«Նախորդ՝ մերժված իշխանությունը ռեւանշի է գնում: Մերժված Սերժ Սարգսյանն ակտիվացել է: Ես իրենց գործելաոճը միշտ բնութագրել եմ որպես ոհմակային»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին օրերին հայտարարություններով է հանդես գալիս:
«Տեսնում են, որ երկրում խնդիր կա՝ համաճարակ, որը կարող է ցանկացածին սպառնալ: Օգտվում են թույլ վիճակից, որովհետեւ համաճարակի պայմաններում շատ խնդիրներ կան, եւ կեղծ լուրեր են տարածում՝ ձգտելով մարդկանց շրջանում հիասթափություն առաջացնել»,-համոզմունք հայտնեց Դավիթ Սանասարյանը:
Նրա բնորոշմամբ՝ իշխանության խնդիրը պետք է լինի գործել այնպես, որ բամբասանքներն ու քարոզչամիջոցները նշանակություն չունենան:
«Իշխանությունն ավելի շատ պետք է աշխատի այս ուղղությամբ: Նախորդ հանցագործ ռեժիմը, որին ժողովուրդը մերժել է, փորձում է վերադառնալ: Վստահ եմ, որ ժողովուրդը չի մոռացել նրանց արածները, թե ինչպես են հարստացել, ինչպես են մարտի մեկ սարքել, ինչ սկանդալային գործերի հետեւում են կանգնած»,-եզրափակեց Դավիթ Սանասարյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ