից», վերլուծության հեղինակների կարծիքով՝ տարօրինակ ձևակերպումն է, որը ցույց է տալիս, որ «հենց փաստաթղթի սկզբում փորձ է արվում թերագնահատել ՀՀ անվտանգության և գոյության տեսանկյունից աշխարհաքաղաքականության և աշխարհաքաղաքական իրողությունների դերը»։ Այս միտումը, ի դեպ, ըստ վերլուծության, նկատվում է փաստաթղթի ողջ տեքստում։ Համաձայնելով, որ յուրաքանչյուր պետության գոյությունը բխում է տվյալ պետության քաղաքացիների կամքից, արձանագրվում է նաեւ, որ միայն այդ կամքը բավարար չէ, եթե ճիշտ չեն գնահատվում աշխարհաքաղաքական իրողությունները և փորձում են այդ կամքը իրացնել ի հեճուկս այդ իրողությունների տրամաբանությանը։ Որոշ դեպքերում նման քաղաքականությունը տարբեր ազգերի համար կործանարար հետևանքներ է ունենում:

Հաջորդ վերապահումը վերաբերվում է փաստաթղթի՝ Հայաստանի անվտանգային միջավայրի սպառնալիքների շարքին, որում նշում է, որ «Հայաստանի համար մտահոգիչ է տարածաշրջանում և աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում արձանագրվող հետընթացը»։ «Հայաստանը հայտարարելով «ժողովրդավարության բաստիոն» և ժողովրդավարության գաղափարը դնելով արտաքին քաղաքականության հիմքերում՝ իշխանության կողմից փաստաթղթում նման ձևակերպման զետեղումը զարմանք չի առաջացնում, սակայն ի ցույց է դնում իրենց իսկ կողմից առաջ քաշվող սկզբունքների հակասությունը։ Ակնհայտ է, որ նման ձևակերպումը վկայում է ինչպես գլոբալ գործընթացների, այնպես էլ տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ փաստաթղթի հեղինակների ոչ լիարժեք պատկերացումների մասին։ Մասնավորապես, Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ մեր 4 հարևաններից երկուսում հաստատված են ավտորիտար-ազգայնական համակարգեր, երրորդը թեոկրատական պետություն է։ Հայաստանի հիմնական 23 ռազմավարական դաշնակիցներին դժվար է համարել «ժողովրդավարության առաջամարտիկներ»։ Ավելին, աշխարհաքաղաքական զարգացումների այսօրվա պրագմատիկ ընթացքը հուշում է, որ առաջիկայում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների դերը միջպետական հարաբերություններում նվազելու է։

Առհասարակ, փաստաթղթում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի նկարագրությունը թերի է և պարզունակ․ բացակայում են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների խորը և համընդգրկուն վերլուծությունը, կանխատեսումներն ու այդ համատեքստում Հայաստանի մոտեցումների ու հնարավոր վարքագծի նկարագրությունը։ Հաշվի առնված չեն նաև կորոնավիրուսի համաճարակի հետևանքով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների գործընթացի արագացման, միջազգային դերակատարների միջև ուժերի հարաբերակցության փոփոխության հանգամանքները»,- ասված է փաստաթղթում։

Նոր ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանը իր միջազգային կշիռը մեծացնելու նպատակով օգտագործելու է նաև «փափուկ ուժը»՝ շեշտը դնելով մարդկային կապիտալի վրա։ Ընդ որում, մարդկային կապիտալի ներուժը դիտարկվում է աշխարհասփյուռ հայության ուժերի մեկտեղման համատեքստում։ Որպես ռազմավարական նպատակադրում՝ վերլուծության հեղինակները սա, իհարկե, ողջունելի են համարում, սակայն նկատում են, որ այն տրամագծորեն հակասում է կառավարության վերջին 2 տարիների գործունեությանը. «Մասնավորապես վարչապետը իր ելույթներում խոսում էր ավանդական համահայկական կառույցների հետ հակասությունների մասին, բավական բարդ հարաբերություններ են ձևավորվել իշխանության և սփյուռքի ազդեցիկ գործարարների, փորձագիտական և մեդիա (առաջին հերթին՝ ռուսաստանաբնակ) շրջանակների միջև։ Ստեղծված իրավիճակը զգալիորեն խոչընդոտում է համահայկական ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունը, այնինչ նորմալ հարաբերությունների պահպանումը հատկապես արտերկրում փորձագիտական և մեդիա շրջանակներում մեծ ազդեցություն ունեցող հայազգի գործիչների հետ, նկատելիորեն կավելացնեին Հայաստանի կողմից «փափուկ ուժի» օգտագործման հնարավորությունները, ինչի կարիքը զգացվեց հատկապես Տավուշի սահմանին վերջին լարվածության ժամանակահատվածում»։

Վերլուծությունում անդրադարձեր կան Հայաստան- ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների, ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի եւ այլ հարաբերություններին:

Վերլուծության հեղինակների կարծիքով, 2007թ. ռազմավարության շրջանակներում ներկայացված և կանխատեսված մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև ավելի են խորացել և դրանց ավելացել են նորերը եւ ըստ եզրահանգման, այս փաստը թեև արձանագրված է նոր ռազմավարության մեջ, սակայն այն չի կարողացել լիարժեքորեն ներկայացնել գոյություն ունեցող և նոր ի հայտ եկած արտաքին սպառնալիքների ողջ սպեկտորը, դրանց հակազդելու վերաբերյալ Հայաստանի ռազմավարական տեսլականն ու ճանապարհային քարտեզը։ «Եթե 2007թ․ փաստաթղթում Հայաստանի արտաքին անվտանգային ռազմավարության առանցքում դրվել էր փոխլրացման սկզբունքը, որը նախորդ տասնամյակի ընթացքում մեծ մասամբ իրեն արդարացրել է, ապա այժմ այդ քաղաքականության կիրառումը շատ ավելի դժվար է լինելու՝ կապված աշխարհաքաղաքական արագ վերադասավորումների, գերտերությունների հակասությունների սրման և այլ հանգամանքների հետ։ Հետևաբար, հարկավոր էր որդեգրել արտաքին անվտանգային քաղաքականության նոր, ավելի պրագմատիկ և առկա մարտահրավերներին համահունչ սկզբունք։

Ակնհայտ է, որ նոր ռազմավարության մեջ տեղ գտած և ԱԳՆ-ի կողմից վերջին շրջանում պարբերաբար ներկայացվող սկզբունքները՝ այն է ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունը, չափազանց անորոշ և ոչ հստակ են արտաքին անվտանգային նոր ռազմավարության հիմքերում դրվելու համար։ Հաշվի առնելով Հայաստանի առջև ներկայումս ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերները՝ կարելի էր, օրինակ՝ կիրառության մեջ դնել այսպես կոչված «կայուն փոխլրացման» սկզբունքը։ Այն պետք է ընդհանուր առմամբ ավելի կանխատեսելի դարձներ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը մեր գործընկերների և դաշնակիցների համար՝ միաժամանակ պահպանելով որոշակի ճկունության հնարավորությունը։ Ինչպես նշվեց, փոփոխվող աշխարհակարգում շատ ավելի հավանական է դառնում փոքր երկրներին աշխարհաքաղաքական ընտրության առջև կանգնեցնելու և այդպիսի ընտրության անխուսափելիության հեռանկարը։ Արտաքին քաղաքականության մեջ կայունության սկզբունքի ներդրումը հստակորեն ցույց կտար, որ Հայաստանը չի պատրասվում իր արտաքին քաղաքական հիմնական վեկտորից կտրուկ շրջադարձեր կատարել և ընտրության առջև հայտնվելու դեպքում հենվելու է հենց կայունության սկզբունքի վրա։ Նոր փաստաթղթում այս սկզբունքը պետք է արտացոլված լիներ նաև աշխարհաքաղաքական իրողությունների ճիշտ ներկայացման, տարբեր երկրների և միջազգային կառույցների, առաջին հերթին՝ գերտերությունների և դաշնակիցների հետ հարաբերությունների, դրանց վերաբերյալ հայկական կողմի տեսլականի ավելի 41 հստակ և համապարփակ ներկայացմամբ, սակայն ընդունված ռազմավարությունը այս տեսանկյունից ավելի շատ նոր հարցեր է առաջ բերում։

Նոր ռազմավարության մեջ հարկավոր էր ավելի մեծ դեր հատկացնել հայ-չինական հարաբերություններին և Չինաստանի նախաձեռնած մի շարք միջազգային ծրագրերին՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհակարգում Չինաստանի դերի ավելացումը, ինչպես նաև տարածաշրջանում ՉԺՀ-ի ներկայության ու ազդեցության մեծացումը։ Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, նոր ռազմավարությունը պետք է հստակորեն գնահատեր այդ կառույցների դերը Հայաստանի արտաքին անվտանգության հարցում, այդ կառույցներում երկրի կողմից իրականացվող քաղաքականությունը դներ ավելի կայուն և ռազմավարական ուղու վրա: Ռազմավարությունը պետք է կարողանար լիարժեքորեն արտացոլել հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ողջ էությունն ու կարևորությունը և հստակորեն ընդգծել այդ հարաբերությունների հետագա զարգացման նկատմամբ Հայաստանի ռազմավարական տեսլականը։ Նման հստակեցումը թույլ կտար Հայաստանը ներկայացնել որպես ավելի կանխատեսելի և կայուն դաշնակից, որի ռազմավարական և երկարաժամկետ վարքագիծը կախված չէ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից և միտված է լինելու դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարմանը։ Ցավոք, նոր փաստաթղթում Հայաստանի անվտանգության հարցում ռուսական գործոնի կարևորությունը լիարժեք հաշվի չի առնվել»,- ասված է վերլուծության եզրահանգումներում։

Վերլուծության հեղինակների կարծիքով, ազգային անվտանգության նոր ռազմավարությունը պետք է նաև նոր ռազմավարական լուծումներ առաջարկեր հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար՝ հաշվի առնելով այդ երկրների շուրջ ստեղծված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ժամանակակից իրողությունները և Հայաստանի համար վերջիններիս կարևորությունը, այնինչ սահմանափակվել է միայն այս երկրների հետ հարաբերությունների կարևորության մասին «արարողակարգային» հիշատակումներով։ Նաեւ՝ Հայաստանի անվտանգության նոր ռազմավարությունը պետք է նաև վերաիմաստավորեր Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ մեր երկրի ռազմավարական մոտեցումները՝ հաշվի առնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առկայությունը և դրա արդյունքում ձևավորված 43 հարուստ երկկողմ օրակարգը, ինչը, սակայն, նույնպես ընդունված փաստաթղթում անհրաժեշտ ձևով չի արվել:

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հ. Գ. Արցախի հարցին վերաբերվող հատվածը՝ հաջորդիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31